Փաստաբան Կարեն Մեժլումյանը երկու տարբեր գործերով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրաձայնելով հրապարակայնության սկզբունքի խախտումների մասին:
Այսպես, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ գործերից մեկով տուժել են հողի 13 սեփականատերեր՝ 3 ընտանիք, որոնց սեփական հողատարածքը պետական կարիքների համար վերցվել է՝ նրանցից «ՏաԹևեր» ճոպանուղու շրջակայքում հյուրանոց կառուցելու համար և վերցվել է չնչին գնով՝ հողի մի քառակուսի մետրը հաշվվել է 80 դրամ՝ «մի ձվի գին»:
Ընդգծելով, որ «ՏաԹևերը» շատ լավ կառույց է ու շատ լավ նախաձեռնություն` Կարեն Մեժլումյանը միաժամանակ նկատեց, որ թեև այդ նախագծի համար ընդհանուր առմամբ 35 մլն դոլար պետք է ծախսվեր, այդպես էր ներկայացվում, սակայն հողի սեփականատերերին 10 000 դոլարից էլ պակաս գումար էին տվել:
Կառավարության ընդունած նորմատիվ ակտը վիճարկվել էր Վարչական դատարանում, հայցը ներկայացվել էր դատարան, ապա կողմը մեկ ամիս անց գրություն էր ստացել առ այն, թե երբ պետք է հրապարակվի դատարանի որոշումը: Կողմը միջնորդել էր դատարանին հայցը քննել հրապարակային դատաքննության կարգով ու բանավոր ընթացակարգով, բայց ստացել գրավոր մերժում:
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանում նույնպես հրապարակային դատաքննություն անցկացնելու նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել էր: Վճռաբեկ բողոքում Կարեն Մեժլումյանն ու իր վստահորդները նույն հարցն են բարձրացրել` նշելով, որ դատարանները շփոթել են «բանավորն ու գրավոր ընթացակարգն ու հրապարակային ու գաղտնի քննությունը»:
Կ.Մեժլումյանը նշել էր, որ, այո, առանձին դեպքերում, ընդ որում, հստակ նշվում է կոնկրետ որ դեպքերում, կարող է դռնփակ նիստ անցկացվել, «բայց նրանք, անունը դնելով գրավոր, ոչ թե հրապարակային, այլ դռնփակ քննություն են անցկացնում»:
Ապա որպես օրինակ մատնանշեց Սահմանադրական դատարանի դատական պրակտիկան, որտեղ ևս լինում են գրավոր ընթացակարգով քննվող գործեր, բայց «Սահմանադրական դատարանը գալիս է, նիստը բացում է, հրապարակում է, թե ովքեր են դիմում ներկայացրել, իսկ զեկուցողը հրապարակում է՝ ինչ գործ է, ապա դատարանը հեռանում է և վերադառնալով՝ հրապարակում որոշումը, այսինքն՝ որոշակի ընթացակարգ կա»:
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մատնանշելով, որ ամբողջությամբ խախտվել է հրապարակայնության սկզբունքը, ՄԻԵԴ-ն էլ պարզ հարց է ուղղել կառավարությանը՝ ըստ դիմողի՝ հրապարակայնության սկզբունքի խախտմամբ քննություն անցկացնելը որքանո՞վ է համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածին, որով երաշխավորված է հրապարակային դատաքննություն:
Հիշյալ հոդվածով ամրագրվում է մարդու իրավունքները, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը հարգելու պարտականությունը: Իսկ արդար դատաքննության իրավունքն ամրագրող Կոնվենցիայի 6-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի «օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: