Աֆրիկյան ժանտախտի պատճառով Տավուշում խոզերը պակասել են
2007 թվականին Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղինով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: 2010թվականին Տավուշի մարզում ժանտախտի համաճարակը կրկնվեց, որի պատճառով խոզերի քանակը մարզում ավելի կրճատվեց:
2013թ. ամռանն Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում աֆրիկյան ժանտախտից ավելի քան 160 խոզ սատկեց, սակայն կառավարությունը այդպես էլ պաշտոնապես չընդունեց,որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է, որպեսզի սատկած խոզերի համար գյուղացիներին փոխհատուցում չվճարի:
Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները մեկնում են Վրաստանի Մառնեուլի քաղաք, այնտեղ խոճկորներ գնում, քանզի Տավուշի մարզում սակավ խոզ է մնացել: Նոյեմբերյանցիներն ասում են, որ Մառնեուլիում խոճկորները, Հայաստանի համեմատ, էժան են: Քանի որ Վրաստանից խոճկորներ ներկրելու համար որոշակի փաստաթղթեր են հարկավոր, նոյեմբերյանցի գնորդը Բագրատաշենի մաքսակետով, առանց փաստաթղթերի, ներկրում է մեկ խոճկոր, ոչ ավելի: Այդ դեպքում մաքսակետի աշխատողները փաստաթղթեր չեն պահանջում: