«Թանգարանային խնդիրը մեզ մոտ մի քիչ ավելի գլոբալ է դիտվում, քանի որ արգելոցային մաս կա՝ մենք արգելոց-թանգարան ենք, այստեղ խնդիրները մի քիչ ավելի շատ ու տարատեսակ են»,- այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով թանգարանային խնդիրներին, ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Պարոն Գյուրջայանը նշեց, որ իրենք էլ ունեն այն նույն խնդիրները, ինչ ունեն մյուս թանգարանները, բայց կամաց-կամաց այդ խնդիրները լուծվում են: Թանգարանը մասնավորապես ունի ջերմախոնավային ռեժիմն ապահովող համակարգը, որը կարծես թե, լուծվում է, իսկ հնավայրն էլ ունի վերականգման խնդիր, որի լուծումն էլ ընթացքի մեջ է.
«Կարեւոր շեշտը դրել ենք Էրեբունիի միջնաբերդի վերականգման վրա, մենք ֆրանսիացիների հետ արդեն վեց տարի է` պեղումներ ենք իրականացնում, եւ այդ պեղումները նպաստում են ավելի ճիշտ վերականգման խնդիրները լուծելու, եւ մենք առաջիկա երեք տարիներին պիտի հասնենք նրան, որ վերականգնենք միջնաբերդը»:
Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ իրենց թանգարանում ջերմախոնավային ռեժիմի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ իրենց շենքն համեմատաբար նոր է, սակայն իրենք խնդիր ունեն թանգարանային գույքի հետ.
Կարդացեք նաև
«Առարկանների պահպանելու համար թանգարանային գույքը պետք է փոխվեր, այսինքն՝ այդ պահպանող միջոցները՝ պահարանները, ծրարները եւ բազմաթիվ-բազմաթիվ միջոցներ, որոնք նույնպես փորձում ենք նորացնել»:
Իսկ Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը հայտարարեց, որ իրենց հիմնական խնդիրը շենքն է (Ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում), որը մեծ խնդիրներ է առաջացնում իրենց համար, եւ քանի որ իրենք Ժամանակակից արվեստի թանգարան են, իրենց պետք է նաեւ տարածքներ փորձեր կատարելու համար.
«Եթե մենք ունենանք նոր շենք, մեր բոլոր պահանջները եւ շենքը պետք է համապատասխանի թանգարանային պահանջներին, որովհետեւ թանգարանները պետք է ունենան թե՛ պահպանելու, թե՛ վերականգնելու միջոցներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ