Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանային գիշեր» ծրագրի ընթացքում կկենդանանան հին ու նոր երեւանները

Մայիս 17,2014 16:22

Այսօր՝ մայիսի 17-ին, Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մինչեւ կեսգիշեր իրենց դռներն անվճար կբացեն Հայաստանի եւ Արցախի հարյուր թանգարաններ: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին  Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը եւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Գագիկ Գյուրջյանը նշեց, որ այս տարի փորձել են բազմազան դարձնել «Թանգարանային գիշեր» ծրագիրը՝ այս տարի ծրագիրը համակարգող համաեվրոպական կառույցը նոր ծրագիր է մշակել, ըստ որի գիշերվա ընթացքում թանգարանի այցելուները կարող են իրենց խելախոսներով նկարվել եւ միանգամից տեղադրել համապատասխան կայքում: Սակայն գլխավոր միջոցառումը, ըստ պարոն Գյուրջյանի, Բրիտանական թանգարանի մասին ֆիլմի ցուցադրությունն է.

«Այցելությունը Էրեբունի կլինի այցելություն Բրիտանական թանգարանի միջով: 40 րոպեանոց ֆիլմ է, որը ներկայացնում է Բրիտանական թանգարանի ամբողջ ցուցադրությունը: Մեկ-մեկ ժամվա պարբերությամբ ցուցադրելու ենք, եւ ֆիլմը ընդմիջվելու է «Վան» ազգագրական համույթի կենդանի երգերի ու պարերի կատարմամբ»:

Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է նաեւ ագաթից մի կոճակ, որը հայտնաբերվել է Կոտայքի մարզի ուրարտական դամբարաններից մեկում, կոճակի տրամագիծը երկու սմ է  եւ նրա վրա կա առյուծի բարձրաքանդակ, եւ թանգարանի այցելուները միայն «Թանգարանային գիշեր» ծրագրի ընթացքում հնարավորություն կունենան խոշորացույցով ծանոթանալ այդ ցուցանմուշին: Պարոն Գյուրջյանը նշեց, քանի որ իրենց թանգարանը հեռու է Երեւանի Կենտրոն համայնքից Հանրապետության հրապարակից դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան այսօր 19-23-ը գործելու է ավտոբուս, որը  ցանկացողներին կտանի թանգարան եւ հետ կբերի:

Երեւան քաղաքի պատմության թանգարանում առավոտվանից հայկական գորգի վրա դրվելու է խորհրդանշական տոհմածառ, այցելուները բերելու են իրենց տոհմի եւ ընտանիքների լուսանկարները եւ փակցնելու են այդ ծառին, որը հետո կլրացնի թանգարանի լուսանկարների  հավաքածուն:

Իսկ «Թանգարանային գիշեր» ծրագրի գագաթնակետը, ըստ Արմինե Սարգսյանի, երկու միջոցառում է լինելու է. Առաջինը՝ 19-րդ դարի  Երեւանի մեծ մանրակերտը, որը մի քանի րոպեով կենդանանալու է, այցելուին տանելու է հին Երեւան, եւ նա այդ րոպեների ընթացքում հնարավորություն կունենա հետեւել հին Երեւանի անցուդարձին: Երկրորդը՝  3D պրոեկցիայով ժամանակակից Երեւանի ներկայացումն է . «Թանգարանի սրահում նստած այցելուն համակարգչի շնորհիվ ճանապարհորդելու է այսօրվա Երեւանի բոլոր փողոցներով, թաղամասերով, իրեն հետաքրքրող շենքերը այդ ծրագրի շնորհիվ կարողանալու է մոտեցնել: Ինտերակտիվ կարողնալու է ափի մեջ տեսնել ժամանակակից Երեւանը»:

Իսկ Ժամանակակից արվեստի թանգարանում ելույթ է ունենալու դաշնակահար  Հարություն Թագվորյանն եւ այցելուն հնարավորություն կունենա տեսնել երեք իսպանացի արվեստագետների ժամանակակից Հայաստանի մասին ցուցահանդեսը:

«Իրենք ներկայացրել են ակամա հիշողությունները եւ այսօրվա Հայաստանը վերաիմաստավորված եւ վերաներկայացված կերպով »,- ասաց Նունե Ավետիսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031