«Կինը ապրանք չէ, երեխա ունենալու մեքենա չէ, և եթե ընդգրկված չէ հասարակական կյանքում նա չի կարող լինել լիարժեք մայր…, մանավանդ ձեր նման փոքր երկիրն իրավունք չունի կորցնելու բնակչության կեսից ավելիի ներուժը»,- այս խոսքերով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդը Օսոթիմեյնը խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը դիտարկել զարգացած երկրների փորձը.
«Ամեն ինչ, անգամ երկրի տնտեսական զարգացումն ի վերջո կախված է իրավունքների պաշտպանությունից, եթե պաշտպանված է կինը, լիարժեք ընդգրկված հասարակական կյանքում, ապա զարգանում է նաև պետությունը, սա արդեն աքսիոմա է»:
Այս աքսիոմայի ապացույցները ապրիլի 23-25-ին Ստոկհոլմում կայացած Բնակչության և զարգացման համաժողովին ներկայացնում էին գրեթե բոլոր զարգացած երկրների պատգամավորներն ու նախարարները, ցույց տալով իրենց երկրներում կանանց դերի բարձրացման և տնտեսական աճի ուղիղ կապը:
Կարդացեք նաև
«Կանանց դերի բարձրացումը պարզապես երկարաժամկետ, բայց կարելի է ասել 200 տոկոսով վերադարձելի ներդրում է: Հարյուր տարի առաջ մենք Եվրոպայի ամենաաղքատ, փոքր, առանց բնական ռեսուրսների երկիրն էինք, սակայն հենց այս սկզբունքի շնորհիվ, կանանց՝ հասարակական բոլոր շերտերում ակտիվ ներգրավվածության միջոցով, այսօր բարեկեցիկ ու սոցիալական ամենաապահով երկրներից ենք»,- ասում է Շվերդիայի Ազգային Ժողովի պատգամավոր Հանս Լինդեն, ի դեպ, նա հենց այն պատգամավորն է, ով 2012-ին նախաձեռնել և հեղինակել էր ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որով Շվեդիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:
Ստոկհոլմի խորհրդարանականների մեծածավալ համաժողովը, որ մեկտեղել էր 134 երկրների 260 պատգամավորների, ամփոփում էր 1994թ. Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման համաժողովի գործողությունների ծրագրի միջոցով արձանագրված առաջընթացը, քննարկվում էին ողջ աշխարհում բնակչության ծերացման, կանանց դերի բարձրացման, իրավունքների, կանանց և դեռահասների վերարտադրողական առողջության, երեխաների ամուսնությունների սարսափելի «ավանդույթների», անօրինական աբորտների ու ընտանեկան բռնությունների խնդիրները:
Համաժողովին Հայաստանից մասնակցում էին երկու կին պատգամավորներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանն ու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Մեր երկիրն, իհարկե, կանանց դերի բարձրացման առումով առաջընթաց արձանագրել է, բայց ոչ նշանակալի. 131 պատգամավորներից դեռևս միայն 14-ն են կին, 19 նախարարներից միայն՝ 2-ը, Երևանի ավագանու 52 անդամներից կին են ընդամենը 5-ը, իսկ վարչական 12 շրջաններից ոչ մեկի ղեկավարը կին չէ:
«Մեր հասարակությունը տիպիկ պատրիարխալ է և, չնայած օրենսդրական դաշտը լիովին ապահովում է հավասարություն, սակայն, իրականության մեջ, հավասարությունից դեռ շատ հեռու ենք, մտածելակերպը չի փոխվում տարիներով, դրա համար սերունդներ են հարկավոր»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը:
Հայաստանում դեռ շատերը վստահ են, որ կնոջ տեղը «խոհանոցում է»:
«Տղամարդն իրավունք ունի ապտակելու իրա կնոջը, 100 տոկոս: Ես սոցիալիստ եմ, իսկ դուք ձեր եվրոպական գենդերներով հայ ընտանիք եք քանդում, եվրոպական ձեր մոտեցումներով հայ ընտանիք մի՛քանդեք…»:
Այս խոսքերը հնչեցին անցյալ շաբաթ, ընտանեկան բռնության զոհ դարձած, 9-ամյա ամուսնական կյանքի ընթացքում խոշտանգումների ենթարկված Հասմիկ Խաչատրյանի դատավարությանը, իսկ կանանց ծեծի ջատագովը՝ «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախկին նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, ով 2013-ին անգամ առաջադրվել էր նախագահի թեկնածու:
Առաջին հայացքից ծիծաղելի թվացող այս մտքի համախոհները, ցավոք, Հայաստանում բավական շատ են, և ոչ միայն տղամարդկանց շրջանում, այլ նաև՝ կանանց, որոնց ավելի քան 50 տոկոսն արդարացնում է «մեղավոր կնոջ» վրա ձեռք բարձրացնող տղամարդուն:
Երբ 20 տարի առաջ Կահիրեում կայացավ ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման համաժողովը, որտեղ, ի թիվս հարյուրավոր երկրների, Հայաստանի կառավարությունը ևս ստանձնեց պարտավորություն՝ ծրագրեր մշակել՝ պաշտպանելու կանանց իրավունքները, կանանց ու դեռահասների վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության ու մարդու իրավունքների այլ հիմնարար սկզբունքներ, մեր երկրում ընտանեկան բռնության մասին խոսելը դեռ տաբու էր, մեծագույն ամոթ:
«Ես մասնակցել եմ Կահիրեի համաժողովին և իսկապես այն ժամանակ գրեթե անհնար էր թվում բարձրացնել այդ հարցերը, համախոհներ շատ քիչ կային, բոլորն ասում էին մենք ավանդապահ ենք, մեր ավանդական ընտանիքներում նման բան չկա, խնդրի մերժումից այսօր հասել ենք դրա քննարկմանը, մնում է առավել գործուն մեխանիզմներով նաև պայքարենք»,- ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Այսօր լռությունը ճեղքվել է, չնայած ահարոնյանների նման դեռ շատերը վստահ են, որ «կնոջ տեղը խոհանոցն է», իսկ «անհնազանդության» դեպքում նրան կարելի է «մի հատ էլ դաս տալ»:
Իսկ դասերը հաճախ ավարտվում են դաժան սպանությամբ, ինչպես այս տարվա ընթացքում կատարված արդեն յոթ անմարդկային սպանությունները:
Իհարկե, ընտանեկան բռնությունը խնդիր է անգամ զարգացած երկրներում, օրինակ Ֆրանսիայում ամեն երեք օրը մեկ ընտանեկան բռնության զոհ է դառնում մեկ կին, ողջ Եվրոպայում կանանց մեկ հինգերորդը ենթարկվում է բռնության, բայց քաղաքական գործիչները կոչ չեն անում «ծեծել» ու «դաս տալ» իրենց կանանց, իսկ կանանց իրավունքների պաշտպաններին՝ «վառել» կամ լավագույն դեպքում՝ «վռնդել երկրից»:
«Հայաստանում արձանագրված առաջընթացը հիմնականում ապահովում են հասարակական կառույցները, որոնք ոչ միայն իրականացնում են ուսուցողական, կանանց ներուժի, կարողությունների բարձրացման կանխարգելիչ ծրագրեր, այլև նախադեպային դատավարությունների միջոցով ցույց են տալիս մյուսներին, որ հնարավոր է և պետք է պայքարել»,- ասում է Հայրապետյանը:
Հայաստանում գործում է միայն մեկ ապաստարան, որը բավական քիչ է, եթե հաշվի առնենք միայն ոստիկանության պաշտոնական թվերը, ըստ որոնց 2013-ին արձանագրվել է ընտանեկան բռնության ավելի քան 500 դեպք:
Ինը միլիոնանոց Շվեդիայում գործում է 119 ապաստարան, որը ևս, ըստ փորձագետների չի բավարարում, սակայն այստեղ, ի տարբերություն շատ երկրների, ապաստարաններում աշխատում են հիմնականում կամավորներ, իսկ ֆինանսավորման աղբյուրը անդամավճարներից է գոյանում, միայն 30 տոկոսն է վճարվում տեղական, քաղաքային բյուջեից:
«Մեր երկրում ընտանեկան բռնությունը պետականորեն որակվել է, որպես պետությանը սպառնացող առողջապահական խնդիր, ինչպես օրինակ քաղցկեղը, սա հենց քաղցկեղի նման է, քայքայում է ընտանիքը, աստիճանաբար տարածվում երեխաների վրա ու նաև քայքայում հասարակությունը, սա կարևոր է գիտակցել, որպեսզի պայքարն էլ լինի ամբողջական»,- ասում է 1978-ից գործող Շվեդիայի ամենամեծ ապաստարանի աշխատակից Բրիջեն Սթիհագը:
Հայաստանում ոչ միայն պետական խնդիր չի դիտարկվում հարցը, այլև արդեն 7 տարի ընտանեկան բռնության մասին օրենքը տարբեր գերատեսչություններից չի հասնում Ազգային Ժողով, որտեղ էլ առանձնապես գրկաբաց չի ընդունվելու այն:
«Օրենքի չընդունումն ունի մի քանի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Առկա են տարբեր մոտեցումներ, շատերը վստահ են, որ առանձին օրենքի կարիք չունենք և խնդիրները կարող են լուծվել հարակից օրենքներով, շատ երկրներում նաև այս սկզբունքն է կիրառվում,- ասում է Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով. «Սակայն, մեր երկրում, հաշվի առնելով հասարակության մեջ առկա կարծրատիպերը, անհրաժեշտ է հենց առանձին օրենք, որի միջոցով կշեշտադրվի պետության վերաբերմունքը այս խնդրին, քանի որ կա նաև հասարակության վարքագծային փոփոխության անհրաժեշտություն»:
Տարածաշրջանի երկրների հետ համեմատած Հայաստանն այս առումով թերացել է. Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում ընտանեկան բռնությունն առանձին օրենքով քրեականացվել է տարիներ առաջ:
«Մեզ համար էլ դժվար էր հաղթահարել օրենքի ընդունման խոչընդոտները, բայց նոր սերնդի հետ շատ ավանդույթներ փոխվում են և շատերը սկսեցին հասկանալ, որ չպետք է լռել, քանի որ լռելով ուղղակի դժբախտացնում են ոչ միայն իրենց, այլ ավելի շատ իրենց երեխաներին,- ասում է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, ՄԱԿ-ի Բնակչության և Զարգացման համաժողովի պատվավոր հյուր Մալահաթ Իբրահիմքիզին:
Ադրբեջանցի կին պատգամավորը նաև պայքարում է իր երկրում կանանց՝ քաղաքականության մեջ ընդգրկվելու համար, քանի որ վստահ է, որ կանայք ավելի քիչ կոռումպացված են ու խաղաղասեր:
«Տարածաշրջանի մեր բոլոր երկրներն էլ խնդիր ունեն կանանց առաջխաղացման առումով, մինչդեռ եթե կանայք ավելի շատ լինեին երկրների ղեկին, ժողովրդավարացման ճանապարհը շատ ավելի կարճ կլիներ»,-ասում է Մալահաթ Իբրահիմքիզին:
Աղջիկները խտրականության զոհ՝ դեռ չծնված
Հայաստանում գենդերային հավասարությունը խախտվում է անգամ դեռ չծնված երեխաների հանդեպ, 1993 թվականից ի վեր մեր երկրում չի ծնվել ավելի քան 40000 աղջիկ, նրանց ծնունդը պարզապես արհեստական ընդհատել են հենց աղջիկ լինելու համար:
ՄԱԿ-իբնակչության հիմնադրամի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի շուրջ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանցից մոտ 7200-ը կանխել են աղջիկ երեխաների ծնունդը` աբորտ անելով:
Սեռերի միջև կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց, Հայաստանում 1993-ից սկսած, երբ ուլտրաձայնային հետազոտությունները դարձան բոլորին հասանելի և հնարավոր դարձավ մինչև ծնունդը պարզել երեխայի սեռը, միանգամից բնական հարաբերակցությունը շեղվեց՝ դառնալով 115, 117- 100-ի:
«Սեռով պայմանավորված աբորտների այս պատկերը ակնհայտորեն ցույց է տալիս մեր հասարակության վերաբերմունքն աղջիկների, կանանց նկատմամբ, քաղաքային համայնքներում տղա երեխաներին գերադասում են 4 անգամ, իսկ գյուղերում՝ 10 անգամ, օրինակ` ավանդապահ և բավական պատրիարխալ մարզեր համարվող Արագածոտնում և Գեղարքունիքում տղա-աղջիկ հարաբերակցությունը աշխարհում ամենաբարձրն է՝ 124-100»,- ասում է Հայրապետյանը:
Այս խնդիրը բավական լուրջ հետևանքներ արդեն ունի Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ կանանց պակասը հանգեցրել է թրաֆիքինգի և ավանդական ընտանիքի գաղափարի շեղումների:
«Եթե մենք ժամանակին կանխեինք այս հարցը, մենք այժմ չէինք պայքարի սարսափելի երևույթների դեմ ինչպիսիք են թրաֆիքինգը, կանանց առևանգումներն ու խմբային ամուսնությունները, մեզ մոտ գյուղական համայնքներում անգամ մեկ աղջկա հետ ամուսնանում են մի քանի տղամարդ, սա ընտանիքի գաղափարի աննորմալ դրսևորում է, որի դեմ դժվար է պայքարել»,- ասում է Հնդկաստանի հայտնի դերասանուհի, իրավապաշտպան Նանդիտա Դասը:
Հայաստանում սրա դեմ պայքարի տարբեր միջոցներ են այժմ քննարկում, սակայն փորձագետները վստահ են, որ պետք է աշխատել աղջիկների, կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության վրա:
«Եթե դպրոցներում, դասագրքերում արդեն իսկ ակնհայտորեն անհավասար, կարծրացած գենդերային դերեր են մատուցվում, դա հետագայում շատ դժվար է փոխել և դա պետք է հենց երեխաներից սկսել»,- ասում է Հայրապետյանը:
Ըստ ՄԱԿ-ի հետազոտության, տղա ունենալու հիմնական պատճառները ընտանիքի անվան շարունակելու, ծնողներին պահելու և երկիր պահելու հեռահար խնդիրներն են, մինչդեռ Հայրապետյանի գնահատմամբ այս ամենը կարող են նաև կանայք անել.
«Այսօր մեր հասարակության մեջ կանայք շատ ավելի հաջողակ են, կրթված, զարգացած, այսօր շատ հաճախ ականատես ենք լինում, որ հենց աղջիկներն են ծնողների կողքին, առավել ևս միգրացիայի, աշխատանքային միգրացիայի այս ակտիվ իրավիճակում»:
Համաժողովի համակազմակերպիչ Եվրոխորհրդարանի Բնակչության և զարգացման ֆորումի նախագահ, բարոնուհի Ջենի Թոնգը, կարծում է, որ այս խնդիրը պետք է դառնա հետագա գործողությունների կարևորագույն մասը.
«Կահիրեից հետո մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել, մայրական մահացությունը նվազել է ավելի քան 50 տոկոսով, բայց գենդերային այս անհավասարության հետևանքները դեռ շատ երկրներում առկա են, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու տասնամյակներ անց»,-ասում է Թոնգը:
Հաշվարկները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված աբորտների նման տեմպերի դեպքում մինչև 2060 թվականը չի ծնվի 100 հազար աղջիկ՝ հետևաբար չի ծնվի առնվազն 200 հազար երեխա:
«Ժողովրդագրական մտահոգիչ ցուցանիշներ ունեցող մեր երկրում սա ուղղակի անընդունելի է, եթե միշտ ասում ենք, թե մեզ զինվորներ են հարկավոր, հիշենք, որ զինվոր ծնող մայրեր էլ են պետք»,-հիշեցնում է Հայրապետյանը:
Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարները՝ www.ipci2014.org
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր:https://twitter.com/4equalrightsarm