Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և «Զարդ» հասարակական մշակութային կազմակերպության կողմից մոտ մեկ ամիս առաջ հայտարարված դիմակների մրցույթն այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, ամփոփվեց: Շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր մասնակիցներին, լավագույնները մրցանակներ ստացան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի, «Զարդ» ՀԿ-ի, Ա. Խաչատրյանի անվ. տրիոյի, ինչպես նաև առանձին անհատների կողմից:
«Մեր նպատակը ինչ-որ բան ստեղծելու, արարելու ցանկություն ունեցող երեխաներին, երիտասարդներին հնարավորինս շատ թանգարան բերելն է, և այդտեղից ծնվեց դիմակների մրցույթ կազմակերպելու գաղափարը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ երեկ՝ «Թանգարանային գիշերվա» շրջանակներում, ցուցադրվել են դիմակները, և մոտ երեք հազար այցելուներ են ծանոթացել դրանց, արտահայտել իրենց կարծիքը, ինչը նույնպես մեծ դեր է խաղացել լավագույններին ընտրելիս:
«Ես շատ ուրախ եմ, որ այս մրցույթին ոչ միայն մայրաքաղաքի երեխաներն ու երիտասարդները մասնակցեցին, այլ նաև Գյումրու,- ասաց մեր զրուցակիցը:- Բազմաթիվ մասնակիցներ կային Երևանի թիվ 99 հիմնական դպրոցից, որտեղ, ի դեպ, մեծ նվիրվածությամբ է աշխատում նրանց երաժշտության ուսուցչուհին: Նա միշտ տեղյակ է մեր ծրագրերին, և այդ դպրոցի աշակերտները մասնակցում են մեր գրեթե բոլոր միջոցառումներին: Ավելին՝ նրանք նույնիսկ դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց դպրոցն անվանակոչվի Ա. Խաչատրյանի անվամբ»:
Անդրադառնալով «Թանգարանային գիշերվան»՝ Ա. Գրիգորյանը նկատեց, որ տարեցտարի ավելանում է թանգարան այցելողների թիվը ոչ միայն այդ օրը, այլև մնացած օրերին, և «Թանգարանային գիշերը», անշուշտ, նպաստում է դրան. «Սա հնարավորություն է հասարակության ավելի լայն շերտերի բերելու թանգարան, անգամ նրանց, որոնք տվյալ թանգարանի տեղը չգիտեն, բայց այդ օրը գտնում են իրենց ուզած թանգարանը, որովհետև այդ օրը ոչ միայն թանգարան այցելելու օր է, այլև տոն»- ասաց թանգարանի տնօրենը և հավելեց, որ իրենք իրենց միջոցառումներով փորձում են այնպես անել, որ այցելուները նաև ամենաակտիվ կերպով մասնակցեն թանգարանում կազմակերպվող միջոցառումներին. «Պարի ուսուցումը, օրինակ, ամեն տարի մեծ հետաքրքրություն է առաջացնում: Երեկ մեզ մոտ վալսի ուսուցում էր, որին մասնակցում էին տարբեր տարիքի մարդիկ՝ փոքրից մեծ: Հետաքրքիր էր նաև այն միջոցառումը, որի ժամանակ երեխաները նկարում էին Ա. Խաչատրյանի երաժշտության ներքո, ապա այդ աշխատանքները ցուցադրվեցին: Այսինքն՝ կրկին հնարավորություն է, որ երեխան ոչ միայն այցելի թանգարան, այլև կարողանա թանգարանում ինչ-որ մի բան ստեղծել, և դա անպայման կմնա նրա հիշողության մեջ, իր հետքը կթողնի, ու նա կրկին կգնա թանգարան»,- համոզված է Ա. Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե թանգարանում երեխաների համար կազմակերպվող բոլոր միջոցառումները «պատրվակ են»՝ երեխաներին բերելու թանգարան. «Այո, մենք պետք է մտածենք մեր ապագա սերնդի մասին, և որքան շուտ երեխային բերես թանգարան, այնքան ավելի ճիշտ նրա մեջ կսերմանես սերը դեպի թանգարան,- ասաց մեր զրուցակիցը:- Ուղղակի էքսկուրսիան, ուղղակի այցելությունը բավարար չէ, որպեսզի երեխայի մեջ սեր արթնանա, նա անպայման պետք է իրեն զգա ինչ-որ բանի մասնակից: Այդ դեպքում նրա հիշողության մեջ ավելի վառ է մնում այն տպավորությունը, որ նա ստանում է թանգարանից»:
Վերադառնալով «Թանգարանային գիշերվա» աշխուժությանն ու մարդկային մեծ հոսքերին՝ Ա. Գրիգորյանը դա պայմանավորեց հետևյալ հանգամանքով. «Այդ օրը մարդիկ թանգարանում աշխուժություն են զգում, մեծաքանակ մարդկանց ներկայություն, ուշադրություն: Սովորաբար, թանգարանը շատ-շատերի գիտակցության մեջ ինչ-որ մի մեռյալ տարածք է, որտեղ միշտ լռություն է տիրում, որտեղ ոչնչի չի կարելի դիպչել, չի կարելի բարձր խոսել և այլն: Իսկ «Թանգարանային գիշերվա» ընթացքում այդ կարծրացած միտքը մի քիչ վերանայվում է, և դա լավ է, որովհետև թանգարանը, ինչքան էլ որ որոշակի իրերի պահպանությամբ, ուսումնասիրությամբ է զբաղվում, բայց, ամեն դեպքում, այնտեղ կենդանի շունչ կա: Կոնկրետ մեր թանգարանն ունի գեղեցիկ համերգասրահ, և քանի որ սա կոմպոզիտորի թանգարան է, այստեղ միշտ հնչում է երաժշտություն, և կյանքը բաբախում է նաև նրա պատերի ներսում: Պետք է հնարավորինս համատեղել թանգարանի կենդանի շունչն այն ժամանակի, այն մթնոլորտի հետ, որը պիտի փորձես պահպանել, որպեսզի ներկայացնես թանգարանն իր ուրույնությամբ»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ