Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարսն ու սկեսուրը միասին չպետք է ապրեն (Տեսանյութ)

Մայիս 19,2014 14:58

Սկեսուրի բռնությունը հարսի նկատմամբ չէր համարվի ընտանեկան բռնություն, եթե
հարսը սկեսուրի հետ չապրեր նույն հարկի տակ: Հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը գտնում է, որ նոր ամուսնացած զույգը ոչ մի դեպքում չպետք է ապրի սկեսուր-սկեսրայրի հետ, որովհետեւ առանձին ընտանիք է: Ըստ հոգեբանի, Հայաստանում սկեսուրների կողմից բռնությունը հաճախ հանդիպող երեւույթ է, բայց այդ մասին, որպես բռնության տեսակ, հազվադեպ է բարձրաձայնվում:

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում Սիրանույշ Անդրեասյանը եւ փաստաբան Ասյա Օվանյանը մտահոգություն հայտնեցին, որ ընտանեկան բռնության մասին օրենք չունենալու պատճառով է, որ մեր երկրում բռնության ենթարկված քաղաքացիները չեն կարողանում մինչեւ վերջ պաշտպանել իրենց իրավունքները:

Ըստ Սիրանույշ Անդրեասյանի, մեզ մոտ տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում. օրինակ` մայրը` որդուն, կինը` ամուսնուն: Սակայն, ի տարբերություն կանանց, բռնության ենթարկված տղամարդկանց դեպքերը ավելի հազվադեպ են: Հոգեբանի մեկնաբանությունները` տեսանյութում

Ասյա Օվանյանի խոսքերով, շատ է պատահում, երբ բռնության ենթարկված կինը մինչեւ վերջ, հետեւողականորեն պաշտպանում է իր իրավունքները, մասնագետի ներկայացմամբ, որպես կանոն, կանանց մեծ մասն իր ձեռքով գրած դիմումը հետ է վերցնում ոստիկանությունից: Այս գործում մեր երկրում իրենց դերն ունեն նաեւ ոստիկանները, որոնք համոզում են դիմումը հետ վերցնել: Aravot.am-ի հարցին, թե ընտանիքը չե՞ն ուզում քանդվի, թե տղամարդկային սոլիդարությունն է ոստիկանի մեջ խոսում, փաստաբան Ասյա Օվանյանն ասաց, որ ոստիկաններն էլ, վստահ լինելով, որ կինը ճանապարհի կեսից հետ է վերցնելու դիմումը, հենց սկզբից նման խորհուրդ են տալիս, պատահում է անգամ հոգեբանական ճնշում են գործադրում:

Հոգեբանի ներկայացմամբ, այն տղաները, որոնց մայրերը երես են տալիս փոքրուց ու փայփայում, ավելի շատ է հավանականությունը, որ բռնարար կմեծանան:

Մայրական խանդը սեփական որդու կանանց նկատմամբ էլ, հոգեբանի մեկնաբանմամբ, ենթագիտակցորեն է լինում. «Մայրը ենթագիտակցորեն չի հանդուրժում ուրիշ կնոջ իր տղայի կողքին: Մենք չենք կտրում երեխայի «պորտալարը» մորից»:

Հարցին, թե որքանո՞վ են սոցիալական վատ պայմաններն ազդում ամուսնական զույգերի հարաբերություններ վրա, Ասյա Օվանյանն ասաց. «Եթե կինը տնտեսապես անկախ լինի, բանը չի հասնի բռնության, հիմնականում, մեզ մոտ կինը չի աշխատում եւ երեխաներին է խնամում, նա տնտեսապես կախված է ամուսնուց»:

Ըստ փաստաբանի, մեր երկրում խիստ ցածր է նաեւ ալիմենտի չափը` նվազագույնը 15 հազար դրամ է եւ դրա չափը սահմանում է դատարանը: Եթե տղամարդիկ չեն աշխատում կամ թաքնված են աշխատում, որպես կանոն, այդքան գումար է նրանց վրա որպես ալիմենտ դրվում:

Փաստաբանի պրակտիկայում, ինչպես ինքն է ասում, անթասիբ տղամարդիկ շատ են հանդիպել, երբ դատարանում իրենց գործազուրկ են դարձնում` ասելով, որ իրենք պատրաստ են ամեն ինչով երեխային ապահովել, բայց ոչ մի դեպքում այդ գումարը չեն տա երեխայի մորը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031