Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը, ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստատմամբ ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ Սերգեյ Ֆուրսենկոն:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը
Համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգարժան հյուրեր,
Կարդացեք նաև
Ողջունում եմ ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում:
Ուզում եմ հակիրճ ներկայացնել այն կարեւորագույն եւ առաջնային խնդիրները, որոնք լուծել ենք այս ընթացքում՝ հետեւելով ֆուտբոլի զարգացման մեր ծրագրային քաղաքականությանը:
Ինձ համար հիմնական եւ ֆունդամենտալ խնդիրը իմ պաշտոնավարության բոլոր տարիներին եղել է եւ մնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների, ժամանակակից մանկապատանեկան ֆուտբոլի ստեղծումը եւ զարգացումը, ազգային հավաքական թիմերի առջեւ դրվող խնդիրների իրագործման համար հիմքերի շարունակական ապահովումը:
Կարեւոր եմ համարում նաեւ նպաստավոր համագործակցությունը ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կառույցների հետ, միջազգային կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելը, ֆուտբոլի մասսայականացումը, ազգային առաջնության հետեւողական զարգացման համար հետագա նախադրյալների ստեղծումը:
Անցյալ տարի, երբ գումարում էինք մեր ընդհանուր ժողովը, նշեցինք, որ Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի կառուցումից հետո ֆուտբոլը նոր զարգացում կարող է ապրել ամբողջ Շիրակի տարածաշրջանում:
Այդ ժամանակ մենք նոր էինք սկսել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը:
Այսօր կարող եմ բոլորիդ տեղեկացնել, որ Գյումրիում արդեն ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը: Շիրակի տարածաշրջանի համար ստեղծվել է նախադեպը չունեցող ժամանակակից ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որի հանդիսավոր բացմանը կմասնակցենք առաջիկայում:
Այսօր արդեն Գյումրիում ունենք 8 հեկտար տարածություն զբաղեցնող, արհեստական 2 եւ բնական խոտածածկով 6 խաղադաշտերով, մարզչական, մրցավարական եւ այլ ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող 400 քառակուսի մետր տարածք զբաղեցնող եռահարկ կառույցով այնպիսի ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որ Գյումրին երբեք չի ունեցել:
Վստահ եմ, որ այն նոր զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլի համար:
Այն մեծ նշանակություն է ունենալու Շիրակի ողջ տարածաշրջանում ֆուտբոլի եւ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի կայացման համար:
Գյումրիի ակադեմիան մեծ դեր է ունենալու նաեւ, ընդհանրապես, այդ տարածաշրջանի մարզական կյանքում: Ճիշտ կառավարելու, տնօրինելու եւ շահագործելու դեպքում, իսկ հակառակը ես երբեք թույլ չեմ տա, այն նաեւ կարեւոր տնտեսական եւ սոցիալական նշանակություն է ունենալու մեր երկրի հյուսիսի համար:
Մեր նախորդ համաժողովից հետո մենք շահագործմանն ենք հանձնել նաեւ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով եւ սպասարկման շինություններով նորակառույց մարզադաշտը:
Այդ իրադարձությունից օրեր անց, արհեստական խոտածածկով եւ 400 տեղով ծածկած տրիբունայով հերթական խաղադաշտն է բացվել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիում: Օրեր առաջ նորակառույց մարզադաշտ բացվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում:
Մենք սկսել ենք նաեւ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարական աշխատանքները: Առաջիկայում մենք զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածք կունենանք նաեւ մեր երկրի այս տարածաշրջանում:
Դրա արդյունքում ինչպես Վանաձորը, այնպես էլ ամբողջ Լոռվա տարածաշրջանը կունենան ֆուտբոլի զարգացման լուրջ հեռանկարներ, մարզական կյանքը, տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու նախադրյալներ:
Ես մշտապես ասել եմ, որ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ կարող ենք նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլային տնտեսության զարգացմանը Հայաստանում:
Սա միակ երաշխիքն է, որ ապագայում կարող ենք ունենալ զարգացած ֆուտբոլային համակարգ եւ նոր մտածողությամբ ֆուտբոլային սերունդ:
Մեր այս քաղաքականությունն իրեն արդեն զգացնել տվել է: Դրա հետեւանքները նկատվում են ինչպես բոլոր տարիքային ազգային հավաքական թիմերի մակարդակով, այնպես էլ մանկապատանեկան ֆուտբոլում մասնակիցների ընդգրկված լինելու մեծ աճով:
Այս ամենը ավելի ակնհայտ կմիջամտի հայկական ֆուտբոլին առաջիկայում, որովհետեւ ֆուտբոլը տարիների ներդրում է պահանջում:
Իսկ այս ներդրումները հնարավոր է իրականացնել միայն կայուն եւ երկար ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Ինչպես կտեսնեք քիչ հետո ներկայացվող ֆինանսական հաշվետվությունից, այդ խնդիրը եւս կարողացել ենք բավական հաջողությամբ լուծել:
Համաժողովի հարգելի մասնակիցներ
Անցյալ տարի, մեր ընդհանուր ժողովի գումարման օրերին Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 66-րդ հորիզոնականը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը:
Իհարկե, այս արդյունքը չի կարող ինձ բավարարել: Իհարկե, ես սա արդյունք չեմ համարում, որովհետեւ հավաքականի առջեւ խնդիր էր դրված դուրս գալ եզրափակիչ փուլ: Բայց եւ չեմ կարող չնշել, որ ազգային հավաքականի մասով կատարվել է հսկայական լուրջ աշխատանք:
Ինչպես գիտեք Հայաստանի ազգային հավաքականն այսօր ունի նոր գլխավոր մարզիչ, որի առջեւ դրված են լրջագույն խնդիրներ: Մենք միասին, նկատի ունեմ գործադիր կոմիտեի անդամների հետ, ծանոթացել ենք նրա ներկայացրած ծրագրերին:
Առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի կողմից կներկայացվի բոլոր տարիքային ազգային հավաքական թիմերի, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման արդեն երկարաժամկետ ծրագիրը:
Այս պահին էլ մեր ազգային հավաքականի, բոլոր տարիքային հավաքական թիմերի համար ընթանում են ծրագրով նախատեսված հավաքներ, ընկերական հանդիպումներ: Ինչպես գիտեք, ազգային հավաքականն առաջիկա օրերին երկարատեւ հավաք եւ ընկերական հանդիպումների շարք է ունենալու:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ապահովել է եւ միշտ ապահովելու է բոլոր նախադրյալները, որպեսզի մենք կարողանանք արձանագրել մեր ցանկացած հաջողությունները:
Ինչպես արդեն ասացի, մեր քաղաքականության մեջ կարեւոր դեր է հատկացված նաեւ միջազգային կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելուն: Այս ուղղությամբ եւս կատարված է մեծ ծավալի աշխատանք:
Այս ընթացքում մեր մարզիչները մասնակցել են ՈՒԵՖԱ-ի՝ մարզիչների գիտելիքների փոխանակման միջազգային ծրագրերին, մարզչական կրթության սեմինարների, իրականացվել են մարզչական արտոնագրերի տրամադրման գործընթացները բոլոր մակարդակներով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակել է ներդրում ունենալ մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրերում:
Իրականացվել են նախագծեր, որոնք արժանացել են ՈՒԵՖԱ-ի կարեւոր մրցանակների: Մենք շատ կարեւոր ենք համարում մասսայական ֆուտբոլի զարգացումը, որովհետեւ այդտեղից է ճանապարհը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ:
Ինչպես նշեցի իմ խոսքի սկզբում, մենք կարեւոր ենք համարում ազգային առաջնության զարգացման համար հետագա նախադրյալների ստեղծումը:
Այս ուղղությամբ եւս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան ստորաբաժանումները կատարել են ծավալուն աշխատանք:
Հանրային քննարկման են դրվել առաջնության կազմակերպման կանոնակարգային խնդիրները, կատարվել է ակումբների արտոնագրման բազմակողմանի համեմատական վերլուծությունը:
Սրանք խնդիրներ են, որոնք քաղաքականության առումով կարող են էական դեր խաղալ առաջիկայում:
Համաժողովի հարգելի մասնակիցներ
Ինչպես գիտեք, ես երբեք բավարարված չեմ զգացել կատարված աշխատանքներով եւ շարունակելու ենք իրագործել մեր ծրագրային քաղաքականությամբ նախատեսված բոլոր խնդիրները:
Հայկական ֆուտբոլը լինելու է մի ուրիշ հանգրվանում, չնայած, այն արդեն այլ հարթությունում է՝ ճանաչված եւ ընդունված ֆուտբոլային տերությունների կողմից: