Թե ինչո՞ւ է այս թխվածքը կրում սովետական հետախույզի անունը, կարելի է, միայն ենթադրություններ անել՝ գուցե տորթի մեջ չերեւացող շերտերը նրա կյանքի գաղտնի շերտերին է նմանեցրել այս տորթի հեղինակը՝ չգիտեմ: Սակայն դեռ սովետական ժամանակաշրջանից հայտնի այս թխվածքը ոչ միայն շատ համեղ է, այլեւ հրաշալի մեթոդ է արդեն բացված, բայց այդպես էլ մինչեւ վերջ չօգտագործված ջեմերը հաջողությամբ օգտագործելու համար:
Անհրաժեշտ մթերքները
8 ձու
400 գրամ կարագ
2 բաժակ շաքարավազ
2 թեյի գդալ սոդա
2 ճաշի գդալ քացախ
3-4 բաժակ ալյուր
3 գդալ կակաոյի փոշի
200-400 գ ջեմ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Մթերքների նշված քանակը ջեռոցի մեծ թավայի չափով պատրաստվելիք թխվածքի համար է, եթե ցանկանում եք ավելի փոքր, կլոր տորթ պատրաստել, վերցրեք յուրաքանչյուր մթերքի կիսով չափ:
8 ձուն կոտրել, առանձնացնել սպիտակուցն ու դեղնուցը: Դեղնուցը մեկ բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել հալված կարագը (կարելի է անգամ կարագը յուղով փոխարինել), շարունակել հարել, ավելացնել սոդան եւ քացախը: Ապա խմորը բաժանել երկու մասի: Յուրաքանչյուր մասին ավելացնել ալյուր այնքան, որ ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր: Խմորի մի մասին ալյուրի հետ ավելացնել նաեւ կակաոն: Այսպիսով կստանաք երկու մեծ գունդ՝ սեւ եւ սպիտակ: Յուրաքանչյուր գնդից առանձնացրեք մի փոքրիկ գնդիկ, դրեք ցելոֆանե տոպրակի մեջ եւ պահեք սառցարանում:
Սկզբից սպիտակ գունդը տարածեք ամբողջ թավայով մեկ: Եթե ալյուրը շատ եք արել խմորի մեջ, կարող եք գրտնակով բացել, դնել: Սակայն ես առաջարկում եմ խմորը շատ չծանրացնել ալյուրով, դրա փոխարեն խմորը դնել տապակի մեջ, վրան մի քիչ ալյուր ցանել եւ ձեռքով, մատների ուժով ուղղակի տարածել ջեռոցի տապակով մեկ:
Երբ խմորը տապակի երկայնքով տարածած վերջացրած լինեք, վրան ջեմ լցրեք: Ջեմը կարող է լինել ցանկացած: Ես, սովորաբար, օգտագործում եմ սառնարանում եղած բոլոր բացված ջեմերն ու մուրաբաները: Ցանկալի է բալանսի համար քաղցրահամ ջեմի կամ մուրաբայի հետ խառնել նաեւ որեւէ թթվաշը: Օրինակ, այս նկարներում՝ ծիրանի եւ սալորի ջեմեր են, ինչպես նաեւ ազնվամորու մուրաբա: Օգտագործեք այն, ինչ ունեք ձեռքի տակ: Այնպես պետք է անել, որ խմորն ամբողջությամբ ծածկվի ջեմով, սակայն թե ի՞նչ հաստությամբ՝ դա արդեն ձեր ճաշակի հարցն է, ասեմ միայն, որ եթե չափից դուրս շատ լինի, թխվածքը շատ թաց կստացվի:
Հաջորդը շերտը սեւ խմորը պետք է լինի: Եթե ալյուրը շատ եք արել, հանգիստ կգրտնակեք եւ մի կտորով կդնեք խմորի վրա: Սակայն, եթե խմորն ալյուրով չծանրացնեք, այն դժվար կլինի գրտնակելը, այդ դեպքում հարկ կլինի կտոր-կտոր դնել: Անհանգստանալու հարկ չկա, որովհետեւ, եփվելիս, միեւնույն է, խմորը տարածվելու է եւ ամբողջությամբ փակելու է ջեմը: Ոչ արտաքին տեսքի եւ ոչ էլ համի վրա չի ազդի մի թեթեւ անկարգությունը, որ այս շերտում կլինի:
Երբ սեւ խմորն էլ տարածեք, անցեք բեզեին: Ութ ձվի սպիտակուցը լավ հարեք մնացած մեկ բաժակ շաքարավազի հետ, որ ստանաք պինդ բեզե: Տարածեք այն սեւ խմորի վրա: Եվ վերջապես՝ վերջին շերտը: Սառցարանից հանեք սեւ եւ սպիտակ փոքր խմորագնդիկները եւ քերիչով քերեք բեզեի վրա:
Խմորը դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը եւ թող եփվի մոտ կես ժամ, երբ նկատեք, որ վրայի քերած խմորն արդեն եփվել է, անջատեք եւ թողեք մի փոքր մնա ջեռոցում, որպեսզի բեզեն չնստի: Սակայն, եթե անգամ բեզեն նստի, մեծ պրոբլեմ չի, քանի որ, թխվածքի համի վրա առանձնապես չի ազդի:
Բարի ախորժակ:
Մերսի շատ համեղ էր ու որ ավելի կարևորա շատ հեշտ պատրաստվող )))