Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետի տեղակալի դեմ գործով վկաները ոստիկաններն են

Մայիս 17,2014 14:30

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է եւ վերաքննիչ դատարանում առաջիկայում կլսվի Սարգիս Կասյանի` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի բողոքի քննությունը: Ըստ մեղադրանքի, նա խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, իր ծանոթ Գագիկ Հայրապետյանից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, թաքցրել է տասնյակ մարդկանց իր ունեցած պարտքերի մասին: Նա ստել էր, թե Երեւանի օղակաձեւ այգու «ՍԿՈԲ» ՍՊԸ սեփականությունը հանդիսացող «Լունապարկ» զբոսայգու սեփականատերն է: «Սեփականատեր» ոստիկանը բիզնես գործարքներ կատարելու պատրվակով՝ Գագիկ Հայրապետյանից վերցրել է 29. 565.120 ՀՀ դրամին համարժեք 78. 000 ԱՄՆ դոլար, սակայն որեւէ ապրանք չէր ներմուծել, եւ այդ գումարը հափշտակել եւ օգտագործել էր անձնական կարիքների համար:

Սարգիս Կասյանը 2011թ. դեկտեմբերի 3-ից աշխատելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում, իր ծանոթ` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի վարչության ավագ քննիչ Վահագն Ջիվանյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, թաքցրել է ավելի քան 20 անձանց պարտք ունենալու մասին: Նրան էլ սուտ տեղեկություններ է ներկայացրել, թե զբաղվում է սեւ ձկնկիթի ներմուծմամբ եւ վաճառքով: Վահագն Ջիվանյանը, վստահելով Սարգիս Կասյանին, որպես ՀՀ ոստիկանության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձի, տվել էր նրան 3.285.120 ՀՀ դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար եւ 5.500.000 ՀՀ դրամ, 8.785.120 ՀՀ դրամ: Սարգիս Կասյանը «քցել» էր եւ այդ գումարը:

Ս.Կասյանը ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ավագ օպերլիազոր Լաերտ Խաչատրյանի վստահությունը չարաշահելու եւ հափշտակելու նպատակով, թաքցնելով բազմաթիվ անձանց ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար պարտք ունենալու փաստը, մեկ ամսվա ընթացքում վերադարձնելու պատրվակով, խնդրել է իրեն տալ 16.000 ԱՄՆ դոլար: Վստահելով Ս. Կասյանի խոստումներին, Լաերտ Խաչատրյանը նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.450.080 ՀՀ դրամին համարժեք 16.000 ԱՄՆ դոլար:

Իր մեկ այլ ծանոթ Արայիկ Փիլիպոսյանից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, Արայիկ Փիլիպոսյանից վերցրել է նաեւ 6.965.750 ՀՀ դրամին համարժեք 17.000 ԱՄՆ դոլար, սակայն դարձյալ որեւէ ապրանք չի ներմուծել, որեւէ գործունեություն չի իրականացրել, այլ գումարը հափշտակել եւ օգտագործել է անձնական կարիքների համար:

Սարգիս Կասյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա ցուցմունք էր տվել, որ 2010թ. ֆինանսական պրոբլեմներ է ունեցել: Իր հարեւան Գագիկ Հայրապետյանից պարտքով գումար է վերցրել: Պարտքը կազմում է 77.000 դոլար, ինչից ինքը չի հրաժարվում: Նա նաեւ հայտնել է, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը ճիշտ չէ, իսկ Վ. Ջիվանյանի հետ կաթի փոշու եւ ձկնկիթի ներմուծման խոսակցություն չի եղել:

Վկա Գոռ Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն, 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնը: Երբ 2011թ. դեկտեմբերին ՀՀ ոստիկանության ԱՄՎ Աշտարակի բաժնի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել մայոր Սարգիս Կասյանը, ըստ վկայի, վերջինս ներկայացրել է, թե իբր իրեն է պատկանում «Լունապարկը»: Ս. Կասյանը պարտքով 50.000 ԱՄՆ դոլար է խնդրել՝ «Լունապարկ» զբոսայգու համար նոր ատրակցիոն գնելու նպատակով: Վկան ասաց, թե Սարգիսն անձամբ ցույց է տվել «Լունապարկ» զբոսայգին, այդ իսկ պատճառով իր մոտ կասկած չի առաջացել:
Նրան պարտքով տվել է 48.000 ԱՄՆ դոլար: Վերջինս խոստացել էր պարտքը վերադարձնել մեկ ամսվա ընթացքում: Մեկ ամիսը լրանալուց հետո, Սարգիսը պատճառաբանել է, թե չի կարողանում վերադարձնել պարտքն ու ասել է, որ ատրակցիոնը դեռեւս Հայաստան չի հասել: Միաժամանակ Սարգիսն առաջարկել է, իրեն սեփականությամբ պատկանող «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան ձեւակերպել իր անվամբ, ինչին համաձայնել ու կատարել են ձեւակերպումները:
Վկա, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը ցուցմունք էր տվել, թե Սարգիս Կասյանը իրենից պարտքով 5000 դոլար գումար է վերցրել, որից վերադարձրել է 1000 դոլարը: Ինքն այդ ժամանակ չգիտեր, որ Սարգիսը պարտքեր ունի, հետո է իմացել: Ինքը որեւէ բողոք չունի:
Վկա, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Կորյուն Հարթենյանի ցուցմունքով էլ՝ 2011թ. վերջերին Սարգիս Կասյանի խնդրանքով նրան է տվել 28.000 ԱՄՆ դոլար: Որոշ ժամանակ անց նա վերադարձրել է 6000 դոլարը: Իրենք գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ, այդ պատճառով ինքը նրան վստահել եւ տվել է գումարը: Գումարը տալուց ոչ մի ստացական չի վերցրել:

ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արամայիս Խաչատրյանը ցուցմունք էր տվել, թե ՀՀ ոստիկանության համակարգից թոշակի անցնելուց հետո իր զբաղեցրած պաշտոնում նշանակվել է Սարգսիս Կասյանը: Նրա խնդրանքով տվել է 22.000 ԱՄՆ դոլար գումար: Չի հիշում՝ երբ, Սարգիսն իրեն վերադարձրել է 5.500 ԱՄՆ դոլար: Ներկայումս Սարգիսն իրեն պարտք է 16.500 ԱՄՆ դոլար:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գեւորգյանն էլ ցուցմունք էր տվել, որ վաճառել է իր բնակարանը եւ իր մոտ որոշակի գումար է եղել: Իմանալով այդ մասին՝ Ս.Կասյանն իր անձնական կարիքների համար իրենից պարտքով 20.000 դոլար գումար է խնդրել: Իմանալով, որ Սարգիսն ապահոված ընտանիքից է, առանց որեւէ կասկածանքի, իրենց աշխատավայրում պարտքով նրան տվել է այդ գումարը: Մեկ շաբաթ անց, նա վերադարձրել է 13.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 7.000 ԱՄՆ դոլարը վերադարձրել է մի քանի ամսվա ընթացքում: Ս. Կասյանի նկատմամբ պարտքուպահանջ չուներ:

Սարգիս Կասյանը դատապարտվել էր ազատազրկման տասը տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան 51.766.070 ՀՀ դրամ գումար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031