Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը փորձում է խաթարել Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները, ինչն «անթույլատրելի է»:
Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կառավարությունում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները բացատրում են նրանով, որ Ադրբեջանը գտնվում է շատ վտանգավոր տարածաշրջանում. «Իրոք այդպես է: Դեպի հարավ երեք ժամ գնալու դեպքում հնարավոր է հասնել Իրան, եթե հյուսիս գնաք՝ կհայտնվեք Ռուսաստանում», – ասել էր դեսպանը:
Մամեդովը, անդրադառնալով Մորնինգսթարի խոսքերին, նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արևմուտքից նման արձագանքներ են գալիս.
«Ադրբեջանի հարաբերություններն իր հարևանների հետ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Ի տարբերություն ԱՄՆ-ի, այդ երկրները շատ մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններին, բարձր են գնահատում այն և փորձում են էլ ավելի խորացնել փոխադարձ կապերը», – ասել է նա՝ հավելելով, որ սա իր պատասխանն է դեսպանին որպես պաշտոնյա, բայց Ադրբեջանում առկա են այլ կառույցներ, որոնք ևս կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել կապված Մորնինգսթարի հայտարարություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ