Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Հավասարակշռված մոտեցումը կարևոր է՝ որպես լրագրողական սկզբունք»

Մայիս 17,2014 18:03

Մատենադարանում այսօր տեղի ունեցավ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսաք Գօչունեանի (Քասիմ) հրապարակախոսական գործերը ներառող «Օրուան մտածումներ» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև Գօչունեանին, նրա ապրած ժամանակին, «Ժամանակ» օրաթերթին և «Օրուան մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդես եկան պատմ. գիտ. թեկնածու Անուշ Հովհաննիսյանը, «Առավոտ» օրաթերթի գլխ. խմբագիր Արամ Աբրահամյանը, պատմ. գիտ. դոկտոր Արսեն Ավագյանը և ուրիշներ:P

«Ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Արա Գօչունեանի փոխանցմամբ՝ գիրքը, որը նվիրված է «Ժամանակ»-ի հիմնադիր Միսաք Գօչունեանի ծննդյան 150-ամյակին, 1908-1913 թթ. «Ժամանակ»-ում ունեցած Մ. Գօչունեանի հրապարակախոսական նյութերի ժողովածուն է, և վերնագիրն էլ՝ «Օրուան Մտածումներ», հենց այն սյունակի վերնագիրն է, որը նա վարել է այդ հինգ տարվա ընթացքում:
«Գրքի ամենաէական հատկանիշներից մեկն այն է, որ հարյուր տարվա վաղեմության տեքստեր ենք կարդում այնտեղ և շատ հաճախ այսօրվա հետ կապված իսկապես հետաքրքիր և անկանխատեսելի զուգահեռների հանդիպում»,- ասաց Ա. Գօչունեանը:

Պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանն էլ, ներկայացնելով գիրքը, ընդգծեց, որ սա պարզապես հրապարակախոսական հոդվածների ի մի բերված ժողովածու չէ. «Այն զգալիորեն գիտական հրատարակություն է: Ունի ընդարձակ առաջաբան, ծանոթագրություններ, անձնանունների և տեղանունների, օտար բառերի ու արտահայտությունների ցանկեր, այսինքն՝ ընթերցողը խորությամբ կարող է ծանոթանալ Թուրքիայի այն ժամանակվա կյանքին»,- մանրամասնեց պարոն Մարությանը:

«Առավոտ» օրաթերթի գլխ. խմբագիր Արամ Աբրահամյանը, որը հանդես եկավ «Միսաք Գօչունեանը սյունակագիր» զեկուցմամբ, իր խոսքում ասաց, որ Գօչունեանի հոդվածները կարդալիս հարազատություն է զգում դրանց հեղինակի նկատմամբ. «Պատճառը միայն այն չէ, որ մենք երկուսս էլ սյունակագիրներ ենք,- ասում է պարոն Աբրահամյանը,- ինձ սրտամոտ է նրա լրագրողական մոտեցումը: Այստեղ, կարծում եմ, առանցքային բառ է չեզոքությունը: Մի քանի անգամ հեղինակը կրկնում է՝ մենք՝ չեզոքներս: Եվ ինձ թվում է, որ զուսպ, հավասարակշռված մոտեցումը, որը ցուցաբերում է Գօչունեանը, կարևոր է՝ որպես մասնագիտական սկզբունք»:

Ա. Աբրահամյանն այնուհետև անդրադարձավ Մ. Գօչունեանի հոդվածներից մեկին, որտեղ հեղինակը պատմում է, թե ինչպես է ինքը՝ որպես «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, հայտնվել դատարանում. «Դժգոհության առարկան, տվյալ դեպքում, հունական թերթից «Ժամանակ»-ում մի արտատպություն էր, որի բովանդակության մեջ օսմանյան իրականությունը ներկայացվում էր ոչ այնքան վառ գույներով: Եվ դատավորի դժգոհությանն ի պատասխան՝ «Ժամանակի» խմբագիրը, ակնհայտորեն դրսևորելով դիվանագիտական տաղանդ, նախ նշում է, որ հիմա մամուլի ազատության շրջան է, և «Ժամանակի» աշխատակիցներն այժմ ոչ մի վախ չունեն, այնուհետև բացատրում է, որ նման բաներ տպագրվում են մի նպատակով՝ որպեսզի ընթերցողը հասկանա, թե երբեմն ինչ անհեթեթ բաներ են հայտնվում մամուլում: Կարճ բանավեճից հետո Գօչունեանին տուն են ուղարկում և դատական գործ չի հարուցվում»:

Հարցին, թե հայասատանյան այսօրվա լրագրության մեջ և, մասնավորապես, սյունակագիրների հոդվածներում, կա՞ն արդյոք գոչունյանական ոճի դրսևորումներ, «Առավոտի» գլխ. խմբագիրը պատասխանեց. «Մեր գործը տեղեկատվություն հաղորդելն է և էմոցիաներից, մարդկային, քաղաքական և այլ համակրանք-հակակրանքներից հնարավորինս զերծ մնալը, իսկ դրա համար ի՞նչ է պետք: Դրա համար պետք է որևէ մեկին չհավատալ: Ինչ որ ասում են, օրինակ, քաղաքական գործիչները, կամ ռուսական, արևմտյան պրոպագանդան Ուկրաինայի մասին, պետք է հավասարապես բանի տեղ չդնել, որովհետև բոլորն էլ իրենց շահերն ունեն, բոլորն էլ երեսպաշտ են ու կեղծավոր: Դա դաս է, որը մենք կարող ենք քաղել»:
Իսկ ինչ վերաբերում է սյունակագիրներին, խմբագիրն ասաց, որ մեզ մոտ նրանք շատ քիչ են. «Գուցե դա անհամեստություն է իմ կողմից, բայց այդպիսի բեռ՝ ամեն օր ինչ-որ բան գրել թերթում, մեր խմբագիրները, չգիտեմ, վերցնո՞ւմ են իրենց վրա, թե՞ ոչ: Ես, համենայն դեպս, չեմ նկատել»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031