Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորացված համայնքները պետք է ունենան առնվազն 3000 բնակիչ

Մայիս 19,2014 11:06

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մայիսի 17-ի եւ 18-ին Աղվերանում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ՏԿՆ առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ համայնքների խոշորացման 14 պիլոտային փնջեր են մշակվել: 2014 թվականի ընթացքում նախատեսվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր իրականացնել Դիլիջանում, Ջերմուկում եւ Ծաղկաձորում:

Հանդիպման ընթացքում համայնքների խոշորացման վերաբերյալ իր զեկույցում ՏԿՆ տեղեկատվական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին ընդունված «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորների ձեւավորման» հայեցակարգի հիմնական սկզբունքների համաձայն խոշորացված համայնքում պետք է լինի առնվազն մեկ խոշոր բնակավայր։ Համայնքի խոշորացման միավորի ձեւավորման համար բնակավայրերի միջեւ պետք է լինի ընդհանուր վարչական սահման, համայնքի կենտրոնը պետք է զբաղեցնի կենտրոնական դիրք եւ ունենա առնվազն 3000 բնակիչ: Համայնքի կազմում ներգրավված բնակավայրերը կենտրոնից պետք է հեռու լինեն 20 կմ-ով:

Փորձագետ Վահան Մովսիսյանը իր զեկույցում հայտնեց, որ ներկայիս վարչատարածքային միավորների հիմնական մասը կազմում են սակավաթիվ բնակչություն ունեցող գյուղական համայնքները, որոնց բնակիչների թիվը քիչ է անգամ հարյուրից: Նմանատիպ տարածքներում համայնքային ծառայությունները ցածր մակարդակով են իրականացվում, կամ էլ ընդհանրապես չեն իրականացվում, տեղեկացրեց Վ. Մովսիսյանը: «Պետության հատկացրած ֆինանսական միջոցները միայն վարչական ծախսերի վրա են ուղղվում։ Բացի համայնքի աշխատակազմին տրվող աշխատավարձից այլեւս ոչ մի ծառայություն նման համայնքներում չի իրականացվում»:

Պրն Մովսիսյանի համոզմամբ՝ միայն 3000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման ոլորտում ծառայություններ մատուցել: Նրա զեկույցում նշվում է, որ ներկայիս վարչատարածքային բաժանումը սահմանափակ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման համար խոչընդոտ է հանդիսանում։

Պրն Մովսիսյանը, իր զեկույցում անդրադառնալով վերը Նշված 14 պիլոտային փնջերին, հայտնեց, որ դրանց մշակման արդյունքում ձեւավորվել են խոշորացման մի քանի մոդելներ: Մոդելներից մեկն այն է, որ համայնքը պետք է ձեւավորվի մեկ ընդհանուր բրենդի՝ ապրանքանիշի կամ գաղափարի շուրջ: «Այսինքն` հանրությանը քաջ հայտնի Դիլիջանը կամ Ծաղկաձորը հենց այդ վայրերն են, որոնք իրենց անվան շնորհիվ կխթանեն զբոսաշրջության զարգացումը եւ հնարավորություն կտան պատկերացում կազմել համայնքի մասին»: Մոդելներից են հանդիսանում նաեւ քաղաքային համայնքների շուրջ համախմբումը. խոսքը գնում է այն համայնքի մասին, որն ունի հանրային ծառայությունների մատուցման համար բոլոր անհրաժեշտ կառույցները:

Համայնքների կազմում բնակավայրերի ընդհանուր բիզնես հետաքրքրությունը, աշխարհագրական եւ ռելիեֆային յուրահատկություններով պայմանավորվածությունը նույնպես խոշորացման մոդելներից են հանդիսանում:

Հանդիպման ընթացքում ՏԿՆ առաջին փոխնախարարը տեղեկացրեց, որ համայնքների խոշորացման ռեֆորմի հաստատման համար յուրաքանչյուր խոշորացվող համայնքում տեղի է ունենալու է տեղական հանրաքվե. «Առանց բնակչության հետ համագործակցության եւ համաձայնության, ոչ մի փոփոխություն չի իրականացվելու»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031