Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան հիվանդ բողոքաբերին դատարանից հազիվ դուրս բերեցին

Մայիս 17,2014 14:25

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ երեկ նշանակվել էր 2-րդ կարգի հաշմանդամ Ռաֆայել Նալբանդյանի բողոքի քննությունը:

Բողոքի քննությունից մեկ ժամ շուտ դատարան էր ներկայացել ավտովթարի հետեւանքով իր երկու զավակներին կորցրած Ռաֆայել Նալբանդյանը, ինչն անգամ նկատել էին դատավորները:

Ռաֆայել Նալբանդյանը բողոք էր բերել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 4-ի վճռի դեմ:
Դատարանը ստացել էր հակառակ կողմի փաստաբանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու մասին, ինչը դատարանը բավարարեց:
Սակայն մինչ քննության կառնվեր հայցվոր կողմի ներկայացուցչի դիմումը, Ռաֆայել Նալբանդյանը տեղ էր զբաղեցրել սեղանի մոտ, հանել զոհված երեխաների նկարները, եւ սինխրոն ներկայացնում էր իր բողոքը:

Բողոքաբերը, որը հոգեկան հիվանդությամբ է տառապում, մի քանի անգամ զգուշացվեց դատարանի կողմից, սակայն նա չէր լսում:

Ռաֆայել Նալբանդյանն ասաց, որ 2007թ. հայցվոր, մորաքրոջ որդու՝ հանգուցյալ Ժորա Գասպարյանի հետ կնքել է «Փոխառության պայմանագիր»: Այդ պայմանագիրը կնքվել էր «օդի մեջ», «օդի գումար էր» գրվել, իսկ կնքվել էր նրա համար, որպեսզի որդեկորույս հոր զավակներին վթարի ենթարկած վարորդից գումար պահանջելու հիմք հանդիսանար, նրա կողմից այդ ժամանակ կատարված բժշկական ծախսերը հիմնավորված լինեին: Փոխառության պայմանագրի դիմաց Գասպարյանը մինչ իր մահը այդպես էլ որեւէ գումար չի տվել, եւ Նալբանդյանը որեւէ գումար չի ստացել: Նշված պայմանագրի ձեւական բնույթի մասին տեղեկացված է եղել հայցվոր Գասպարյանի կինը՝ տիկին Սեդան, որին բողոքաբերը պահանջում էր «միլիցիայով էլ լինի, դատարանով էլ լինի»՝ կանչել վկա:
Ինչպես «Առավոտն» իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել է, անցյալ տարի հայցվոր Գասպարյանները՝ որդին, կինը, դիմել են դատարան՝ Ռ.Նալբանդյանից պահանջելով 9 միլիոն դրամ գումար, որն իբր «Փոխառության պայմանագրի» համաձայն՝ տվել էին Նալբանդյանին:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցվորների պահանջը:

Ռ.Նալբանդյանը բարձրանալով դատական նիստերի դահլիճի դատավորների հարթակի վրա, փորձ արեց ցույց տալ փոխառության պայմանագիրը, սակայն դատական կարգադրիչի եւ իր հետ եկած քեռորդու օգնությամբ իջեցվեց, իսկ դատարանն արգելեց որեւէ փաստաթուղթ այդ պահին ցույց տալ, քանի որ նիստն ըստ էության հետաձգվել էր:
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Նալբանդյանը խնդրել է, որ դատարան կանչվի հայցվորի կինը՝ որպես վկա, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը: «Իմ միջնորդության բավարարման արդյունքում դատարանը հարցաքննելով հանգուցյալ Գասպարյանի կնոջը՝ կարող էր անվերապահորեն ստանալ ստույգ տեղեկատվություն այն մասին, թե երբ է մեր միջեւ կնքվել փոխառության պայմանագիրը, ինչ նպատակով, ինչ պայմաններում, ինչը դատարանը չի արել եւ այդպիսով ազդել է գործի ելքի վրա»,- վերաքննիչ բողոքում գրել է Ռ.Նալբանդյանը:
Վերջինի բոլոր միջնորդություններն է մերժել դատարանը, նա չի ունեցել իր ներկայացուցիչը, չի ստացել պատշաճ իրավական օգնություն:

Վերոհիշյալ «Փոխառության պայմանագիրը» կողմերի միջեւ կնքվել էր 2007թ.-ին: Սակայն հայցվոր կողմը 9 միլիոն ստանալու պահանջ երբեւէ չի ունեցել: Դատարանը հայցային վաղեմություն չի կիրառել, որի ընդհանուր ժամկետը, ինչպես հայտնի է՝ 3 տարի է: Իր բողոքում Ռ.Նալբանդյանը գրել էր նաեւ, որ տվյալ հայցը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 3 տարի ուշացումով: «Հայցվորներից մեկը, ում հետ կնքվել էր կեղծ պայմանագիրը, մահացել է 2012թ.-ին: Կենդանության օրոք ոչ հայցվորը, ոչ նրա հարազատները գումարի վերադարձման պահանջ չեն ներկայացրել: Ինչը փաստում է այն մասին, որ հանգուցյալ Գասպարյանը՝ հայրը, նման մտադրություն չի ունեցել, պահանջ ներկայացնել մի գործարքի համար, որն ի սկզբանե կեղծ է եղել»,- գրել էր Ռ. Նալբանդյանը: Բողոքաբեր կողմը վերաքննիչ դատարանից ակնկալում է, որ կբեկանվի առաջին ատյանի վճիռը, եւ հայցը կմերժվի ամբողջությամբ:

Ռ.Նալբանդյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր զավակների վթարի գործով քաղհայցի մերժումից հետո Գասպարյանն իր աչքի առաջ ոչնչացրել է փոխառության պայմանագիրը, որպես ապացույց այն բանի, որ այլեւս գումար չի պահանջվի, հետագայում որեւէ խնդիր չի ծագի, հակառակ դեպքում՝ հայցվորների ներկայացուցիչն այդ պայմանագիրը, ոչ թե դրա օրինակը կներկայացներ դատարան:
Դատական նիստը հետաձգվելուն պես՝ Ռ.Նալբանդյանը աճապարեց գրասենյակ, որպեսզի իմանա, թե երբ է նշանակվել իր դատական նիստը:

Ու տեսանելի հոգեկան խնդիրներ ունեցողից էլ պահանջում են գումար:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031