«Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «ՍՓԵՅՍԻԶ» նախագծի շրջանակում իրականացվող «Բաց կոդի գրախանութ և գրադարան» ծրագիրը:
Բաց կոդի գրախանութը հանրային գրախանութ է, որտեղ կարող եք անվճար վերցնել կամ փոխանակել տպագիր հրատարակություններ: Գրախանութը հնարավորություն է տալիս նախ ծանոթանալ առկա գրականությանը, ընթերցել տեղում և ապա անվճար ձեռք բերել այն` ցանկության դեպքում, սեփական գրադարանից որևէ գիրք նվիրաբերելով գրախանութին:
«Բաց կոդի գրախանութին» զուգահեռ կգործի «Բաց կոդի գրադարան» նախաձեռնությունը, որի շրջանակում կկազմակերպվեն գրքերի, հոդվածների, ակնարկների կամ այլ ժանրի գրական ստեղծագործությունների հանրային ընթերցում-քննարկումներ:
Նախագծի նպատակն է ստեղծել և զարգացնել ընթերցանության, քննարկումների և մշակութային փոխանակման ազատ դաշտ:
Իջևանն առաջին քաղաքն է, որը հյուրընկալեց Տրանսֆորմեր նախագիծը, և Բաց կոդի գրախանութն ու գրադարանն այժմ բաց են Իջևանի բնակիչների համար:
Գրախանութը գործում է «Տրանսֆորմեր՝ մշակույթ անիվների վրա» շարժական բազմաֆունկցիոնալ մշակութային համալիրի տարածքում, որն այժմ կանգ է առել Իջևանի քաղաքապետարանի դիմաց (փ. Մելիքբեկյան):
Ուտոպիանայի կողմից կազմակերպված միջոցառումները ԵՄ-ի ՍՓԵՅՍԻԶ նախագծի մասն են կազմում: ՍՓԵՅՍԻԶ-ը եռամյա նախագիծ է, որն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում` յոթ համագործակիցների շնորհիվ՝ Ուտոպիանա.ամ/Հայաստան, Լուզ Ասոցիացիա/Խորվաթիա, Ժամանակակից արվեստի կենտրոն հինադրամ/Ուկրաինա, ԳեոԷիր/Վրաստան, Օբերլիխտ-Երիտասարդ արվեստագետների Ասոցիացիա/Մոլդովա, Ամուռ Ֆու Ֆիլմ/ Լյուքսեմբուրգ և Օիկոդրոմ – Քաղաքային կայունության Վիեննական ինստիտուտ/ Ավստրիա` որպես նախագծի համակարգող:
ՍՓԵՅՍԻԶ-ի նպատակներն են. հանրային տարածքներում արտիստիկ և մշակութային միջոցառումների կազմակերպում, արվեստի և մշակույթի դաշտի ոչ-ինստիտուցիոնալ նախաձեռնությունների խրախուսում և նրանց կարողությունների զարգացման գնահատում, սոցիալական և մշակութային քաղաքականության շուրջ հետազոտությունների և արտիստիկ ռեզիդենսի իրականացում, փաստագրական ֆիլմի ստեղծում, ինչպես նաև տարածաշրջանում և դրանից դուրս մշակութային ցանցի ստեղծում և ընդարձակում:
ՍՓԵՅՍԻԶ-ը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 699.997 Եվրո:
«Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպություն