Գարեգին Նուշիկյանը տեղյակ չէ, որ ֆինանսների նախկին նախարար
Դավիթ Սարգսյանն աուդիտորական ոլորտում բիզնես ունի
«Մեր կազմակերպությանն անհրաժեշտ է պարտադիր աուդիտ անցկացնելը, եթե նույնիսկ պարտադիր աուդիտը դուրս գա: Մեր կազմակերպությունն աշխատում է 20-25 երկրների 30-40 կազմակերպությունների հետ: Մենք, նրանց հետ հարաբերվելու առումով, դրա անհրաժեշտությունն ունենում ենք: Ուստի մեզ համար միեւնույն է՝ մենք աուդիտ անցկացնելու ենք ցանկացած պարագայում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նուշիկյան ասոցիացիա ՍՊԸ»-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Խոսքը կառավարության ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում, որը ենթադրում է խոշոր ձեռնարկությունների պարտադիր աուդիտի վերացում:
Գարեգին Նուշիկյանը կիսում է ԱԺ տնտեսական հանձնաժողովում դոմինանտ այն տեսակետը, որ ձեռնարկությունները, կոպիտ ասած, գնում են պարտադիր աուդիտի թուղթը. «Առաջանում են այնպիսի աուդիտորական կազմակերպություններ, որոնք թուղթ ու կնիք են վաճառում, քանի որ կազմակերպություններն այն պարտադիր պետք է անցնեն: Իմ կարծիքով՝ եթե պարտադիրը վերանա, այն կազմակերպությունները, որոնք ռեալ շահագրգռված են անցնելու աուդիտորական ստուգումները, պարտադիր անցնելու են: Ու աուդիտորական կազմակերպությունների մեջ կսկսվի առողջ մրցակցություն: Այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք որակյալ չեն եւ ստեղծվել են պահից օգտվելով, դուրս կգան շուկայից: Բիզնեսի մեջ էլ կսկսվի առողջ մաս զարգանալ»: Պատգամավորն առաջ է քաշում նաեւ աուդիտորական կազմակերպությունների պատասխանատվության հարցը: Հանձնաժողովում տարբեր քննարկումներից եկել են այն եզրակացության, որ աուդիտորական կազմակերպություններն էլ են շահագրգիռ պատասխանատվության հարցում եւ պատրաստ են հարցը քննարկել, ռիսկերն ապահովագրել:
Այս եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունները, որոնք այս օրերին քննարկվում են խորհրդարանում, ընկալվում են իբրեւ նախկին վարչապետի եւ նախկին կառավարության աշխատանքի սրբագրում՝ մանավանդ աուդիտորական դաշտում որոշակի գործունեություն էր ծավալում նաեւ Տիգրան Սարգսյանի սանիկը` ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը: Սրանից զատ՝ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ մտահոգություններ հայտնեցին գործազրկության, դրա հետեւանքով նաեւ արտագաղթի ծավալների աճի մասին:
Կարդացեք նաև
Արդյոք հնարավոր չէ՞ր գործող մեխանիզմների վերանայմամբ փորձել ոլորտն առողջացնել` «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չէի ցանկանա հարցն անձնավորել, քանի որ այն նախկին վարչապետի ժամանակ էլ է բարձրացվել: Այս ամենը գալիս է որոշակի գործարար շրջանակներից, այն մտայնությանբ, որ իրենց կողմից տեղի է ունենում որոշակի գումարների անիմաստ վատնում, ինչն իրենց բիզնեսին ոչ մի դրական ազդեցություն չի բերում: Եթե աուդիտորական կազմակերպությունները որոշակի պատասխանատվություն իրենց վրա վերցնեին, ասենք՝ ստուգման դրական արդյունքում, եթե հարկային մարմինների հետ տույժ-տուգանքների խնդիր է առաջացել, բիզնեսի համար դա օգտակար գործառույթ կլիներ: Բայց եթե մինչեւ հիմա թուղթ են լրացրել, կնիք են դրել… Այդ դժգոհությունը բարձրացվել է նախկին վարչապետի ժամանակ»: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ տեղեկացված չէ ֆինանսների նախկին նախարարի` ոլորտում ունեցած բիզնեսի մասին ու չէր ցանկանա հարցն անձնավորել ու կապել նախկին վարչապետի հետ. «Շատ հարցեր կարող են լինել, որ նախկին կառավարության ժամանակ այլ է եղել, հիմա փոխվում է: Ո՞վ է ասել, որ նախկին վարչապետի ժամանակ բոլոր որոշումները ճիշտ են եղել, կամ բոլորը սխալ են եղել: Այդպիսի բան չկա: Մեկն էլ կա, մյուսն էլ: Ներկա կառավարության ժամանակ էլ կլինեն հարցեր, որոնք ճիշտ կլինեն կամ սխալ: Դա արդեն ժամանակը ցույց կտա»:
Պատգամավորը հարցը հրատապ չի համարում, ասում է` զուտ աշխատանքային գործընթաց է: Մեր հարցին` դրանում ինտրիգ չկա՞, ի պատասխան ասաց, որ ինքը տեղեկացված չէ: Նկատենք, որ նոր կարգը կիրառության մեջ կմտնի 2015 թվականի հունվարի մեկից:
ՀՀԿ-ական պատգամավորը իրատեսական է համարում նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին գործարարների հետ հանդիպման ժամանակ արած առաջարկը: Հիշեցնենք, որ 100 խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է սահմանի վրա ապրանքների ավելացրած արժեքի հարկը վերացնելու մտադրության մասին: Այդ քայլն, ըստ մասնագետների, կլինի բանկային լուծը թոթափելու, բայց դրա հետեւանքով մի քանի ամիս բյուջետային մուտքերի «բաց» է լինելու: Կառավարությունն այժմ մտածում է «բացը» լցնելու մեխանիզմների մասին:
Նկատենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը քանիցս մեղադրվել է բանկային համակարգի շահերը պաշտպանելու եւ համակարգի «փաստաբանի» դերը ստանձնելու մեջ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ