Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանում ուկրաինական դեպքերի կրկնվելու վտանգ կա, փոխանցում է «Կոնտակտ» լրատվականը:
«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես քաղաքական ակտիվիստների ձերբակալություններին և նրանց նկատմամբ ճնշումներին: Այս հարցը մեզ համար միշտ առաջնահերթ է եղել: ԱՄՆ [նախկին] պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի քանի տարի առաջ Բաքու կատարած այցի ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ սերտ հարաբերություններ է կառուցում միայն ժողովրդավարական երկրների հետ: Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ ժողովրդավարության հարցում մենք իրար չենք լսում», – ասել է Մորնինգսթարը՝ ավելացնելով, որ ինքը փորձում է հասկանալ Ադրբեջանի կառավարության տրամաբանությունը՝ նշելով, որ հակաժողովրդավարական քայլերը Բաքուն բացատրում է երկրում իրավիճակը կայուն պահելու հիմնավորմամբ:
«Ինձ թվում է, որ Ադրբեջանի կառավարությունում, այդ թվում՝ նախագահը, հասկանում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Բայց հավանաբար չեն ուզում, որ Ադրբեջանում «Մայդան» լինի: Ըստ այդ մարդկանց, դրա համար (Մայդանից խուսափելու) պետք է ուժեղացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ ճնշումներ», – ասել է դեսպանը: Մորնինգսթարի կարծիքով քաղաքացիական հասարակությանը «թթվածնից զրկելը» միայն մեծացնում է «Մայդանի» կրկնության հավանականությունը. «Եթե ոչ հիմա, ապա 5 կամ 10 տարի անց [«Մայդան» կլինի Ադրբեջանում]», – զգուշացրել է Մորնինգսթարը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է երեք ամսից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ