«Տեղական ինքնակառավարման մեր համակարգի հետագա զարգացումը ես շատ եմ կարեւորում եւ տեսնում եմ մի քանի պայմանների առկայության դեպքում: Այդ պայմաններից հիմնականը համայնքների խոշորացումն է, որը իր հերթին պետք է բերի վարչատարածքային կառուցվածքի վերանայմանը»,- այսպիսի տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական հանդիպման ժամանակ:
Հասարակության սպասումները տեղական ինքնակառավարման համակարգից այսօր ավելի խիստ են, քան այն իրողությունը, որ առկա է: Ցավոք սրտի այդ սպասումները չեն արդարանում: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ նյութատեխնիկական եւ ֆինանսական միջոցները, մարդկային ռեսուրսները խիստ սահմանափակ են:
Պրն Գեւորգյանը հայտնեց, որ ինքը բազմիցս արձանագրել է, որ համայնքների խոշորացման գործընթացի հետ կապված հասարակության մեջ թյուր պատկերացումներ կան. «Շատերի մոտ խոշորացում հասկացությունը ասոցացվում է վերաբնակեցման հետ: Իրականում դրա նպատակը վարչական կարողությունների կենտրոնացումն է եւ պետական համակարգի բարելավումը»:
Պրն Գեւորգյանը առանձնացրեց, որ կարծիք կա, թե խոշորացումը իրականացվում է գումարներ տնտեսելու նպատակով. «Սա կարեւոր հանգամանք է, բայց ոչ որոշիչ: Խոշորացման ընթացքում լուծվելու են հետեւյալ հարցերը. առաջին հերթին հնարավոր կլինի ստանալ տնտեսական արդյունավետություն: Եղած ռեսուրսներով համայնքներում ավելի շատ ծառայություններ եւ ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել»:
Պրն Գեւորգյանը նաեւ նշեց, որ խոշորացման արդյունքում հնարավորություններ են ստեղծվում իշխանության հետագա ապակենտրոնացման համար, եւ որ բարեփոխումների արդյունքում քաղաքական եւ հասարակական միավորների հետաքրքրությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ կավելանա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պրն Գեւորգյանը հորդորեց չշտապել. «Առաջին հերթին պետք է իրականացնել պիլոտային ծրագրեր, դրանց արդյունքում հասկանալ եւ գնահատել դրական եւ բացասական կողմերը, վերլուծել դրանք եւ հետո արդեն անցնել ավելի լայնածավալ ռեֆորմների իրականացմանը»:
Այն հարցին, թե ի՞նչ խոչընդոտների կհանդիպեն համայնքների խոշորացման ծրագրի իրականացման ճանապարհին, փոխվարչապետը պատասխանեց, որ խոչընդոտներից հիմանականը կլինի հանրության կարծիքը, նաեւ ավելացրեց. «Հիմնական դժվարություններից մեկը լինելու է ռեֆորմի ռեսուրսային ապահովության խնդիրը: Դրանք պայմանավորված են լինելու ծառայություններով, որոնք էլ իրենց հերթին կապված են հենց ռեսուրսների օգտագործման հետ»:
Փոխվարչապետը հայտնեց, որ ծրագրի արդյունավետությունը պարզ կդառնա միայն հանրաքվե անցկացնելուց հետո: Վստահ է, որ տարբեր համայնքներում կլինեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արդյունքներ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ