«Հայկական ընտանիքը մի փակ համակարգ է, որովհետեւ շատ կարեւորվում է ընտանիքի առանձնության հոգեկան գաղտնիության հարցերը»,- այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Նա նշեց, որ ընտանեկան հոգեկան առողջության մեջ կարեւոր դեր ունի ընտանիքի անցյալը, եւ շատ հաճախ մինչ մեր ծնունդը շատ բաներ են պատահում մեր ծնողների, մեր պապերի, մեր ազգի հետ եւ այդպիսով ընտանիքը ազդվում է նախկինների անցյալի թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական համակարգից, եւ եթե ընտանիքներից մեկը որեւէ բնույթի սթրեսներ, խնդիրներ է ունենում, դա, որպես կանոն, ազդում է ամբողջ ընտանիքի վրա: Որպես օրինակ պարոն Գասպարյանը նշեց Հայոց ցեղասպանությունը. «Հայոց ցեղասպանությունը որքան էլ մենք շրջանցենք, այնուամենայնիվ, անցնում է յուրաքանչյուր ընտանիքի կողքով, անկախ նրանից, թե այդ ընտանիքը նախնիներ ուներ Արեւմտյան Հայաստանում, թե չուներ»:
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, ամբիոնի վարիչ, դասախոս Վրեժ Շահրամանյանը նշեց, որ իրենց հետազոտությունները պարզել են, որ ոչ լիարժեք ընտանիքներում, որտեղ երեխայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է մայրը, երեխան շատ հաճախ ունենում է թե՛ հոգեբանական, թե՛ սեռական խնդիրներ եւ դառնում է բարդույթավորված եւ կախյալ: Սակայն լինում են նաեւ դեպքեր, որ սեռական դաստիարակության բաց թողումների, անուշադրության, սխալների հետեւանքով երեխայի մոտ առաջանում են խնդիրներ լիարժեքության հետ եւ նա դառնում է բարդույթավորված եւ խուսափում է շփումից.
«Քիչ չեն դեպքերը, որ ընտանիքի ոչ ճիշտ մոտեցումների, հակասեքսուալ դիրքորոշումների հետեւանքով երեխաներին ոչ միայն զերծ են պահում, այլ այն ամենը, ինչ կապված է սեռականի հետ ներկայացնում են արատավոր, քննարկման համար անհարիր, տաբույացվում է, ինչը նույնպես ստեղծում է մի շարք խնդիրներ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե սեռական դաստիարակության դասընթացներ կան դպրոցներում, եւ նրանց լինելու դեպքում հոգեբանորեն ճի՞շտ է դասընթացն անցկացնել միառժամանակ ե՛ւ աղջիկների, ե՛ւ տղաների հետ, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց, որ այդ խնդիրը կնճռոտ է, քանի որ սեռական դաստիարակության դասընթաց դպրոցներում չկա, իսկ լինելու դեպքում էլ՝ առողջ ապրելակերպի դասաժամի հաշվին ֆիզկուլտուրայի ուսուցիչը մի քանի թեմա է ներկայացնում: Այնուամենայնիվ, մի քանի դպրոց կազմակերպում են այդպիսի դասընթացներ եւ ինքը՝ Վրեժ Շահրամանյանը, դասավանդում է դպրոցներից մեկում.
«Կան թեմաներ, որ մենք պարապում ենք աղջիկների հետ առանձին, տղաների հետ առանձին, բայց կան թեմաներ էլ, որոնք բավականին տրամաբանորեն շաղկապվելով մեկը մյուսի հետ արդեն դեռահասներն ունեն պատկերացում հանգիստ քննարկում ենք միասին, օրինակ՝ հակաբեղմնավորիչները, հղիությունը, հղիության արհեստական ընդհատումը: Բայց մի շարք թեմաներ՝ տղաների սեռական հասունացումը, աղջիկների սեռական հասունացումը քննարկում ենք առանձին, այսինքն՝ այստեղ շատ կարեւոր է մեթոդաբանությունը. Դասընթացը տեղափոխել ֆիզկուլտուրայի ուսուցչի դաշտ իմ մասնագիտական գնահատմամբ ճիշտ չէ»:
Խաչատուր Գասպարյանն էլ նկատեց, որ առօրյայում հայերը սեռական օրգանները բնութագրելու համար հարմար բառեր չունեն՝ «մենք ունենք կա՛մ տերմին է, կա՛մ ոչինչ», այսինքն՝ բառեր չկան, որ հասարակայնորեն կարող են օգտագործվել եւ մարդիկ անվանում են այդ օրգանները երրորդ դեմքից սկսած մինչեւ անգամ երաժշտական գործիքների անվանումներով: Պարոն Գեւորգյանի կարծիքով՝ այդ հարցին լուծում կարող է լինել ծնողների սեռական դաստիարակությունը.
«Մենք ամեն ինչի համար մասնագիտություն ստանում ենք, բայց ոչ ընտանիքի, ծնող լինելու համար, շատ կարեւոր ինստիտուտ է, բայց ոչ ոք չի ավարտում, բայց դառնում է ծնող»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ունենք ,օղորմածիկ պապս տղամարդու օրգանին ասում էր ,կնոջինը ,այս բառերը հայկական տերմինաբանության մեջ եղել են դեռ հազար տարի առաջ,բայց երբ անցյալ դարի քսանական թվականներից Սովետական Հայաստանում ձևավորվեց ոստիկանությունը ,դրանք կոչվեցին: