Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոչ իշխանական ուժերից (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ) կազմված քառյակը ԱԺ ՀԱԿ խմբակցությունում այսօր անցկացրեց հերթական դռնփակ նիստը: Նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե բուռն քննարկումներ են ընթացել, թե քննարկվել են մասնավորապես կառավարության ծրագրի շուրջ դիրքորոշումներ, նոր քաղաքական օրակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, հանրահավաքի կազմակերպում, ՀՅԴ նախաձեռնությունը՝ համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագիծը:
Այնուհետև շեշտեց, թե այս հարցում քառյակի ներսում կա լիարժեք միասնություն: Ու այս հանգամանքի վրա հիմնվելով՝ երբ ավարտեց ներկայացնել, թե ինչ են քննարկել քառյակի դռնփակ նիստում, պարոն Զուրաբյանը նշեց. «Քառյակի մահվան մասին լուրերը չափազանցված էին: Ասեմ ձեզ, քառյակն այսօր ցույց տվեց, որ շատ լուրջ գործոն է»: Մեր դիտարկմանը, թե չի՞ կարծում արդյոք, որ այդպես կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ էլ նման միասնություն լինի, քանի որ դա լինելու է քառյակի համար ճակատագրական, պարոն Զուրաբյանն արձագանքեց՝ «չեմ կարծում»:
Մեր մյուս դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ եթե քառյակի ուժերից մեկն էլ կողմ քվեարկի կառավարության ծրագրին, ապա քառյակի համագործակցությունը կավարտվի, ուստի պարոն Զուրաբյանը մտահոգություններ չունի՞ այդ առումով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն տարաձայնություններ կան՝ կապված կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել-չներկայացնելու հարցում և հենց ՀԱԿ խմբակցությունում, պարոն Զուրաբյանը կարճ պատասխանեց. «Ոչ, ես մտավախություններ չունեմ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ