Կամ՝ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»
Եվրոպային համընթաց շարժվելը շատերի համար Կոնչիտա Վուրմսի արտաքինը կամ ներքին որոշ հատկանիշները պատճենելն է։ Ինձ համար այդ արտահայտությունը բոլորովին այլ իմաստ ունի։ Այսօր հայ ազգին եվրոպացիներին էապես մոտեցրել է Սերգեյ Մկրտչյանը, թարգմանելով Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը։ Գավառական մտածողությունը մեզանում երկու ծայրահեղ դրսեւորում ունի՝ մեկն ազգային մշակույթից դուրս ոչինչ չի ընկալում, մյուսը դիմում է միայն «համաշխարհային արժեքներին», արդեն վաղուց հաստատված, մաշված։ Երբ Գեւորգ Պետրոսյանը բեմադրեց հայ թատրոնում Հենրիկ Իբսենի պիեսները, դրանք Եվրոպայում դեռ նոր էին, հեղինակն էլ այնքան էլ հայտնի չէր։ Այսօր «Անտարես» հրատարակչությունը մեզ ներկայացնում է մի հեղինակի, ում անունն անգամ Ֆրանսիայում միանշանակ չի ընկալվում, ով չունի բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Սակայն Ուելբեքը հեղինակ է, որը մտածելու նյութ է տալիս ընթերցողներին, ովքեր չեն վախենում մտածել, չեն վախենում շիտակ նայել իրականությանը, ժամանակակից մարդու միջի աղբին, ովքեր, այնուամենայնիվ, Դիոգենեսի օրինակով փնտրում են մարդուն։
Թարգմանությունը, որ դրված է մեր առջեւ, տրամադրում է ընթերցանության, չի ծանրացնում նյութը, անգամ երբ խոսքն անցնում է կենսաֆիզիկայի տեսական հարցերից փիլիսոփայական շերտին։ Որոշ վտանգ են ներկայացնում այն հատվածները, որտեղ հեղինակը նկարագրում է սեռական հարաբերությունները՝ առանց խուսափելու անատոմիական որեւէ մանրամասնից (Ուելբեքին հաճախ են մեղադրում պոռնոգրաֆիական մոտիվների համար)։ Սերգեյ Մկրտչյանը կարողացել է պահպանել նուրբ հավասարակշռությունը։ Նրա տեքստում չկա երեսպաշտություն, ամեն ինչ իր անունով է կոչված, սակայն միեւնույն ժամանակ ընտրված բառը երբեք գռեհիկ չէ, չի տանում փողոցային խոսակցության, ինտոնացիան մնում է գեղարվեստական։ Երբեք եւ ոչ մի տեղում չի առաջանում տպավորություն, թե հնարավոր էր կիրառել մեկ այլ հոմանիշ կամ արտահայտություն։ Թարգմանիչն առատորեն գործածում է նաեւ նոր բառեր, որ մեր իրականության համար նոր հասկացություններից են գալիս։ Ոմանց այս առատությունը կարող է թվալ ավելորդ համարձակության արդյունք, սակայն, մեր համոզմամբ, այն արդարացված է՝ Սերգեյ Մկրտչյանն առաջարկում է հնարավոր տարբերակներ, գիտակցելով, որ դրանց զգալի մասը չի մնալու, անգամ առաջարկում է նույն բառին տարբեր հոմանիշներ։ Բնականաբար, ոչ բոլոր բառակազմություններն են մեզ համար ճիշտ, սակայն դրանք արժե դնել շրջանառության մեջ, իսկ կմնան, թե ոչ, արդեն այլ հարց է։
Առաջին հայացքից Ուելբեքի վեպը հոռետեսական տպավորություն է թողնում՝ գլխավոր հերոսուհիները մահանում են, Բրյունոն ավարտում է իր կյանքը հոգեբուժարանում, Միշելն իր գիտական աշխատանքն ավարտելուց հետո նետում է իրեն օվկիանոսը, ամբողջ մարդկությունը վերանում է՝ զիջելով իր տեղն ավելի կայուն, ապահով, պարզ, անսեռ կլոններին։ Սակայն իրենց բարդ ճանապարհին հերոսները բացահայտում են մեծագույն ճշմարտությունը՝ սերը, երջանկությունը հնարավոր են։ Ավերված, այլանդակված ճակատագրերը մի պահ ձեռք են բերում ներդաշնակություն, երբ գտնում են միմյանց։ Աշխարհի կենտրոնում անհատին եւ նրա բավարարվածությունը, նրա հաճույքները դնող մտածողությունը ջարդուփշուր է արել այս մարդկանց երիտասարդությունը, կյանքը, այդուհետ բարեհաջող ավարտն անհնար է։ Անգամ Աստված չի կարող եղածը չեղած դարձնել, ասում է հերոսներից մեկը։ Իրականությունը հոգեկան հաշմանդամ է դարձրել նրանց եւ վախճանն անխուսափելի է, բայց նրանք հասցնում են ճանաչել սերը, եւ սա է միակ հույսը, հույսը ոչ թե իրենց, այլ մեզ համար։ Մարդկության կործանումը նույնչափ անխուսափելի է երեւում Ուելբեքի վեպում։ Արեւմտյան իրականության նրա դիտարկումները դիպուկ են, էական՝ երբ ամեն ոք ապրում է միայն ինքն իր համար, անիմաստ է դառնում երկարատեւ հարաբերություններ ձեւավորելը, երեխա ունենալը։ Ծերությունը նման հանրության մեջ մերժելի է, մահը՝ սարսափելի։ Եվ մարդկությունը հրաժարվում է իր անհատականությունից, բնությունից, միայն թե խուսափի այդ սարսափից։ Իհարկե, վեպի այս հատվածը գիտաֆանտաստիկ ժանրին է պատկանում, սակայն նախադրյալները դրանից պակաս իրատեսական չեն դառնում։ Անհատին չի կարելի ստորադասել հանրային շահերին, դա ապացուցվեց Խորհրդային Միություն կոչված փորձարկման արդյունքում։ Հակառակ ծայրահեղությունը նույնպես հեռանկար չի խոստանում, սա է ասվում Ուելբեքի վեպում։ Կյանքն սկսվում է ծնողներից եւ ավարտվում երեխաներով, բայց Ուելբեքի անհատապաշտ հանրության մեջ այս կապը խախտված է, մայրը բացարձակապես անտարբեր է իր տղաների նկատմամբ, նրանք էլ ի պատասխան՝ ատում են իրենց մորը (սա առավել ակնհայտ է զգացմունքային Բրյունոյի մոտ)։ Նույնը կրկնվում է հաջորդ շրջանում, Բրյունոյի եւ որդու կամ Կրիստիանայի եւ իր զավակի հարաբերություններում։ Միշելի եւ Աննաբելայի երեխան չի ծնվում, դա է հաջորդ փուլը։
Այնուամենայնիվ, Ուելբեքի վեպը լավատեսական է։ Ամեն մարդ ձգտում է երջանկության, եւ սա է նոր մտածողության (վեպում՝ 50-60-ականների, հայ իրականության համար նոր) գաղափարակիրների գլխավոր փաստարկը։ Սակայն այդ մտածողության առաջամարտիկները, այդ շարժման հաջողակները չեն երջանկանում։ Հեղինակը երջանիկ լինելու հնարավորությունը տեսնում է միայն իր տառապած հերոսների մոտ, միայն այն ժամանակ, երբ նրանք իրապես սիրում են, երբ պատրաստ են ենթարկելու իրենց ցանկություններն ու պահանջներն ուրիշ մեկին երջանիկ դարձնելուն։
ՎԱՍԻԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
արվեստագիտության թեկնածու,
դոցենտ
«Առավոտ» օրաթերթ