Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակայինը կա՞, թե՞ չկա

Մայիս 17,2014 14:54

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են
ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Արամ Աբրահամյան.- Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ այս փուլում խնդիրը հնարավորության չափով հանգուցալուծվել է, իսկ մնացածը դժգոհություններ ունեն: Ի՞նչն է հանգուցալուծվել, եւ ինչի՞ց են մնացած խմբակցությունները դժգոհ:

Հակոբ Հակոբյան.- Հանգուցալուծումը մենք տեսնում ենք նրանում, որ այսօրվա Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո մենք օրենքի ուժով կարողացել ենք կարգավորել հարաբերությունները, որպեսզի հանրության մեջ գոնե առայժմ գործողության առումով հարցական չմնա: Սա ընդամենը ժամանակ է շահելու՝ մինչեւ օրենքի հիմնական դրույթները Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխան՝ փոխվեն եւ բերվեն ԱԺ:

Արծվիկ Մինասյան.– Նախ ասեմ, որ խնդիրը ոչ թե ժամանակ շահելն է: Սա այլ պայմաններում ստեղծված լարվածությունը մեղմացնելուն ուղղված նախագիծ էր, որի վերաբերյալ 4 քաղաքական ուժեր ներկայացրել էին ավելի արմատական մոտեցում: Կառավարության մեծամասնության համար ավելի ընկալելի կամ լուծելի էր 2 կարեւոր հարց… Առաջինը` քաղաքացու կամարտահայտությունը հաշվի առնել այս բաղադրիչի գործադրման ժամանակ՝ մինչեւ օրենսդրական ամբողջական լուծումներ տալը, երկրորդ` հունվարի 1-ից սկսած հարաբերությունների վրա օրենքի գործողությունը տարածել այս տրամաբանությամբ: Բնականաբար, հանրության համար 2 կարեւոր հարց բաց է մնացել. առաջինը ֆոնդերում եղած միջոցների ետ վերադարձի հարցն է, եւ երկրորդ` ապագային միտված, ապագայի նկատմամբ անորոշությունը: Մենք ակնկալում ենք նաեւ իշխանությունների կողմից այդպիսի պարզաբանումներ եւ համապատասխան քայլեր իրականացնելը, օրինակ՝ շատերի մոտ այն մտահոգությունը կա, որ եթե աշխատակիցը գրի դիմում՝ պարտադիրից հրաժարվելու, գործատուն կարող է չվերցնել կամ գերատեսչական ճնշման ենթարկվի եւ չընդունի այդ դիմումը: Այստեղ շատ կարեւոր է, որ իշխանությունը, մասնավորապես՝ կառավարությունը, հստակ արտահայտի այդ դիրքորոշումը: Խոսքը հատկապես կրթական ոլորտի մասին է, որտեղ շատ պարզ է նախկին կառավարության դիրքորոշումը. կրթության եւ գիտության նախարարը պարտադիրը պահանջող շրջաբերական է իջեցրել: Հիմա արդեն քաղաքականության փոփոխությունը ենթադրում է, որ կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի՝ դա կլինի հանձնարարականի տեսքով, կլինի ուղղորդման տեսքով կամ «մատ թափ տալու» տեսքով, որ որեւէ պետական կամ պետական մասնակցությամբ գերատեսչության ղեկավար իրավունք չունի աշխատակցի կամարտահայտությունը ոտնահարել, պարտադրել աշխատակցին պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմում չգրել:

Ա. Ա.– Ինչո՞ւ չեք «մատ թափ տալիս»:

Հ. Հ.– Երբ ես ինձ հարց եմ տալիս` այս բոլոր պայքարից հետո Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այս երկարատեւ աշխատանքից հետո մեզ ինչ մնաց օգուտ, ապա հարցի պատասխանը ինձ համար բացարձակ միանշանակ է. մեր քաղաքացիական հասարակությունը երբեք այդպիսի բարձր մակարդակի վրա չի եղել, եւ ես հույս ունեմ, որ բոլորը կհասկանան շատ պարզ, մարդավարի, հայերեն լեզվով:

Ա. Ա.- Իսկ փողերի վերադարձման վերաբերյալ ի՞նչ կասեք:

Հ. Հ.– Այն գումարները, որն արդեն հաշվառվել եւ փոխանցվել են դեպի «կամուրջ հաշիվ», այդ գումարների խնդիրը կլուծվի արդեն սեպտեմբերին, երբ մենք հիմնական օրենքը ներկայացնենք ԱԺ: Ես մեկ անգամ եւս կրկնեմ՝ այն գումարները, որոնք հաշվարկվել եւ չեն փոխանցվել, մասնակցի դիմումի հիման վրա վերադարձվում են մասնակցին, իսկ այն գումարները, որոնք ոչ հաշվարկվել են, ոչ էլ փոխանցվել, դիմումի հիման վրա, դրանք հունվարի 1-ից հաշվում են որպես օրինական:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստել է
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031