Լրահոս
Օրվա լրահոսը

«Խավարասերների պայքարը՝ հանուն խավարի». «168 ժամ»

Մայիս 17,2014 10:20

Հայաստանում պայքարի նոր ալիք է սկսվել՝ նոր ձևով ու առանց բովանդակության: Հիմա պայքարում են ոչ միայն անարդարությունների զոհերը, այսինքն՝ հասարակությունը, այլև անարդարությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները:

Թեև այդ գործելաոճն իշխանություններին բնորոշ է եղել գրեթե միշտ, սակայն վերջին տարիներին նոր թափ ու դրսևորումներ է ստացել: Նրանք կոռումպացվում են, հետո սկսում են պայքարել կոռուպցիայի դեմ, դատական համակարգը դարձնում են կամազուրկ մարմին, հետո սկսում են պայքարել անկախ դատական համակարգ ունենալու համար, մարդկանց ապօրինաբար ազատազրկում են, հետո սկսում են քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալներ չունենալու համար…:

Նախորդ երկու իշխանություններից, ընդհանուր առմամբ, հատկապես նախորդ իշխանությունից՝ մասնավորապես, սերող գործող իշխանությունը, որ իր դիրքերն ամրապնդել-կայացրել, հզորացրել ու հարստացել է միայն ու բացառապես ստվերային տնտեսության հաշվին, հայտարարել է պայքար ստվերային տնտեսության դեմ: Ոչ թե ընդհանուր գծերով պայքար, այլ կոնկրետ՝ օրով, ժամով:

Պայքարողն ու հայտարարողն էլ ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է՝ ով հուլիսի 1-ին դուրս չեկավ ստվերից, բռնելու ու մտցնելու է ստվեր՝ ճաղավանդակներից ներթափանցող լույսի վանդակավոր շողերով ստվերային տարածք, իմա՝ կիրառելու է օրենքը:

Այն, որ այս հայտարարությունը նշանակում է, թե մինչև հուլիսի 1-ը կարելի է բարգավաճել ստվերում ու հունիսի 30-ից դուրս գալ այնտեղից, դեռ մի կողմ: Անփորձ մարդ է, այդպես է ասել: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի, եթե մինչև հուլիսի 1-ը բոլորը դուրս չգան ստվերից, և Աբրահամյանն ի կատար ածի իր խոստումը: Հայաստանը կկազմաքանդվի՝ մնալով առանց բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև՝ որևէ բան ներմուծող կամ արտադրող ընկերությունների սեփականատերերի: Ու քանի որ անհնար է, որ բոլորը դուրս գան ստվերից, պետք է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կդրժի խոստումը: Ոչ թե այն պատճառով, որ պատվախնդիր չէ, այլ հանուն Հայաստանի, երկիրն առանց քաղաքական ու տնտեսական էլիտայի չթողնելու հայրենանվեր մղումով:

Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներն առանց այն էլ ծանրաբեռնված են: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, եթե անգամ Հովիկ Աբրահամյանը խոսքի տերը լինի այն աստիճան, որ նույնիսկ անձամբ դուրս գա ստվերից, դուրս չգալու դեպքում էլ ինքզինքն ազատազրկի, միևնույն է, դա Հայաստանի ներկայիս վիճակի վրա գրեթե ազդեցություն չի ունենա: Ազդեցություն գուցե կլինի՝ բյուջեի եկամուտների ավելացման, նոր աշխատատեղերի բացման, նույնիսկ կյանքի որակի բարձրացման և այլ նյութական արդյունքների տեսքով: Բայց դա՝ միայն նյութական հարթությունում: Իսկ քաղաքական ու քաղաքակրթական առումով Հայաստանն այնպիսի ստվերում է, որ դրանից դուրս գալու համար ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլ անգամ Գալուստ Սահակյանի սպառնալիքները չեն օգնի: Խոսքը մտածողության, արժեհամակարգի, գաղափարախոսական ստվերի մասին է, որի մեջ ինքնամոռաց կերպով գլորվում է Հայաստանը:

Ստվերն ընդհանրապես խավարն է, լույսի բացակայությունը: Իսկ դրա ամենավտանգավոր դրսևորումը մտքի, մտածողության, բարոյականության խավարն է, որում Հայաստանը կար առանց այդ էլ, սակայն ավելի է խորասուզվում՝ ի պետս Մաքսային միությանն անդամակցության ու խորհրդառուսական կայսրության վերականգնման:

Միկոյանի արձանի տեղադրում, պայքար «դավադիր» հասարակական կազմակերպությունների դեմ, «վաստակավոր» և այլ կոչումների վերականգնում, հանրային ատելության ու հիստերիայի ծավալում ցանկացած օտար ու ինքնությանը «ոչ հարիր» երևույթի դեմ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031