Այսօր Թանգարանների միջազգային օրն է, և թանգարանային միջոցառումները դեռևս շարունակվում են:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր անցկացվեց «Թանգարանների երկխոսություն» խորագրով միջոցառումը, որի շրջանակներում թանգարանի գիտաշխատող Արփինե Բոթոյանը ներկայացրեց ավստրիական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր, Pleyel ընկերության հիմնադիր Իգնազ Փլեյելի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև խոսեց Pleyel մակնիշի դաշնամուրների մասին, որոնցից երկուսը գտնվում են Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում: Եվ այս ամենը, իհարկե, ուղեկցվեց Փլեյելի երաժշտությամբ, որը, ինչպես նկատեց Ա. Բոթոյանը, շատ գեղեցիկ է, բայց գրեթե չի հնչում:
«Երբ Pleyel դաշնամուրներն հայտնվեցին թանգարանում, մենք Pleyel-ը գիտեինք միայն որպես դաշնամուրներ արտադրող ընկերություն, բայց Փլեյելը շատ լուրջ կոմպոզիտոր է եղել, և ես ցանկացա հենց նրան ներկայացնել, որովհետև վստահ եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում նրան չեն ճանաչում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բոթոյանը:
Նույն թանգարանի գիտաշխատող Տաթև Գրիգորյանն էլ ներկայացրեց սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկի՝ իսպանացի նշանավոր նկարիչ Սալվադոր Դալիի, նրա արվեստի և Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում գտնվող Դալիի թատրոն-թանգարանի մասին, որտեղ և հանգչում է մեծ արվեստագետի մարմինը:
«Կարծում եմ՝ հետաքրքիր է, երբ մի թանգարանը (տվյալ դեպքում՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը) պատմում է մեկ այլ թանգարանի մասին,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տ. Գրիգորյանը,- և հուսով եմ, որ սա շարունակական կլինի ու բարի ավանդույթ կդառնա մեր թանգարանի համար: Շատ հետաքրքիր և ուսուցողական կլինեին այսպիսի հանդիպումները, եթե դրանց մասնակցեին նաև արվեստի տարբեր ճյուղերի այս կամ այն կերպ առնչվող մարդիկ, որովհետև այդ դեպքում երկխոսություն կծավալվեր, քննարկումներ կլինեին, և, բնականաբար, հարցադրումներն էլ ավելի խորը կլինեին»:
Կարդացեք նաև
Ա. Բոթոյանն էլ հավելեց, որ Տ. Գրիգորյանի հետ մեծ սիրով կընդլայնեն ու կխորացնեն «Թանգարանների երկխոսություն» ծրագիրը, որովհետև, նրա խոսքով, աշխարհում բազմաթիվ թանգարաններ կան, որոնք շատ հետաքրքիր են ու յուրօրինակ, բայց որոնց մասին մարդիկ կամ չգիտեն, կամ էլ շատ քիչ բան գիտեն:
«Ես ինքս երաժիշտ եմ և մեծ սիրով կներկայացնեմ երաժիշտների թանգարանները՝ միաժամանակ ներկայացնելով նաև նրանց երաժշտությունը»,- ասաց Ա. Բոթոյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ