Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը նույնպես ապագայի հույսեր է ներշնչում

Մայիս 19,2014 13:30

Թեհրանում երեկ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են տասը ուժեղագույն ընտրանիներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականը, որը մրցավայր մեկնել էր պահեստային կազմով:
Մեր թիմը զբաղեցրեց անսովոր` վերջին տեղը: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե ըմբիշները պատրաստ չէին պայքարին կամ վատ մարզավիճակում էին: Մարզչական խորհրդի որոշմամբ Իրան մեկնել էր պահեստային կազմ, ըստ քաշային կարգերի` երկրորդ, երրորդ, անգամ`չորրորդ համարները:

Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որը ներկայումս գլխավոր եւ երիտասարդական հավաքականների հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, «Առավոտին» ասաց, որ Աշխարհի գավաթը այդ ըմբիշների համար փորձի ձեռքբերման, մարզական վարպետության աճի լավ դպրոց է, իսկ ինքը այսպես հնարավորություն ունի գործնականում տեսնելու, թե ինչ հերթափոխ կա հանրապետությունում: «Մանավանդ, որ մի քանի քաշային կարգերի հետ կապված որոշակի անհանգստություն կա»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: Նրա խոսքերով, ազգային հավաքականի մարզիչներն այսպիսի մրցումներով աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու փուլում ըմբիշների ճիշտ ընտրություն կատարելու եւ իրենց անելիքները ծրագրելու հնարավորություն են ստանում:
Հավաքականի գլխավոր մարզիչը, մասնավորապես, գոհ է աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբոր` 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանի, որը Թեհրանում տարավ չորս հաղթանակ, եւ Ռաֆիկ Մանուկյանի մրցելույթներից: «Մայիսի 17-ին Աշխարհի գավաթին մասնակցած ըմբիշները Երեւան վերադառնալուն պես, հենց «Զվարթնոց» օդանավակայանից կգան Ծաղկաձոր եւ կմիանան ուսումնամարզական հավաքի մասնակից մյուս ըմբիշներին», եւ ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Գլխավոր մարզչի փոխանցմամբ, ծաղկաձորյան հավաքին մասնակցում են առանց բացառության բոլոր առաջատար ըմբիշները:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031