Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսին ամուսնանում են ու երջանիկ լինում

Մայիս 17,2014 14:11

Ըստ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի, եկեղեցու կանոնով պսակն արգելված է Պահքի շրջանում, Հարության եւ Տաղավար տոներին:

Ոմանք խուսափում են ամուսնանալ մայիսին, քանի որ կա մտայնություն, թե այդ ամսին ամուսնացածները դժբախտ են լինում: Նույնիսկ «մայիս-վայիս» արտահայտությունն է շրջանառվում, սակայն, բարեբախտաբար, շատ զույգեր ամուսնանում են հենց մայիսին ու երջանիկ էլ ապրում:

yesay1

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս մտայնությունը ռուսներից է անցել հայերին եւ ընդամենը սնոտիապաշտության դրսեւորում է: Հետաքրքրվեցինք, թե հոգեւորականն այս ամսին քանի զույգ է պսակել, տեր Եսային պատասխանեց. «Արդեն երեք…»:
Մեր զրուցակիցը նշեց, որ մոտեցումը, թե մայիս ամսին պսակ չեն անում, դեմ է քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին: Նրա խոսքով. «Հայերը մայիս ամսին պսակ չեն արել բոլորովին ուրիշ պատճառով. սովորաբար Զատկից հետո քառասուն օր Հարության տոներ են՝ Հինանց տոներ: Այս շրջանում մարդիկ ուղղակի ձեռնպահ են մնացել Հարության օրերին, որպես Աստծուն նվիրված օրեր, պսակ անել, Քրիստոսի հարությունն արդեն ուրախություն է: Մայիսին պսակ չանելու մյուս հանգամանքն այն էր, որ այդ շրջանում մարդկանց ամբարները դատարկ էին, սննդի եւ ուտելիքի խնդիր կար, ու պատճառը բնավ դժբախտ լինելու կանխատրամադրվածությունը չէր»:

Տեր Եսայու խոսքով, կան կոնկրետ օրեր, երբ եկեղեցու կանոնի համաձայն՝ արգելվում է պսակը, դրանք տերունական՝ Քրիստոսին, Աստծուն նվիրված օրերն են, Հարության տոնը, Տաղավար տոներ, չնայած սրբերի տոներին կարելի է պսակ անել: Պսակն արգելված է նաեւ Պահքի օրերին:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը ընդունել որպես Ընտանիքի միջազգային օր: Անդրադառնալով Ընտանիքի միջազգային օրվան էլ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվը նշեց. «Այսօր ավելի շատ պետք է ապավինենք մեր ազգային եւ հոգեւոր արժեքներին, դա ամենակարեւոր պայմաններից մեկն է մեր ընտանիքները բարոյապես եւ հոգեւոր առումներով առողջացնելու, մանավանդ վերջին շրջանում մեր հասարակության մեջ օտարածին արժեքներ են թափանցել, որոնք իրենց որոշակի դերն ունեցան մեր ընտանիքների հիմքերը խափանելու առումով: Ցավոք, այսօր անընդհատ շեշտը դնում են այն բանի վրա, թե ավանդական ընտանիքը վատն է, իսկ ժամանակակից ընտանիքը՝ առաջադեմ եւ ազատ: Գենդեր ասվածը եւս խեղաթյուրումներ մտցրեց մեր իրականության մեջ: Ավանդական ընտանիք ասելով չպետք է հասկանալ այն հարաբերությունները, թե իբր տան մեծը, տղամարդը բռունցքը խփում է սեղանին եւ որոշումներ կայացնում: Դա չէ նահապետական ընտանիքը: Այսօր նոր սերնդին միտումնավոր այդպես է մատուցվում, ու քարոզվում, իբր թե ժամանակակից ընտանիքները ձերբազատվել են այդ ամենից: Մեր նահապետական ընտանիքներում միշտ էլ տիրել է հարգանքը, սերը, հոգածությունը»,- համոզված է տեր Եսային:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031