Ամերիկաբնակ՝ զգեստների նկարիչ-ձեւավորողը՝
ամերիկյան ու հայկական բարքերի մասին
Երեւանում է ամերիկաբնակ՝ զգեստների նկարիչ-ձեւավորող Միքայել Շարաֆյանը: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ արվեստագետն ասաց, որ իր այցը հայրենիք պլանավորված էր կինոռեժիսոր Արթուր Բաբայանի «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի՝ հունիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք պրեմիերայով, սակայն. «Չէի կարող չմասնակցել մաեստրո Օրբելյանի վերջին հրաժեշտին, քանի որ շուրջ 10 տարի մտերիմներ էինք՝ անկախ տարիքային տարբերությունից…»:
Միքայել Շարաֆյանը նշեց, որ մասնագիտական կրթությունը ստացել է ԱՄՆ-ի ճանաչված FIDM- ում (Fashion Institute of Design & Merchandising), համագործակցում է բացառապես ամերիկացի կինոռեժիսորների հետ, քանի որ ԱՄՆ-ում հայտնված հայ ռեժիսորները «չեն սիրում վճարել»: Մեր զրուցակիցը հավելեց, որ իր աշխատանքը հոբի չէ, հարգում է այն եւ դրա դիմաց ստանում է «հարգված» աշխատավարձ: Հայ մասնագետի ծառայություններից օգտվել են ճանաչված այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Թիմ Սուլիվանը («Մանյակներ»), Ջեք Թոփալյանը («Դավաճանություն») եւ այլն: Ռեպլիկին՝ Արթուր Բաբայանն էլ հայ է, նկարիչ-ձեւավորողն ասաց, որ Բաբայանն աշխատում է ամերիկյան կինոինդուստրիայում:
Երիտասարդ արվեստագետն արդեն իր պրակտիկայում ունի շուրջ 30 ֆիլմ, որտեղ նկարահանվել են աշխարհահռչակ դերասաններ, այդ թվում՝ Ջենի Քենեդի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Սալլի Քըրքլենդ, Էդի Ֆուրլոնգ, Էդ Ազներ, Իլեյն Հենդրիքս եւ այլն: Միքայել Շարաֆյանը հպարտորեն նշեց իր աշխատանքը «Օսկարի» եռակի մրցանակակիր, դիզայներ Քոլին Էթֆուդի հետ, որին հայ հանդիսատեսը ծանոթ է «Չիկագո», «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ այլ նկարներից:
Մեր զրուցակիցը քանիցս խնդրեց իրեն չներկայացնել որպես դիզայներ: «Ես կերպարներ եմ կերտում: Դա նույն քանդակագործի աշխատանքն է, պարզապես քարի փոխարեն իմ նյութը գործվածքն է: Նախ մխրճվում եմ ֆիլմի սցենարի մեջ, որպեսզի իրականություն դարձնեմ, կերպարային ճիշտ լուծում տամ ռեժիսորի գաղափարին: Եթե ֆիլմը դիտում եք ու զգեստները չեք նկատում, ապա համոզված եղեք, որ նկարիչ-ձեւավորողի աշխատանքը ստացվել է: Հակառակ դեպքում, եթե, ասենք, հիանում եք ինչ-որ մի կերպարի զգեստով, նույնիսկ բացականչում, թե այն ի՜նչ գեղեցիկ է, ապա այդտեղ նկարիչ-ձեւավորողը թերացել է»,- ներկայացրեց Միքայել Շարաֆյանը:
Մասնագետը հիշեց սկզբնական շրջանում Նահանգներում իր ունեցած դժվարությունները. «Սկսել եմ զրոյից: Դեռեւս ուսանելու տարիներին տարբեր տեխնիկական աշխատանքներ եմ տարել ճանաչված սրահներում, օրինակ՝ ճանաչված կուտյուրեներ Ալի Ռահիմի, Սերգեյ Չախմախչյանի եւ այլոց: Ի դեպ, այդ աշխատավայրերում իրավունք չունեի անգամ մկրատին ձեռք տալ… Բայց նշածս սալոնների հաճախորդներն էին հայտնի դերասաններ, երգիչներ, արվեստի ու գրականության դեմքեր ոչ միայն Ամերիկայից, այլեւ ամբողջ աշխարհից»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ այլ նախագծերի է մասնակցել, բացի կինոարվեստի ոլորտից: «Ռիվերսայդ քաղաքի բալետում խորեոգրաֆ Մարիո Նուգարայի բեմադրությամբ մասնակցել եմ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետային ներկայացման աշխատանքներին: ԱՄՆ-ում առիթի դեպքում մշտապես հպարտացել եմ Երեւանի օպերային թատրոնում Վիլեն Գալստյանի բեմադրած՝ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետով: Իսկապես ֆանտաստիկ երաժշտություն ու բեմադրություն, զգեստները Մոսկվայից հրավիրված Նատալյա Պովագոյինն էին: Ափսոսանք ապրեցի, երբ օրերս հայտնեցին, թե վաղուց «Ձյունե թագուհին» հանված է խաղացանկից: Այ, եթե այն վերականգնվի կամ բեմադրվի, ու ինձ հրավիրեն, մեծ սիրով ժամանակավոր կթողնեմ ամեն ինչ ու կվազեմ Հայաստան»,- ասաց Միքայել Շարաֆյանը: Նա հիշեց նաեւ 2008թ. 5 դիզայներների մասնակցությամբ «Մուլեն Ռուժ» շոուն, որտեղ ինքը հանդես է եկել 3 համարով՝ իբրեւ զգեստների նկարիչ-ձեւավորող: Ի դեպ, այդ շոուն կրկնվել է 2009թ. հունվարին՝ ԱՄՆ նախագահ Օբամայի երդմնակալության արարողությանը:
Անդրադառնալով Հայաստանից արտագաղթած ռեժիսորների հետ չհամագործակցելուն, հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս է պատահում, որ պայմանագրի առկայության դեմքում օրենքի երկիր Ամերիկայում օրինազանցություն է կատարվում: «ԱՄՆ-ում գործում են տարբեր միություններ: Ես զգեստների դիզայներների միության անդամ եմ եւ այդ միությունն իմ մեջքին է, իմ իրավունքների պաշտպանն ու, ավելին՝ զգում եմ նրա ամենօրյա հոգածությունը, օրինակ՝ կինոարտադրության ոլորտում այդ միությունը իր անդամին՝ ինձ, տեր է կանգնում, որ ասենք՝ աշխատանքային օրս չանցնի 12 ժամից եւ այլն: Կարճ ասած՝ ինձ չեն կարող «օգտագործել»…»,- հայտնեց նկարիչ-ձեւավորողը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Միքայել Շարաֆյանը՝ իր «հերոսի» հետ:
«Առավոտ» օրաթերթ