«Չարժե ուշադրություն դարձնել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները», կամ այն, որ նա ասել է, թե չի կարող այս խաղաղությունը երկար պահպանվել, այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Այնուհետև շեշտեց, «Ցավում եմ, որ հիմնական դերակատարներին տարածաշրջանում, որ կարող են խնդրի կարգավորման մեջ որոշակի դերակատարություն ունենալ, այսօրվա դրությամբ ոչ արցախցի, ոչ ադրբեջանցի ժողովրդի ճակատագիրը չի հետաքրքրում: Այն, ինչ ասեց Ուորլիքը, ամենևին չի բխում հայերի շահերից: Կամ, որ տեսնում ենք, թե այսօր ամերիկյան մամուլում ինչպես են ուդիներին ցույց տալիս՝ որպես ազգային փոքրամասնություններ, թե Ադրբեջանը ինչ ժողովրդավար երկիր է: Ուորլիքը նույնիսկ չգիտի, որ փախստականներ կան նաև ադրբեջանական կողմից»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը տրամագծորեն հակառակ կարծիքի է: Նա նշեց, թե Ուորլիքի հայտարարությունը հօգուտ Հայաստանի է ու հեգնեց. «Մենք շախմատային գերտերություն ենք, նախանշաններ կան, որ առաջիկայում կդառնանք ֆուտբոլային, քանի որ ցանկացած տաղավարում, որտեղ նարդի են խաղում, աշխարհաքաղաքական վերլուծություններ են անում: Շավարշ Քոչարյանից բացի, հայ ժողովուրդը դիվանագիտության դաշտում է»:
Անդրադառնալով կոնկրետ Ուորլիքի հայտարարությանը` պարոն Արշակյանն ասաց. «Աշխարհը պաշտպանում է մեր ունեցած կարգավիճակը: Այս հայտարարությամբ ֆիքսվում է, որ քսան պետություններ և ՌԴ-ն տեր են այդ կարգավիճակին, այսինքն` թույլ չեն տա, որ կարգավիճակը փոխվի: Ուորլիքի հայտարարության ուղերձն այն է, թե Ադրբեջան, դու մնա քո տեղում, և Ղարաբաղի կարգավիճակը կփոխենք, եթե Ադրբեջանը դառնա մարդու իրավունքները հարգող երկիր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ