Կառավարությունը հանդես է եկել դպրոցներում պարտադիր 12-ամյա անվճար կրթության մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որը Ազգային ժողովում խրոխտ ներկայացրել է կրթության ու գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը` հայտարարելով, որ Հայաստանին վայել չէ իննամյա կրթություն ապահովել իր քաղաքացիների համար և պետք է ապահովել 12-ամյա կրթություն:
Եթե սկսենք Հայաստանին վայել լինելուց, ապա Հայաստանին նախևառաջ վայել չէ, իհարկե, իշխող կուսակցություն ունենալ այնպիսին, ինչպիսին ՀՀԿ-ն է` հատկապես դրա նոր ձևավորած քրեածին կառավարությամբ: Բացի այդ, Հայաստանին վայել չէ ունենալ 35 տոկոս աղքատություն, որում գտնվող շատ ընտանիքների երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով, տարրական կենսապայմաններ չունենալու պատճառով: Մինչև 12-ամյա կրթության վայել լինելուն անցնելը, միգուցե ՀՀԿ-ականները աղքատությունը հասցնեն գոնե 12 տոկոսի, որպեսզի Հայաստանում նվազեն աղքատության պատճառով դպրոց չգնացող երեխաները՝ գոնե նվազեն, գոնե կիսով չափ: Վայել-անվայելը պետք է սկսել քննարկել հենց այդտեղից:
Պետք է սկսել քննարկել այնտեղից, որտեղ Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակն է, երբ ուսուցչական կազմի հիմնական խնդիրն է դարձել ոչ թե սերունդներին գիտելիք հաղորդելը, քաղաքակրթությանը կապելը, այլ ընտրությունները որակով կեղծելը, անաղմուկ կեղծելը: Իսկ ընտրությունների արանքում նաև աշակերտների ու նրանց ծնողների հաշվին սեփական նյութական վիճակը բարելավելը, որովհետև միևնույն է, եթե որևէ մեկը նախարարին բողոքի կամ դժգոհի՝ նախարարը կասի անուններ տվեք, դե իսկ ծնողները դիկտոֆոնով չէ, որ շփվում են ուսուցիչների հետ, որպեսզի անուններ ձայնագրեն ու մատուցեն պատասխանատուներին և պահանջեն հետևողականություն:
Հայաստանում կրթական համակարգը վերածվել է իշխանական համակարգին սպասարկող կարևոր կառույցի, որտեղ թրծվում են այդ համակարգի ապագա սաները, իրենց արժեհամակարգով և իրենց աշխարհայացքով՝ ընտրակեղծարարության մեջ մասնագիտացած ուսուցիչների անմիջական օժանդակությամբ: Եվ այսօր 12-ամյա են դարձնում այն բանի համար, որ կադրերն ավելի լավ թրծվեն:
Կարդացեք նաև
Թող տպավորություն չստեղծվի, որ մենք դեմ ենք ավելի երկար անվճար կրթությանը: Բացարձակապես: Պարզապես երբ կրթության որակն այսպիսին է, 12-ամյա, թե 20-ամյա, որևէ նշանակություն չունի: Հայաստանի համար այսօր հրամայական է կրթության որակի, կրթական հաստատությունների որակի խնդիրը: Մենք հեռու ենք նաև այն մտքից, որ չկան բարեխիղճ ուսուցիչներ և օրինակելի աշակերտներ, որոնք իսկապես Հայաստանի ապագան ու հույսն են: Բայց նրանք մեր կրթական համակարգում չափազանց փոքր տոկոս են կազմում, նրանք բացառություններ են, նրանք էլ հաճախ դառնում են համակարգի զոհերը, ինչի օրինակները բազում են: Նրանց կրթական համակարգում ընկալում են որպես սպիտակ ագռավ:
Հրապարակումն ամբողջությամն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: