Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը արվեստ սիրի և ոչ թե շոու». Փարավոն Միրզոյան

Մայիս 17,2014 22:59

Հայաստանի և Արցախի հարյուր թանգարաններում արդեն մեկնարկել է «Թանգարանային գիշեր» ծրագիրը, որին հասարակությունն առանձնակի ակտիվությամբ է մասնակցում:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին թեև ուրախացնում է պատկերասրահ այցելողների մեծ հոսքը, բայց և այնպես, նա զարմանում է, թե ինչու նույն մարդիկ մնացած օրերին նույնպիսի ոգևորությամբ չեն այցելում թանգարան. «Մենք արդեն հասել ենք նրան, որ բնակչության գրեթե կեսն անվճար կարող է այցելել պատկերասրահ,- վստահեցրեց պարոն Միրզոյանը,- և, հավանաբար, ճիշտ չի լինի կարծել, թե «Թանգարանային գիշերվա» ընթացքում պատկերասրահը տասնչորս հազար այցելու է ունենում, որովհետև մուտքն ազատ է: Մտածում ես՝ ինչո՞ւ մարդը չի կարող գալ այնպիսի ժամանակ, որ հնարավորություն ունենա հանգիստ դիտելու, ուսումնասիրելու ցուցանմուշները: Ես կարծում եմ, որ մենք պիտի կարողանանք հասնել այնպիսի կիրթ մակարդակի, որ այսօրվա եկողները միշտ գան, ոչ թե միայն այսօր: Իմ ցանկությունն այն է, որ մեր ժողովուրդը արվեստ սիրի և ոչ թե շոու»:

Պատկերասրահի տնօրենը վստահեցրեց նաև, որ իրենց խնդիրը գումար վաստակելը չէ, այլ արվեստով ժողովրդին կրթելը, և, նրա խոսքով, դեռևս չի եղել այնպիսի դեպք, որ մարդիկ գնան պատկերասրահ՝ այս կամ այն ցուցադրությանն անվճար ներկա գտնվելու, ու իրենք թույլ չտան: «Ուզում եմ, որ գան իրենց երեխաների հետ, երեխաները գան իրենց ուսուցիչների հետ: Երբ մենք փոքր էինք, մեր ուսուցիչները ամիսը գոնե մեկ անգամ մեզ տանում էին թանգարան, թե չէ ո՞նց էինք նկարիչ դառնալու: Դա դաստիարակության ձև է,- ասում է պարոն Միրզոյանը:- Այն, որ երեխաներն այսօր եկել են իրենց ծնողների հետ, ուրախանում են, հրաշալի է: Բայց այս հարցում պրոֆեսիոնալ մոտեցում է պետք»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թանգարան այցելողների թիվը գնալով աճում է, բայց նա չի կարծում, որ այս հարցում «Թանգարանային գիշերը» որևէ դեր է ունեցել. «Ես ավելի շուտ կարծում եմ, որ սա լրագրողների ու արվեստաբանների բարեխիղճ աշխատանքի արդյունքն է, այն բանի, որ կարողանում են ամեն ինչ այնքան ճիշտ ներկայացնել, որ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջանա»:

Այցելուներ ունենալու կարևոր նախապայմաններից մեկն էլ, ըստ Փ. Միրզոյանի, Ազգային պատկերասրահում պարբերաբար կազմակերպվող դասախոսություններն են, երաժշտական փառատոնները, կինոդիտումները, երեխաների հետ խաղերը և այլն:

Փ. Միրզոյանը նշեց, որ Ազգային պատկերասրահի այս տարվա «Թանգարանային գիշերվա» ծրագիրը նախորդից տարբերվում է երեք նոր ցուցահանդեսներով (Բրունո Բրունի, Հակոբ Հակոբյան և Ժան Կազանչյան), որոնք ժողովրդի մեծ մասը չի տեսել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031