Այսօր Գյումրի էին ժամանել ՀՀ-ում Եվրոպայի մի քանի արտակարգ և լիազոր դեսպաններ` ԵՄ պատվիրակության ղեկավար , դեսպան Տրայան Հրիսթեան, Գերմանիայի Ֆեդրատիվ հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Շվեդիայի թագավորության դեսպան Մարտինա Քուիքը, Լիտվիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին` Եվրոպայի օրը այս քաղաքում ևս նշելու, մշակութային միջոցառումներ անցկացնելու համար:
Մենք Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելից հետաքրքրվեցինք, թե ինչպե ՞ս կգնահատի նա Հայաստանի ու Եվրամիության համագործակցությունը մեր երկրի` մաքսային միությանը անդամակցելուց հետո: «Այն փաստը, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, հարգանքով են վերաբերում եվրամիության բոլոր անդամները, և էդ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություններ կան`և Հայաստանը ունի իր կողմնորոշումը, և մենք ունենք մեր կողմնորոշումը: Հիմա պիտի ամեն ինչ կրկնել, վերհիշել, եթե փոփոխությունների անհրաժեշտություն կա, դրանք անել, բայց համոզված եմ, որ կգնենք մի մոդել, որ կարողանանք համագործակցել Հայաստանի հետ: Հիմա ամբողջ Եվրոպական պառլամենտում ընտրություններ են, և դրանից հետո կձևավորվի նոր պառլամենտը, և դրանից հետո կկապվենք Հայաստանի ներկայացուցիչների հետ և կորոշենք` ինչպես աշխատել Հայաստանի հետ: Եթե նույնիսկ Հայաստանը միանում է մաքսային միությանը, ՄՄ-ն առևտրային գոտի է, և դա որևէ նշանակություն չի ունենա, դուք կկարողանանք համագործակցել այլ երկրների հետ»,- ասաց դեսպանը:
Իսկ մաքսային միության մեջ մտնելը խոչընդոտներ չի՞ ստեղծի Հայաստանի` Եվրամիության հետ համագործակցելուն: «Կան որոշակի միջոցառումներ և ծրագրեր, որոնք չեն համապատասխանում եվրամիության չափորոշիչներին, բայց մնացած հարցերում Հայաստանը ազատ է մասնակցելու»,- ասաց դեսպանը :
Ի դեպ, լրագրողները այս նույն հարցը ուղղեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, որը Եվրամիության անունից հայտնեց, որ իրենք շարունակելու են ներգրավված լինել երկկողմանի համագործակցությանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ