Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահ. «Պարտադիր աուդիտին ես ինքս կողմնակից եմ եղել մշտապես»

Մայիս 19,2014 15:24

Այսօր ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին ԿԲ նախագահի պաշտոնում իրեն վերանշանակելու համար, հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դժգոհեց, որ ԿԲ-ն լավ կանխատեսումներ չի անում՝ տնտեսական աճի հետ կապված, գնաճի հետ կապված:
Արթուր Ջավադյանն ասաց, որ թիմը ուժեղացրել են. «Ես նշել էի, որ էներգակիրների բարձրացումը բերելու է 2 տոկոս ուղղակի ազդեցություն գնաճի վրա եւ 1 տոկոս՝ անուղղակի»: Նա նշեց, որ փոխարենը՝ ծառայությունների գնանկում ունեն. «Ինտերնետի գները չեք կարող համեմատել 5 տարի առաջվա հետ»:

Միքայել Մելքումյանի դիտարկմանը որ վարկերի տոկոսադրույքները բարձր են, երբ վարկ եք տալիս, չի խթանում բիզնեսը՝ ԿԲ նախագահը պատասխանեց. «Ծավալուն աշխատանքներ են արվում: Իհարկե, բանկերն իրենց թշնամիները չեն»:

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաեւ փոխարժեքի տատանումներին եւ ԿԲ նախագահից պարզաբանում պահանջեց. «2009-ի մարտի 2-3-ին փոխարժեքի կուրսի կտրուկ բարձրացում եղավ: Ասում եք դրամով պահենք մեր խնայողությունները: Դա անհնար է, եթե այդպիսի ռիսկեր կան: Դուք ասել եք, որ կան ոչ ստանդարտ խաղի կանոններ»:

Արթուր Ջավադյանը պատասխանեց. «2009-ի մարտի 2-ից առաջ էլ մի շարք միջոցառումներ իրականացվեցին, մենք փորձեցինք բավարարել բոլոր թափանցիկ հաշիվ ունեցող հաճախորդներին, տնտեսվարողներին: Մենք այդտեղ պիոներ չէինք, առաջին անգամ չեղավ: ՌԴ-ն այլ ճանապարհով գնաց՝ 3 ամսվա ընթացքում արժեզրկեց իր ազգային արժույթը: Միջազգային կառույցները մեր արածը գնահատել են բարձր՝ լավագույններից մեկը: Արվել է ամեն ինչ, որ որեւէ մեկը խնդիր չունենա»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարցրեց՝ ի՞նչ քայլեր եք անելու, որպեսզի ՀՀ-ում ստեղծեք մի միջավայր, որը թույլ կտա երկար փողեր ապահովել: Արթուր Ջավադյանն ասաց, որ երկար փողերի համար կենսաթոշակային ռեֆորմներն են կարեւոր:

Թեւան Պողոսյանը նաեւ հետաքրքրվեց՝ «Դուք ներկա էիք պարտադիր աուդիտի հանման խնդրի քննարկմանը, ասել եք, որ ՀՀ-ում կան բանկեր, որոնք պատրաստ են ներդնել շուկայում, բայց ասում են, որ բարեխիղճ բիզնես կամ ոլորտ չկա, որ ներդնեն: Հիմա որ աուդիտը հանեն՝ կնպաստե՞ն բարեխիղճ բիզնես ստեղծելուն» : Ըստ ԿԲ նախագահի՝ «Պարտադիր աուդիտին ես ինքս կողմնակից եմ եղել մշտապես: Ճիշտ չի, որ ձեռնարկությունները խուսափում են հաշվետու լինելուց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031