Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե «Սմերչը» կրակի Արցախի վրա, մենք ՌԴ-ի հետ լուրջ խնդիր կունենանք»

Մայիս 19,2014 14:30

«Երբ անցնի պատշաճ ժամանակահատված, եւ մենք հնարավորություն ունենանք նոր կառավարության գործունեությունը դիտարկել համակարգի մեջ, այն ժամանակ էլ կխոսենք»,- «Առավոտի» հարցին` ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդիր է լուծում նոր վարչապետը՝ սրբագրելով իր նախորդի քաղաքականությունը եւ մեկը մյուսի ետեւից հարկային բեռը թեթեւացնելուն ուղղված քայլեր նախաձեռնելով, ասաց ՍԴՀկ ատենապետ Նարեկ Գալստյանը: Հիշեցնենք. վերջինս Տիգրան Սարգսյանի օգնականն էր, սակայն նրա հրաժարականից ավելի վաղ էր պաշտոնին հրաժեշտ տվել` ստանձնելով ՍԴՀԿ-ի ատենապետությունը: Նկատենք, որ բացի գործարարների հետ վերջին հանդիպումից եւ զրույցից՝ հարկային բեռը թեթեւացնելուն միտված մի շարք նախագծեր էլ այս օրերին քննարկվեցին ու դեռ պետք է քննարկվեն խորհրդարանում:

Նարեկ Գալստյանն ասաց, որ գերադասում է մեր հարցերին պատասխանել ոչ թե որպես նախկին վարչապետի նախկին օգնական, այլ որպես ՍԴՀԿ ատենապետ, ու հիշեցրեց, որ հարյուրամյակից ավելի պատմություն ունեցող իրենց կուսակցությունը մշտապես դեմ է եղել 1990-ականներից Հայաստանում իրականացվող «հարկային տեռորին», որը կիրառվել է ՀՀ-ում բոլոր ազնիվ աշխատող գործարարների հանդեպ: «Ավելին, մենք կողմ ենք հարկային ամնիստիային, կողմ ենք, որպեսզի նոր ձեւավորվող բիզնեսը, նոր գրանցվող ՍՊԸ-ները գոնե երեք ամսով ազատվեն բոլոր հնարավոր հարկերից: Մենք ամեն օր շփվում ենք բազմաթիվ գործարարների հետ, ովքեր միաբերան դժգոհում են, որ հենց հիմնում են ինչ-որ ընկերություն` հաջորդ օրվանից ստիպված են լինում անվերջ շղթայով շփվել պետական կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք գալիս են ոչ թե որպես ընկեր, այլ իբրեւ պատժող, ովքեր իրենց ընկալում են բացառապես որպես «փողի տոպրակ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ցանկացած բիզնես նախեւառաջ աշխատատեղ է, ու բնավ էլ կարիք, առավել եւս՝ իմաստ չկա մարդկանց մոտենալ «հանցագործի նախատրամադրվածությամբ». աշխատելու հնարավորություն պետք է տալ բոլորին:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին էլ՝ մեր զրուցակիցը մեկ անգամ եւս նկատեց, որ ՍԴՀԿ-ն ավանդաբար հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների կողմնակից է եղել, ու այժմ էլ գտնում են, որ ՄՄ-ն Հայաստանի համար ամենեւին էլ վատ ապագա չէ: Միաժամանակ, նա չի ընդունում վերջին շրջանում ՀՀ-ում ՌԴ դեսպանի արած հայտարարությունները, այլ ռուս գործիչների համանման կեցվածքը, ովքեր խոսում են հայ-ռուսական բարեկամությունը իբր խաթարողների նկատմամբ ռեպրեսիաների կիրառման մասին:

«ՄՄ-ին կամ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը չպետք է լինի պարտադրված: Մենք երբեք որեւէ խնդիր չպետք է ունենանք` քննադատելու մեր գործընկերների գործողությունները: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչ»-երի հսկայական քանակը տեղավորվում է հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամության համատեքստում: ՌԴ-ն, այո, մեզ բարեկամ երկիր է, ՀՀ-ի անվտանգությունն, այո, սերտորեն կապված է ՌԴ-ի անվտանգության համակարգի հետ, բայց մենք իրավունք ունենք եւ պարտավոր ենք խոսել բոլոր այն մտահոգությունների մասին, որոնք կան: Աստված մի արասցե, եթե այդ «Սմերչ»-երը կրակեն Արցախի ուղղությամբ, մենք մեր ռազմավարական գործընկերներին լուրջ հարցեր կունենանք տալու»,- ասաց մեր զրուցակիցը` ՀՀ իշխանություններին հորդորելով գոնե մեր երկրի համար ռազմավարական նշանակության հարցերում փոքր-ինչ կոշտ դիրքորոշում ունենալ. «Երբ ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարեց, որ Հայաստանը պետք է զիջի «օկուպացված» տարածքները, ՀՀ ԱԳՆ-ն մի քիչ ավելի խիզախ եւ տղամարդավարի կեցվածք պետք է ընդուներ, քան մի քանի օր անց հնչած մարսված եւ մտածված հայտարարություններն էին: Աշխարհը մեզ կհարգի եւ կհասկանա միայն այն դեպքում, երբ մենք մեր ազգային շահերը կարողանանք հպարտությամբ եւ համառությամբ ներկայացնել բոլորին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ինչ հարցասեր ազգ եք:Լուրջ հարցեր են տալու ՌԴ-ին: Ձեզ տվեք հարցերի հարցը, ձեզ:Ինքնախաբեությունը ի վերջո խաբեության զոհն է դառնում:Աշխարհում ոչ մեկի մեղադրելու իրավունք չունեք:Ձեր միակ թշնամին դուք եք:Հայի թշնամին հայն է, էթնոսն է այդպիսին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031