Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնադարում չունեինք գիտնական, որը հոգևորական չլիներ» 

Մայիս 17,2014 16:40

Մայիսի 17-ին  տեղի ունեցավ  «Հայ Եկեղեցին և Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը»  անունը կրող   երկօրյա գիտաժողովի ամփոփիչ հանդիպումը: Գիտաժողովի առաջին օրվա ընթացքում զեկույցներ ներկայացվեցին կրթություն-եկեղեցի  կապի կարևորության, ՀՀ դպրոցներում հոգևոր խնամքի  նշանակալից  դերի,  ներառական կրթության՝ որպես հոգևոր դաստիարակության  կիրառական գործոնի և այլ թեմաների շուրջ: Երկրորդ հանդիպման ընթացքում գիտաժողովի մասնակիցները հիմնականում  խոսել են   թարգմանության՝ որպես մշակույթ փոխանցող կարևոր գործիքի,  վաղագույն շրջանի տոմարական աղբյուրների ու աստղագիտական գիտելիքների, գիտության և աստվածաբանության  փոխհարաբերությունների  մասին:

Տոմարագետ Գրիգոր Բրուտյանն իր խոսքում նշեց. «Միջնադարում չունեինք գիտնական, որը հոգևորական չլիներ: Ե՛վ գիտությունը, և՛ կրթությունը եղել են կրոնական կառույցների մենաշնորհը: Ինչ-ինչ պատճառներով նոր դարերում  պատկերը  սկսվեց փոխվել, ու եկեղեցին, կարծես թե, թողեց այդ դերը: Ես համարում եմ, որ գիտության արդի՝ ոչ ցանկալի արդյունքների առաջ գալը նաև դրա հետևանքն է: Գիտությունը սոցիալական հասարակության մեջ ուղղություն չունեցող  բնագավառ է. նրան ուղղորդող է պետք: Գիտությունը բացահայտում է բնության գաղտնիքները, հետո այդ  գաղտնիքներն ինչպե՞ս պետք է օգտագործել, ո՞ր ոլորտում: Այստեղ եկեղեցին պետք է  ուղեկցի գիտությանը, քանի որ այս ոլորտում  բացառիկ դեր ունի: Ժամանակակից աշխարհում գիտության լավագույն նվաճումները, հենց թեկուզ հեռուստացույցը,  հեռախոսը, համացանցը, օգտագործվում են չարիքներ արտադրելու նպատակով: Սրա լուծումը մեկն է. մենք պետք է ունենանք հոգևորական գիտնականներ՝ ինչպես հնում: Եկեղեցին պետք է վերադառնա գիտություն: Չեմ ասում՝ բոլոր գիտնականները լինեն հոգևորական, բայց  եթե ցանկանում ես ասպարեզը կառավարել, ապա պետք է տվյալ ասպարեզում ծանրակշիռ տեղ ունենաս»:

Շահե վարդապետ Անանյանն իր զեկույցում  պատմական ակնարկ ներկայացրեց ու զուգահեռներ անցկացրեց   հայ միջնադարյան  ու նորագույն դարերի գիտության ու աստվածաբանության փոխհարաբերությունների միջև. «Միջնադարյան  ընկալումը բավականաչափ  տեսակետներ, սկզբունքներ է մեզ տալիս, թե ինչպես, օրինակ, մենք  կարող ենք հասկանալ, որ Աստված ստեղծել է աշխարհը,  բայց աշխարհն ունի զարգացման, առաջացման և ավարտի իր օրենքները: Մարդիկ, ովքեր ընդունում են աշխարհի՝ Աստծո կողմից ստեղծվելը և  միևնույն ժամանակ զբաղվում են գիտությամբ, բնականաբար  այս հարցադրման մեջ կարող են միջնադարյան օրինակով իրենց համար  մոդելներ և սկզբունքներ գտնել: Միջնադարում գիտությունն այս իմաստով բավական բարվոք վիճակում է եղել:  Գիտելիքն Աստծո կողմից տրված պարգև է, որը պետք է ծառայեցնել մեր բարօրությանը, այլ ոչ թե  ոչնչացմանը: Եթե դա Աստծո պարգև է, այն չի կարող վատի  համար ծառայել»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031