Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չի մասնակցի ԿԲ ընտրություններին, իսկ ՕԵԿ-ականները կքվեարկեն ազատ

Մայիս 19,2014 17:43

Մկրտիչ Մինասյանի դիֆերամբը Ջավադյան գերդաստանին

«ԿԲ-ն անթերի է եղել իր գործողությունների մեջ, բայց դա չի նպաստել երկրի տնտեսության զարգացմանը»,- այսօր խորհրդարանում`«ԿԲ նախագահի նշանակման մասին» հարցի քննարկումների ժամանակ իր ելույթում նման եզրահանգման եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը`մինչ այդ մի շարք թվային տվյալներ բերելով: Այս իրավիճակում Գեղամյանը գտնում է, որ «ԿԲ-ի մասին օրենքի փոփոխությունը հրամայական է»:

Եթե ճգնաժամային իրավիճակը էլ ավելի սրվի ու խորանա, ըստ պատգամավորի, բնականաբար, Հայաստան եկող տրանսֆերտները կպակասեն հատկապես ՌԴ-ից, քանզի Հայաստան մտնող տրանսֆերտների 90-ից ավելի տոկոսը հենց ՌԴ-ից է: Սա է պատճառներից մեկն էլ, որ Գեղամյանն առաջարկում է ԱԺ-ն իր ձեռքը վերցնի ԿԲ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Վերջում նա ասաց, որ ԱԺ-ն պետք է օգնի Արթուր Ջավադյանին, որ իր հետագա պաշտոնավարումը շարունակի պատվով`ոլորտի զարգացումն ու տնտեսության վրա անդրադարձն ակնհայտ դարձնելով, հատկապես, երբ այդ խնդիրները նաեւ նախագահի ծրագրի հիմնադրույթներից են:

Ջավադյանների գերդաստանին դիֆերամբներ ձոնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը`ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին բնորոշելով այսպես. «Գործն իմացող, անալիտիկ մարդ, չկա ցուցափեղկային հայրենասիրություն» եւ այլն:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը կմասնակցի ընտրություններին`ազատ թողնելով իրենց պատգամավորներին սեփական ընտրության հարցում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մանրամասն եւ պատկերավոր ներկայացրեց, թե ինչպե՞ս են մարդիկ կքած վարկերի տակ`ի վերջո, բռնելով արտագաղթի ճանապարհը: «Այսօր խմբակցության հետ հանդիպման ժամանակ պարոն Ջավադյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու են այդ վարկերի տոկոսներն աննախադեպ բարձր: Բայց այստեղ հակասություն կա, քանի որ 98 տոկոս վերադարձելիության մակարդակ ունենք, այդ դեպքում ռիսկայնությունը ապահովված է»,- ասաց նա`նկատելով որ հիմնավոր չեն Ջավադյանի ներկայացրած հակափաստարկները ու անհասկանալի է, թե ինչո՞ւ է կայուն զարգացած բանկային համակարգի պայմաններում տնտեսությունն օրեցօր փլուզվում:

Նաիրա Զոհրաբյանը համամիտ է այն մասնագետների հետ, ովքեր գտնում են, որ հայաստանյան բանկային համակարգը «լոմբարդային» ֆունկցիայով է աշխատում: Նա տարակուսեց, որ ԿԲ-ն ի վիճակի չէ գնաճի զսպում ապահովել, գոնե պարենային նվազագույն զամբյուղի մասով: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն նախագիծ է պատրաստում, որը ենթադրելու է «խաղի ճշգրտված» կանոններ`սահմանելով վարկային տոկոսների վերին եւ ներքին շեմ:

Ապա դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին`հավելեց. «Ձեր անձի դեմ ոչինչ չունենալով ԲՀԿ-ն, այնուհանդերձ, չի մասնակցի ԿԲ նախագահի ընտրություններին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031