«Դինամո» մարզադահլիճում անցկացվեց բռնցքամարտի Հայաստանի եւ Վրաստանի հավաքականների պատասխան ընկերական հանդիպումը, որն ավարտվեց մեր մարզիկների բացահայտ հաղթանակով:
Որոշ ժամանակ առաջ մեր բռնցքամարտիկներն էին հյուրընկալվել հարեւան երկրում եւ համառ պայքարում զիջել 6:8 ընդհանուր հաշվով: Իսկ երեւանյան ռինգում ութ քաշային կարգերից յոթում հաջողությունն ուղեկցեց հայաստանցիներին, մեկում մրցավարներն ի հայտ չբերեցին հաղթողին: Սիրողական բռնցքամարտում, ինչպես հայտնի է, ոչ-ոքի չկա: Բայց այս կարգը գործում է պաշտոնական առաջնություններում: Իսկ քանի որ սա ընկերական հանդիպում էր, կանոնակարգով այդպիսի որոշում կայացնել թույլատրվում է:
Մեր թիմից հաղթանակ տոնեցին Հենրիկ Մոքոյանը եւ Գառնիկ Հարությունյանը, երկուսն էլ՝ 56 կգ քաշային կարգ, Արամ Ավագյանը՝ 60, Հովհաննես Բաչկովը՝ 64, Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը, երկուսն էլ՝ 69 եւ Արման Հովհիկյանը՝ 75: Միայն 81 կգ քաշային կարգում մրցավարները ոչ-ոքի գրանցեցին Տիգրան Արմենակյան-Յագո Կիզիրիա մենամարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև