Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վաղ ախտորոշումը կնվազեցնի ՄԻԱՎ վարակի փոխանցման հավանականությունը»

Մայիս 19,2014 14:33

«Հայաստանում հիվանդների մոտ ՄԻԱՎ վարակի ախտորոշումը կատարվում է արդեն բավականին ուշ շրջանում, որից հետո հնարավոր չի լինում փրկել հիվանդի կյանքը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հասարակության մեջ դեռ ձեւավորված չէ այն ավանդույթը, որ պետք է պարբերաբար հետազոտվել».- այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը:
Առանձնացնելով այն հանգամանքը, որ մայիսի 18-ը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն է, տիկին Պետրոսյանը նշեց, որ վարակի վաղ ախտորոշումը հնարավոր է դարձնում ոչ միայն ժամանակին բուժում ստանալ, այլ նաեւ դրա շնորհիվ նվազեցնել ՄԻԱՎ վարակի փոխանցման հավանականությունը:

Նշենք, որ 1988 թվականից մինչեւ 2014 թվականը Հայաստանում ՄԻԱՎ վարակի 1730 դեպք է գրանցվել: ՄԻԱՎ վարակով հիվանդների գերակշռող մասը ՝ 1206 հոգի (70 տոկոս) արական սեռի ներկայացուցիչներն են եղել, մինչդեռ վարակվածներից 524 հոգին են եղել իգական սեռի ներկայացուցիչներ: Վարակի 36 դեպք գրանցվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ վարակը Հայաստանում փոխանցվում է հիմնականում հետերոսեքսուալ ճանապարհով եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով: Նաեւ գրանցվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ-ի վարակման դեպքեր:

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանը տեսակետ հայտնեց, որ ՄԻԱՎ-ից մահանալն անհեթեթություն է. « ՄԻԱՎ-ի ախտորոշումն ու բուժումն այսօր աշխարհում այն մակարդակի է հասել, որ մարդը կարող էր ապրել այնքան, որքան առանց ՄԻԱՎ-ի: Մարդիկ վախենում են հետազոտվել , տարեցտարի ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը աճում է»:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության ջատագովության մասնագետ Օլյա Ալեքսանդրովան էլ, անդրադառնալով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար ֆինանսավորման խնդիրներին, հորդորեց Հայաստանի իշխանություններին երկրի պետական միջոցներից գումար հատկացնել՝ վարակի դեմ պայքարի նպատակով. « Չնայած այն հանգամանքին, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար «Գլոբալ ֆոնդ» միջազգային հիմնադրամը Հայաստանին գումար է տրամադրում , այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի սեփական երկրի միջոցները նույնպես կենտրոնացնել վարակի դեմ պայքարի եւ բուժման համար գումարներ տրամադրելու նպատակով: Եթե «Գլոբալ ֆոնդ» հիմնադրամի կողմից դադարեցվի ֆինանսավորումը, ապա Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կկանգնի, դրա համար ֆինանսավորման մասին պետք է սկսել մտածել հենց այս պահից»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031