Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է երգչուհի Լին Դուրյանը

Մայիս 18,2014 19:26

Փարիզում, կյանքի 81-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց մեծանուն երգչուհի Լին Դուրյանը:

Լին Դուրյանը (Արփինե-Ժոսլին Տիրատուրյան) ծնվել է 1933 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, Արմենակ և Երջանիկ Տիրատուրյանների ընտանիքում: Ավարտել է Լիոնի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Փարիզ, և Լինը սկսել է հաճախել երգեցողության դասերի ժամանակի մեծ երգչուհի Սյուզան Բոմոնի մոտ:

1960-70-ական թվերին հանդիսացել է Փարիզի Գրանդ Օպերայի առաջնակարգ երգչուհիներից մեկը՝ կատարելով մեցցո-սոպրանոի երկացանկի մեծ դերերգերը: Հատկապես նշանավոր են նրա Էբոլին, Ամներիսը, Ազուչենան Ջ. Վերդիի «Դոն Կարլոս», «Աիդա» և «Տրուբադուր» օպերաներում, Սանտուցցան Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն»-ում, Վեներան և Ֆրիկան Ռ. Վագների «Տանհոյզեր» և «Վալկիրիա» օպերաներում, Կարմենը Ժ. Բիզեի «Կարմեն»-ում, Մարգարիտը Հ. Բեռլիոզի «Ֆաուստի դատապարտումը» օպերայում, Շարլոտը Ժ. Մասնեի «Վերթեր»-ում, Ադալջիզան Վ. Բելլինիի «Նորմա» օպերայում:

Միջազգային գրաքննադատությունը նրան անվանել է «իր ժամանակի լավագույն Կարմեն»: Երգել է աշխարհի բազմաթիվ մեծ թատրոններում, նշանավոր երգիչների՝ Մարիա Կալլասի, Լեոնտին Պրայսի, Մարտինա Արրոիոյի, Նիկոլայ Գյաուրովի, Բորիս Խրիստովի, Ջոն Վիկերսի, Ժոզե Վան-Դամի, Ռոբերտ Մերիլլի հետ:

Լին Դուրյանի ձայնը առանձնանում էր իր հզորությամբ, թավշյա տեմբրով և բացառիկ երաժշտականությամբ: Գրանդ Օպերայի նվագախմբի երաժիշտները նրան անվանում էին «մեր հրաշալի թավջութակը»:

1966 թվականին Լին Դուրյանն արժանացել է «Ֆիլիպս»-ի մեծ մրցանակին՝ մեցցո-սոպրանոյի երկացանկի օպերային արիաների լավագույն ձայնագրության համար:
Հայաստանում առաջին անգամ ելույթներ է ունեցել 1972 թ.-ին, «Գոսկոնցերտ»-ի հրավերով՝ հանդես գալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնում Ամներեսի, Էբոլիի և Ազուչենայի դերերով (Վերդի- «Աիդա», «Դոն Կարլոս», «Տրուբադուր»), ինչպես նաև մենահամերգով, այնուհետև՝ Օդեսայում և Լենինգրադում:

Իր մենահամերգներում եվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին Լին Դուրյանը օտար հանդիսատեսին մշտապես ներկայացրել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ռ. Մելիքյանի, Մ. Եկմալյանի, Ա. Սաթյանի երգերն ու ռոմանսները:

23 տարի դասավանդել է Ֆրանսիայի Բուլոնյ-սյուր-Մեր քաղաքի կոնսերվատորիայում:

Կյանքի վերջին տարիներին, օպերային բեմին հրաժեշտ տալուց հետո, Լին Դուրյանը 2003-2008 թ.թ. ամեն տարի եկել է Հայաստան, տվել բարեգործական համերգներ Երևանում և Արցախում, անց է կացրել երգեցողության վարպետության դասեր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Արցախյան պատերազմի տարիներից սկսած Լին Դուրյանը մշտապես նյութական օգնություն էր տրամադրում Արցախում ապրող երկու կարիքավոր ընտանիքի:
2007թ.-ին իր հայրենանվեր գործունեության համար Լին Դուրյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության ոսկե մեդալով:

Մկրտիչ Մկրտչյան,
Օպերային երգիչ,
Ֆրանսիայում կոնսերվատորիայի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մկրտիչ Մկրտչյան says:

    Շնորհակալ եմ հոդվածս, թեև ուշացումով, այնուամենայնիվ տպագրելու համար: Ամեն բան ճիշտ է, բացի մի բանից. «Գոսկոնցերտը» չգիտես ինչու դարձել է «Գիրոսկոպներ»…

    Մ. Մկրտչյան

  2. Մկրտիչ Մկրտչյան says:

    Նոր նկատեցի, «թավջութակն» էլ դարձել է «թավջույակ»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031