Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Պետք է հասնենք հաջողության. այլընտրանք չունենք»

Մայիս 17,2014 10:51

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում «Նախախորհրդարանի» պասիվությունը պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք փողոցային ակտիվության փոխարեն նախընտրել են զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, եւ արդեն գրեթե պատրաստ է իրենց «Նոր որակի հայկական պետության ռազմավարական հայեցակարգի» մշակումը.

«Նման բան հայության շրջանում երբեւէ չի եղել, մենք այդ փաստաթուղթը շուտով ավարտին կհասցնենք, նրա տաս բաժիններից միայն երեքն են մնացել հանրային քննարկման ներկայացնելու՝ տեղեկութային ոլորտը, կրթություն-գիտություն-տեխնոլոգիաներ եւ պետական կառավարման համակարգ»: P

Մայիսի 16-ին «Նախախորհրդարանի կազմակերպած հանրահավաքի ընթացքում հայտնի դարձավ, որ Գեւորգ Սեֆիլյանը, Վրեժ Զատիկյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Եղիա Ներսեսյանը ինքնաառաջադրվել էին՝ որպես Հիմնադիր խորհրդարանի անդամ, հետաքրքրվեցինք՝ բացի նշված անուններից, ովքե՞ր են ինքնաառաջադրվել, պարոն Ավետիսյանը նշեց, որ ինքը  ցուցակի վարմամբ չի զբաղվում.

«Մոտ երեք տասնյակ կլինեն, չհաշված «Նախախորհրդարանի» այն անդամները, որոնք ինքնաառաջադրվելու մտադրություն ունեն: Մենք մեզ տեղեկատվական առումով համեստ ենք պահում եւ հնարավորություն ենք տալիս, որ «Նախախորհրդարանից» դուրս գտնվող մարդիկ առաջին հերթին ինքնաառաջադրվեն»:

Հարցին, թե «Նախախորհրդարանի» իշխանափոխության համար ինչո՞ւ է վերջնաժամկետը սահմանված հենց 49 շաբաթ, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ դա կապվում է Եղեռնի հարյուրամյակի հետ: Նրա խոսքերով՝ շատ կարեւոր է դա իրենց համար եւ պետք է անպայման հասնեն հաջողության՝ այլընտրանք չունեն. «Դա հոգեբանական մի երեւույթ է, որ շրջադարձային ազդեցություն կունենա հայության կյանքում, եթե ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ժամանակ հայ ժողովուրդը այս վիճակում լինի, դա առանց չափազանցության մեր ազգային օրգանիզմի մահվան վերջին շունչը կլինի, դա մեր վերջն է լինելու, մեր վերջի սկիզբն է լինելու, բայց մենք ուզում ենք, որ մեր փառահեղ ապագայի սկիզբը լինի»:P

Անդրադառնալով օրերս Զարգացման դեպարտամենտի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովի հայտարարությանը, թե Եվրասիական միության սահմանները լինելու են Հայաստանի ընդունված սահմանների շրջանակում, եւ որ նա չի բացառում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի առկայությունը, պարոն Ավետիսյանը նշեց, որ չի բացառում, որ նրանք իրենց նպատակին հասնելու համար փորձեն կոշտ միջոցների դիմել եւ իրենց միջամտությունը խորացնեն եւ առարկայական դարձնեն Հայաստանում, այդ դեպքում հայ ժողովուրդը ստիպված կլինի ոտքի կանգնել՝ ազգային ազատագրական պայքարի.

«Եթե այդպիսի վիճակ առաջանա, ապա մենք ժամանակից շուտ մոբիլիզացիայի միջոցառումներ կձեռնարկենք եւ ամեն ջանք կգործադրենք, որպեսզի գաղութարարը մեր երկրի սահմաններից դուրս վռնդվի իր եղած-չեղածով: Բայց իրադարձությունների ներկայիս ընթացքին հետեւելով՝ մենք տեսնում ենք, որ մոտավորապես մինչեւ մեր նախանշած ժամկետը, կարծես թե, կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, բայց հասկանալի է, որ պետք է պատրաստ լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031