Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունին ամփոփում է 10-րդ Թանգարանների գիշերը արգելոց-թանգարանում

Մայիս 19,2014 10:56

2014թ. մայիսի 17-ի ժամը 18:00-ից «Էրեբունի» արգելոց-թանգարանը 10-րդ անգամ միացավ Եվրոպային` մինչև կեսգիշեր ընդունելով հազարավոր այցելուների:

Հոբելյանական 10-րդ Գիշերվա համար 5 միջոցառումներից մշակված ծրագիրը միաժամանակ մեկ սցենարի մեջ էր, որը կրում էր ԻԿՕՄ-ի կողմից 2014-ի համար հայտարարված <<Հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագիրը` հասցեագրված ամենատարբեր հետաքրքրություններ և տարիքային խմբերի պատկանող այցելուների: Ինչպեսև նախորդ տարի, թանգարանի այցելուների կողքին էր Երևանի քաղաքապետարանը, ում աջակցությամբ ժամը 19:00-ից մինչ կեսգիշեր գործեց Հանրապետության հրապարակ-Էրեբունի թանգարան անվճար երթուղին` խրախուսելով և դյուրինացնելով, մասնավորապես երևանցիների, այցելությունը մայրաքաղաքի բնօրրան: Ինչպեսև միշտ, հաշվի առնելով այցելուների մեծ հոսքերը ոչ միայն թանգարան` այլ նաև Էրեբունիի ամրոցի միջնաբերդ, արգելոց-թանգարանի տարածքում լրացուցիչ ուժեղացված ծառայություն իրականացրեցին ՀՀ ոստիկանության պետական պահպանություն իրականացվող ոստիկանները` ապահովելով ոչ միայն հասարակական կարգի, այլ նաև հնավայրի անխաթար պահպանություն: Առավոտից մինչև ուշ կեսգիշեր ոտքի վրա էր արգելոց-թանգարանի ողջ աշխատակազմը:

Թեև Գիշերվա մեկնարկը խորհրդանշականորեն տրվելու էր արևամուտից, սակայն մայիսի 17-ի վաղ առավոտից Էրեբունին սկսեց ընդունել ՀՀ մարզերից ժամանող դպրոցական խմբերի` ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Բազմաթիվ խմբային այցելուների շարքում առանձնապես աչքի ընկավ Բյուրեղավանի դպրոցը, որն Էրեբունի էր եկել տոնական հատուկ ծրագրով և տրամադրությամբ: Արին բերդի բարձրունքից բյուրեղավանցի դպրոցականները բաց թողեցին տոնական փուչիկներ` այսկերպ ողջունելով 10-րդ Թանգարանային գիշերը մայրաքաղաքում:

IMG_9419

Ծնողների ուղեկցությամբ Էրեբունի այցելած ցածր դպրոցական տարիքի երեխաները ժամեր շարունակ անցկացրեցին արգելոց-թանգարանի ուսումնական պեղավայրում` դիտելով պատանի հնագետների ցուցադրական դասը պեղումների հրապարակում: Այդ պեղումները հետաքրքրեցին նաև շատ մեծահասակների:

Ծրագրի շրջանակում 3 անգամ ցուցադրվեց «Աշխարհը Բրիտանական թանգարանում» ճանաչողական ֆիլմը, որի դիտորդները հիմնականում ուսանողներն ու մեծահասակներն էին: Ֆիլմը գլխավորապես հետաքրքրեց մշակութային մասնագիտական կրթություն ստացողներին և, մասնավորապես, հնագետներին ու արվեստի պատմաբաններին:
Էրեբունիում Թանգարանների գիշերը երաժշտական դարձրեց «Վան» ազգագրական երգ ու պարի համույթը` Անդրանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Թանգարանի ներքին բակում և առջևի հարթակում հնչեցին «Ամռան գիշեր», «Աշնան գիշեր», «Ճախարակ» երգերը, իսկ «Ուրֆանե», «Սեբաստիո», «Զընգըրթա» պարային համարներում ուղղակիորեն ներգրավվեցին նաև այցելուները` համույթի հետ կազմելով պարային մեկ շրջան:

Մեծ թվով այցելուների Էրեբունի էր բերել նաև 1-ին անգամ ցուցադրվող ագաթե կոճակի մ. թ. ա. 8-րդ դար 1-օրյա ցուցադրությունը: Շատերին էր հետաքրքրում, թե ինչպիսի՞ն է գրեթե 3-հազարամյա կոճակը:

Ավելի ուշ, ժամը 21:00-ից Էրեբունին միացավ համացանցում օն-լայն ռեժիմով հասանելի «Գեղագիտակ» նախաձեռնությանը` մինչև կեսգիշեր դիտելով 10-րդ Թանգարանային գիշերվա հետաքրքիր կադրեր` մեկտեղված մեկ ալբոմում: Գեղադիտակը, որը հասանելի է https://prod.kinevision.fr/opes/display_wall_stack/349?user=musee&pwd=2014 հասցեում, ներկայացրել է հարյուր-հազարավոր կադրեր Եվրոպայի թանգարաններից: Սմարթֆոններ ունեցող հազարավոր այցելուներ ընդունել են Գիշերվա եվրոպական համակարգողների <<Նկարի°ր ինքդ>> առաջարկությունը և որսացել Եվրոպայի թանգարանային հավաքածուների հարստությունը ներկայացնող հրաշալի լուսանկարներ: Նախաձեռնությանն ակտիվորեն են մասնակցել Ֆրանսիան, Իտալիան, Ռումինիան, Իսպանիան, Ռուսաստանը, Հայաստանը: Էրեբունի թանգարանը Գեղադիտակում ներկայացված է Արգիշտիի բարձրաքանդակը ներկայացնող 1 լուսանկարով:
2014թ. մայիսի 17-ին «Էրեբունի» արգելոց-թանգարան են այցելել 2400 այցելուներ, որոնցից 960-ը` 12-25 տարեկաններ:

«Էրեբունի» արգելոց-թանգարանը շնորհակալություն է հայտնում իր բոլոր այցելուներին, գործընկերներին և աջակիցներին: Հատուկ շնորհակալություն այն այցելուին, ով ինքնալուսանկարի փոխարեն նախապատվությունը տվել է մեր սիրելի մայրաքաղաքի հիմնադրի` Արգիշտի արքայի բարձրաքանդակին` Եվրոպայով մեկ հանրահռչակելով շուտով արդեն 2800-ամյա Երևանի հարատևության խորհրդանիշը:
Մինչ հաջորդ Թանգարանային գիշեր:

«Էրեբունի» արգելոց-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031