Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փորձ է կատարվում մեր արդար պահանջը պաշտպանել միայն ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»

Մայիս 17,2014 22:46

Karabakh-life.am-ը հայտնում է՝ ԱԺ այսօրվա լիագումար նիստին, ՀՅԴ խմբակցության անունից, պատգամավոր Վ.Բալայանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վերջին շրջանում, Ղրիմը ՌԴ վերամիավորելու խորապատկերի վրա, քաղաքական որոշ շրջանակներում առավել ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտության լուծման ուղիների փնտրման հարցը` նոր շեշտադրումներով:

Այս ամենի համատեքստում, ինչպես տարիներ առաջ, այսօր նորից ու նորից փորձ է կատարվում մեր արդար պահանջը պաշտպանել միայն ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. դրանով իսկ, կասկածանքի տակ դնելով տարածքային ամբողջականության միջազգային նորմից բխող մեր իրավունքները, անտեսելով նաև Արցախի պետականության փաստը: Այս սնանկ թեզն իր դրսևորումը ստացավ ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Մ. Շևչենկոյի` վերջերս արած արտահայտության մեջ, որտեղ խոսելով Ղարաբաղի խանության մասին, ադրբեջանցիներին անվանում է բնիկներ, այն դեպքում, երբ այդ ժամանակ ադրբեջանական ազգ գոյություն չի ունեցել:
Հեռու մնալով Շևչենկոյի խեղաթյուրված և ադրբեջանական խավիարով համեմված գաղափարների մեկնաբանությունից, նկատենք, որ պատմական անցյալը և արցախյան շարժման ողջ ընթացքը մեզ հնարավորություն է տալիս ղարաբաղյան թնջուկը լուծել երկու սկզբունքների համադրմամբ: Եթե կուզեք, տարածքային ամբողջականության սկզբունքը, որ այդքան շատ սիրում են են շահարկել Ադրբեջանի քաղաքական և ոչ քաղաքական շրջանակները, օգտագործելով ամեն մի միջոցառում, անգամ սպորտային, և որն էլ բարեհաջող կերպով մարսվում և միս ու արյուն է ստանում միջազգային դիվանագիտական որոշ խոհանոցներում, այդ թվում նաև Շևչենկոյի նման կարճամիտ գործիչների ուղեղներում. այսօր, առավել շատ, պարզվում է` շահեկան է մեզ համար:

Պատճառաբանությունը շատ ակնհայտ է: Դեռևս մինչև Ադրբեջանի 1918 մայիսի 27-ի հանրապետության և ընդհանրապես, որպես ադրբեջանցի էթնոմիավորումի հանդես գալը, արցախահայության ստեղծած պետական ինստիտուտները տնօրինում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքսի ափը ընկած ինչպես հայ, այնպես էլ ազգային փոքրամասնությունների, այդ թվում` թաթարների, ներկայիս ադրբեջանցիներ հորջորջվող բնակավայրերերի տնտեսական, մշակութային ու քաղաքական կյանքը:

Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանում ԼՂ կարգավիճակի հարցին, ապա պետք է նկատենք, որ ԽՍՀՄ ունեցել է չորս ձևի վարչատարածքային միավորումներ և բոլորի վրա տարածված է եղել ԽՍՀՄ իշխանությունը: ԼՂԻՄ-ը , ինչպես և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը, ինքնավար միավորներ են եղել, երկուսն էլ համահավասար իրավունքներով` օգտվելու ԽՍՀՄ սահմանադրությունից: Պարզապես, ԼՂԻՄ-ը միջնորդավորված ենթակայություն է ունեցել միութենական իշխանություններից:

ԼՂԻՄ իր սահմանադրությամբ, հետագայում` կանոնադրությամբ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններով, հաստատված սահմաններով, խորհրդային համակեցության իրավաքաղաքական համակարգում իր տեղն ու դերն է ունեցել: Եթե այս ամենին ավելացնենք նաև այն փաստը, որ խորհրդային կայսրության փլուզման նախաշեմին արցախահայությունը ազատագրական պայքարով պաշտպանեց Աստծո կողմից մարդուն տված ամենամեծ շնորհը ` ազատությունը, ապա պատկերը պարզ ու ամբողջական կդառնա:

Պարզապես, քաղաքական ուժերին և գործիչներին մնում է առանց համեմատությունների եզրեր որոնելու, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները իրար համադրելով և այս ամենն համաշխարհային հանրությանն ու պատկան մարմիններին արժանվույնս ներկայացնելով փորձել լուծել մեր արդար դատը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031