Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ նեղանում նման մեկնաբանությունների համար»

Մայիս 17,2014 15:00

Աշոտ Աղաբաբյանը` Սոչիում կործանված ինքնաթիռը չնստելու մասին

«Ճշմարտությունը կայանում է նրանում, որ մենք Սոչի պիտի մեկնեինք ամսի 5-ին, քանի որ ամսի 7-ին ծնունդի էինք մասնակցելու: Իմ ընկերները բոլորն այստեղ էին, այստեղից պետք է մեկնեինք: Ընկերներիցս որոշներն առաջարկեցին ամսի 3-ին մեկնել` մի փոքր էլ հանգստանալ: Ես ռաստովցի ընկերոջս` Բենոյին, առաջարկում էի այդ երեք օրը Ջերմուկում հանգստանալ ու ամսի 5-ին մեկնել»,- «Առավոտի» հետ զրույցում ութամյա վաղեմության իրադարձություններին անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Խոսքը Երեւանից Սոչի մեկնող «Արմավիա» ընկերության A-320 ինքնաթիռի վթարի մասին է:

Մի քանի օր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի «Հատուկ դեպքեր» հավելվածն անդրադարձավ 2006 թվականի մայիսի 3-ի ողբերգական ավիավթարին: Ինքնաթիռի զոհված օդաչուի հայրը՝ Դավիթ Դավթյանը, ով նույնպես օդաչու է, հաղորդման ընթացքում մի քանի անգամ հարց է հնչեցնում` ինչո՞ւ են պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը եւ Լեւոն Սարգսյանը թռիչքից 15 րոպե առաջ մտել օդանավ ու դուրս եկել: Վթարից անմիջապես հետո արդեն հայտնի էր, որ ուղեւորների ցուցակում Աշոտ Աղաբաբյանի անունը եղել է: Դեռ այն ժամանակ պատգամավորի մամուլի խոսնակը հերքեց այն փաստը, որ Աղաբաբյանը եղել է ինքնաթիռում` ասելով, որ նա օդանավակայան ընդհանրապես չի գնացել: Իր` Աշոտ Աղաբաբյանի արձագանքն այդ օրերին ու այդ միջադեպին բավականին սուղ էր` վատ իրավիճակում գտնվելու պատճառաբանությամբ. զոհվածների մեջ էր նաեւ Աղաբաբյանի մտերիմ ընկերը:
Աշոտ Աղաբաբյանը հիշում է, որ այդ օրն էլ` ամսի երեքին, իրենց ընկերներից մեկի ծննդյան տոնն են նշելիս եղել, ու թեպետ ինքն էլ Սոչիի տոմս է ունեցել, բայց ընթացքում մտքափոխվել է. «Կատեգորիկ ասեցի` ես Սոչի չեմ գալիս, ու 5.30-6-ի կողմերը ես եւ Աֆանասի Լազրեւը՝ իմ ընկերը, ով ասաց, որ դու չես գնում` ես էլ չեմ գնա, ծննդյան սեղանից վեր կացանք:

Ընկերս, որն ինձնից տարիքով փոքր էր, բայց իր միջավայրով, շրջապատով ու հնարավորություններով ավելի ծանր, մտածեցի կլսի ինձ… Ես եկա ստադիոն: Ես օդանավակայանում չեմ եղել, ինքնաթիռ չեմ նստել: Սարգսյան Լյովան, որ հայտարարել էր, թե ինձ հետ է եղել` ես իր հետ չեմ եղել, ինքնաթիռ չեմ նստել»: Ութամյա վաղեմության իրադարձությունների մասին Աշոտ Աղաբաբյանն այսօր էլ մի կերպ է խոսում` ինքն էլ տարակուսելով ինքնաթիռի վթարի պատճառների հոդաբաշխ բացատրությունների բացակայությունների պատճառով: Ինքն էլ սեփական վարկածն է առաջ քաշում. «Ինձ համար էդ ինքնաթիռն ինֆարկտ ա ստացել: Մարդը ո՞նց ինֆարկտ կստանա, երբ որեւէ մեկը չի կարողանում ճիշտ մեկնաբանել, թե ինչ ա եղել ինքնաթիռի հետ: Ես շատ եմ ափսոսում: Առավոտյան շուտ` 8.15-ի չվերթով թռել եմ Սոչի: Էնտեղ մեզ ասացին, որ վթարի պատճառը մարդկային ֆակտորը չի եղել, դիսպետչերների հետ կապված հարցեր են եղել… չգիտեմ` ինչն ա եղել: Տարբերակներ են ասում, որ քաշը մի կողմի վրա է հավաքվել` ծանրությունը ջուրն է քաշել-գցել… հնարավոր ա նման բաներ, չգիտեմ: Քանի որ ես լրիվ ինֆորմացված չեմ, դա մասնագիտական բան ա, ինձ համար էդ ինքնաթիռն ինֆարկտ ա ստացել: Ես ցավակցում եմ բոլորին` տուժողներին, հարազատներին: Ղուկասյանի շրջանում որդու դիակը բերելու գիշերը հայրը կախեց իրեն… Ցավակցում եմ բոլորին: Ես էնտեղ եմ եղել, գաղափարը` հողն ու ջուրը գոնե Սոչիից Հայաստան բերել ու տեղում թաղում կազմակերպելը, իմն է եղել: Կազմակերպել ենք: ՌԴ-ում մեր դեսպան Արմեն Սմբատյանի եւ ԱԻՆ-ի ղեկավարի հետ փորձեցինք կազմակերպել այդ ամենը: Իհարկե, հետո կառավարական հանձնաժողով եկավ, ես այնտեղ չկայի, հետ եկա»:

Հարցին` միտում չի՞ տեսնում, շահարկում չի՞ համարում ութ տարի անց այդ դեպքերի` նման համատեքստում անդրադարձում, Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Չեմ կարծում՝ շահարկվում է: Ես պատկերացնում եմ` ինչ է ծնողի համար երեխայի կորուստը: Ես չեմ նեղանում նման մեկնաբանությունների համար` ինչ լսել են, դա են ասում: Եթե ուզում են ինձնից իմանալ, ես պարզ ասում եմ, որ այսպես է եղել: Դա ճակատագիր է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031