Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումները չեն խոչընդոտում սոցիալ-տնտեսական բարեփոխումներին

Մայիս 19,2014 14:20

Կարծում է սահմանադրական բարեփոխումների
հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը

– Պարոն Ղազինյան, վերջին շրջանում հաճախ կարծիքներ են հնչում, որ այս պահին ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրները պահանջում են սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտություն, եւ չկա որեւէ կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Որքանո՞վ են արդի փուլում սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ մեր հասարակությանը:

– Կարծում եմ, որ Ձեր հարցն անհրաժեշտ է դիտարկել երկու հիմնական հարթությունների տեսանկյունից: Առաջին հերթին անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հասարակական հարաբերությունները դինամիկ բնույթ ունեն եւ գտնվում են անընդհատ զարգացման ու փոփոխման ընթացքում: Այդ է պատճառը, որ միշտ էլ առաջանում է դրանց կանոնակարգմանն ուղղված իրավակարգավորումների բարեփոխման անհրաժեշտություն:

Դա առաջին հերթին վերաբերում է Սահմանադրությանը, քանզի հենց վերջինս է իրավական ամբողջ համակարգի հիմքն ու բնականոն զարգացման գրավականը: Հետեւաբար, Սահմանադրությունը` որպես հիմնական օրենք, պետք է հասարակական միջավայրի առաջընթացի խթան հանդիսանա եւ որեւէ իրավիճակում չվերածվի փաստացի փոփոխված հասարակական հարաբերությունների գոյության ու զարգացման խոչընդոտի:
Միեւնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ սահմանադրական զարգացումները պետք է հանդես գան որպես համալիր բնույթ կրող գործընթաց՝ ընդգրկելով ոչ միայն որոշակի տեքստային փոփոխություններ, այլ նաեւ համարժեք իրավական մշակույթի ձեւավորում: Այդ առումով ակնհայտ է, որ որքան էլ կատարյալ լինեն տեքստային կոնկրետ լուծումները, դրանք երբեւէ չեն կարող հասարակական հարաբերությունների ելակետային կարգավորիչ դառնալ, եթե չլինի համարժեք իրավական մշակույթ ու կայացած քաղաքացիական հասարակություն: Եզրահանգումը մեկն է՝ նշված քայլերի իրականացումը պետք է բոլոր դեպքերում միաժամանակյա բնույթ կրի եւ չի կարող հաջողություն ունենալ դրանցից թեկուզ մեկի, այդ թվում՝ սահմանադրական տեքստային փոփոխությունների բացակայության պարագայում:

Ընդգծեմ նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը որեւէ կերպ չի բացառում սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը եւ չի խոչընդոտում դրանց արդյունավետ իրականացմանը: Հակառակը` հենց սահմանադրական զարգացումներն են ընկած մյուս բոլոր ոլորտների առաջընթացի հիմքում, եւ այդ տեսանկյունից սահմանադրական բարեփոխումները ելակետային նշանակություն ունեն նաեւ վերը նշված գործընթացների համար: Միեւնույն ժամանակ, չնայած վերը շարադրված բոլոր նկատառումներին՝ հարկ է հաշվի առնել հիշյալ հարցին առնչվող կարեւորագույն հանգամանքը` ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հետեւաբար անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է ներկայացվել հիշյալ նախաձեռնությունը, ում կողմից են մշակվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը եւ նախագիծը (տվյալ պարագայում հայեցակարգը եւ նախագիծը համապատասխանաբար մշակվում եւ մշակվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի խնդիրը հստակ է` քննարկել եւ վերլուծել առկա իրավիճակը, բացահայտել գոյություն ունեցող թերությունները՝ առաջարկելով դրանց հաղթահարման հնարավոր տարբերակներ), բոլոր դեպքերում ժողովուրդն է գնահատական տալու այն հարցին, թե արդյոք սահմանադրական բարեփոխումներն անհրաժե՞շտ են մեր հասարակությանը, եւ որքանո՞վ են դրանք բխում հասարակական պահանջմունքներից:

– Հայեցակարգի նախագծի հրապարակումը առիթ հանդիսացավ հասարակական բուռն քննարկումների: Տպավորությունն այնպիսին էր, որ հենց այն է դրվելու սահմանադրական առաջիկա փոփոխությունների հիմքում: Ի՞նչ կարծիքի եք այդ հանգամանքի առնչությամբ. կարելի՞ է արդյոք պնդել, որ հայեցակարգի հրապարակված նախագիծն ինքնին կանխորոշում է սահմանադրական բարեփոխումների հետագա ամբողջ գործընթացի ճակատագիրը:

– Հարկ եմ համարում առաջին հերթին ընդգծել, որ հրապարակվել է ոչ թե հանձնաժողովի կողմից ընդունված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տեքստը, այլ վերջինիս նախագիծը: Այդպիսով, սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում առաջին անգամ տրվել է հայեցակարգի հրապարակային քննարկման նման լայն հնարավորություն՝ առաջին հերթին նախագծում նախատեսված այլընտրանքային լուծումների առումով: Մասնագիտական հանձնաժողովի խնդիրն է եղել քննարկել եւ վերլուծել առկա իրավիճակը, բացահայտել գոյություն ունեցող թերությունները՝ առաջարկելով դրանց հաղթահարման հնարավոր տարբերակներ:
Նախատեսված եւ այժմ ակտիվորեն իրականացվող հասարակական քննարկումների արդյունքում միայն մասնագիտական հանձնաժողովը քվեարկությամբ կընդունի հայեցակարգի վերջնական տեքստը, որում տեղ կգտնեն ներկայացված հիմնախնդիրների լուծման կոնկրետ տարբերակները: Դրանք էլ կլինեն այն հիմնական ուղենիշները, որոնք հիմք կհանդիսանան սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման համար:

– Հայեցակարգի նախագծի հրապարակումից հետո լայնորեն քննարկվում է այն հանգամանքը, որ ՀՀ-ն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձեւին: Որքանո՞վ է հիմնավորված ու իրատեսական հիշյալ մոտեցումը:

– Տրամաբանական է, որ կառավարման ձեւին առնչվող հարցերն են առաջին հերթին հասարակական նման բուռն քննարկումների առարկա դարձել, քանի որ հենց վերջինիս առնչվող լուծումներից են մեծապես կախված այլ ինստիտուտներին վերաբերող հայեցակարգային մոտեցումներն ու սահմանադրական կարգավորումները: Ինչպես նշեցի, հայեցակարգի հրապարակված նախագծում առաջարկվել են առկա հիմնախնդիրների լուծման որոշակի այլընտրանքային տարբերակներ, որոնց թվում է նաեւ կառավարման ձեւին առնչվող լուծումը: Այս հարցի առնչությամբ նույնպես հանձնաժողովը վերջնական համոզմունք չի արտահայտել, ներկայացրել է դրան առնչվող հիմնախնդիրները, առաջարկել որոշակի այլընտրանքային լուծումներ այդ առնչությամբ եւ վերջինիս վերաբերյալ վերջնական մոտեցում կձեւավորի այս փուլում իրականացվող քննարկումների արդյունքում: Ընտրված վերջնական տարբերակն էլ հիմք կհանդիսանա սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացի համար:

Հասարակության որոշակի շերտեր, այդ թվում` քաղաքական որոշ ուժեր, բազմիցս փորձել են եւ շարունակում են հիմնավորել խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ այդ հանգամանքը հաշվի առնելով` շատ ավելի խնդրահարույց կլիներ հայեցակարգի նախագծում գոնե որպես այլընտրանքային տարբերակ կառավարման, այսպես կոչված, խորհրդարանական ձեւը չնախատեսելը:
– Պարոն Ղազինյան, որո՞նք են դատական իշխանությանն առնչվող հիմնական հայեցակարգային մոտեցումները: Մասնավորապես, վերջին շրջանում հաճախ է խոսվում դատական երկաստիճան համակարգին անցում կատարելու մասին: Արդյոք իրատեսակա՞ն են նմանատիպ սահմանադրական փոփոխությունները:

– Նշեմ, որ դատական երկաստիճան համակարգի ձեւավորումը նույնպես հայեցակարգի հրապարակված նախագծի այլընտրանքային լուծումներից մեկն է: Այս դեպքում եւս առաջնորդվել ենք նույն տրամաբանությամբ` քննարկման համար առաջարկել օբյեկտիվորեն հնարավոր տարբերակներ` ներկայացնելով դրանց դրական եւ բացասական կողմերը: Հիշյալ հիմնախնդրի առնչությամբ քննարկումներ են նախատեսված մասնագիտական լայն լսարանի հետ (այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների), ինչի արդյունքում միայն կընտրվի առավել ընդունելի տարբերակը, որն էլ հանձնաժողովի կողմից որպես լուծում կառաջարկվի հայեցակարգում:
Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ սահմանադրական բարեփոխումների առաջնահերթ հայեցակարգային խնդիրներից մեկն անկախ, ինքնուրույն եւ հաշվետու դատական իշխանության կայացումն է: Այս համատեքստում կարեւորվում է արդարադատության խորհրդի դերի եւ գործունեության արդյունավետության բարձրացումը: Սահմանադրական այս մարմինն առաջին հերթին պետք է ունենա կառուցակարգային անկախության այնպիսի մակարդակ, որով ապահովագրված կլինի ոչ իրավաչափ կամ հայեցողական ազդեցություններից: Բացի դրանից՝ արդարադատության խորհրդին հարկ է օժտել սահմանադրական այնպիսի գործառույթներով, որոնցով այն ի զորու կլինի գործուն դեր կատարել դատական իշխանության անկախության ու ինքնուրույնության ապահովման հարցերում: Այս առումով, ի թիվս այլնի, նոր իրավակարգավորման կարիք ունեն արդարադատության խորհրդի ձեւավորմանը, այս մարմնի կազմին եւ լիազորությունների շրջանակին վերաբերող հարցերը:

– Ի՞նչ այլ հայեցակարգային լուծումներ են առաջարկվել հանձնաժողովի կողմից, որոնք նույնպես առանցքային եք համարում:

– Հանձնաժողովի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային բոլոր մոտեցումներն էլ բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության բնականոն զարգացման համար: Այդ առումով չէի ցանկանա դրանցից որևէ մեկը հատուկ առանձնացնել, սակայն հաշվի առնելով այն, որ արդեն խոսեցինք հայեցակարգային առանձին հիմնադրույթների մասին՝ ավելացնեմ, որ ելակետային եմ համարում նաև իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները, սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները, հանրաքվեի սահմանադրական երաշխիքները: Առանձնահատուկ կարևորում եմ պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությանն առնչվող հայեցակարգային մոտեցումները: Այդ առումով կարևոր է, որպեսզի երաշխավորվի պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությունն իրենց լիազորությունների իրականացման հարցում: Սահմանադրական բոլոր ինստիտուտների համար Սահմանադրությամբ և/կամ օրենքով պետք է հստակ սահմանվեն գործառույթը, լիազորությունների դաշտը, յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ գործունեության արդյունքների հրապարակային ամփոփման կարգը։ Ավելին, գտնում եմ, որ վերը նշված հանգամանքը պետք է նախատեսված լինի սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվող սկզբունքների շարքում:

Հավելեմ նաև, որ հայեցակարգի նախագիծը չի հավակնում առաջարկված լուծումների առումով կատարյալ լինելու: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ներկայացված նախագծում տեղ են գտել քննարկվող հարցերի առնչությամբ այն հիմնական հայեցակարգային մոտեցումները, որոնք հնարավորություն կտան լուծելու մեր հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրները՝ հիմքում ունենալով այն հիմնական սկզբունքը, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատություններն են բարձրագույն արժեքը:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031