Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Մայիս 19,2014 12:02

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները», – ասել է նա:

ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:

Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար:
Զեկուցողի դիտարկմամբ ծրագրում արտացոլված են ՀՀ վարչապետի և տարբեր հասարակական կազմակերպությունների, միավորումների հանդիպումների ժամանակ արտացոլված գաղափարները, մտքերը և տարբեր մոտեցումները, հատկապես գործարարությանն աջակցելու դրույթները:

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք ծրագրի իրականացման ժամանակահատվածային սահմանափակում, ինչպես նաև էական են այդ բոլոր գաղափարները մեկտեղելու խնդիրը և այն, որ առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են գլոբալ տնտեսական զարգացման միտումներով, ինչպես նաև կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:

«ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազար դրամի և աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով», – ասել է փոխվարչապետը:
Ծրագրի հիմնական հատվածները վերաբերում են արդարացի վարձրատրություն ապահովող աշխատավարձերի ստեղծմանը, որտեղ էական և կարևոր նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրը, առանձնակի ուշադրության առարկա են լինելու գյուղատնտեսությունը և գյուղը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության խորացումը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ուղղություններ: Առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածքային համաչափ զարգացման խնդիրներին, ենթակառուցվածքների զարգացմանը, հատուկ ուշադրության են արժանացել նաև մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգի զարգացման խնդիրները: Նոր գործիքակազմ է առաջարկվում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Կառավարությունը հետևողական ուշադրություն է ցուցաբերելու միգրացիոն գործընթացների կարգավորմանը:
«Տարբեր ծրագրեր են իրականացվելու նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հարկային և մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունն իր գործունեության մեջ հաշվի է առնելու նաև Մաքսային միության գործընթացների հանգամանքը», – շեշտել է զեկուցողը:
Ամփոփելով նիստը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերստին կարևորել է այն իրողությունը, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացրած կարծիքները, որոնք առավելագույնս ընդգրկվել են փաստաթղթի նախագծում: «Իհարկե, ընդունվել են ողջամիտ առաջարկությունները, իսկ ֆինանսական մեծ ռեսուրս պահանջող առաջարկությունները չէին կարող ընդգրկվել», – եզրափակել է վարչապետը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031