Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Եվս մի քանի տարի եւ ուժեղ երկրները կխուսափեն ռինգում մեզ հետ հանդիպել»

Մայիս 17,2014 14:06

Վաղը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում կայանալու է ընկերական հանդիպում Հայաստանի եւ Վրաստանի բռնցքամարտիկների միջեւ:
«Առավոտը» հայկական բռնցքամարտի այսօրվա շուրջ զրուցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ:

– Պարոն Գեւորգյան: Արդեն յոթ ամիս է՝ գլխավորում եք ֆեդերացիան: Ի՞նչ կասեք:

– Կարելի է ասել, որ աշխատանքներն սկսեցինք գրեթե զրոյից: Հայաստանի առաջնություններն անցկացրինք, որոնց արդյունքներով հավաքագրեցինք տարիքային խմբերի հավաքականների թեկնածուներին: Եղած մարզիկներից փորձում ենք ընտրել լավագույններին: Միայն հանրապետության առաջնությունները բավարար չեն՝ որոշելու, թե ով է գլխավոր տեղն զբաղեցնելու հավաքականում: Միջազգային մրցաշարերում փորձարկում ենք բոլորին՝ 1-ին, 2-րդ, իսկ եթե ունենք՝ նաեւ 3-րդ համարներին: Ինձ համար բոլորը հավասար են:

– Իսկ մարզական առումով ցուցանիշներից գո՞հ եք:

– Արդյունքները նկատելի են, բայց ես չեմ ուզում դրանցով շատ ոգեւորվել: Հիմնական աշխատանքը առջեւում է: Մենք հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ ունեցանք աղջիկների աշխարհի չեմպիոն, ճիշտ է՝ առայժմ երիտասարդների: 51 կգ քաշային Անուշ Գեւորգյանը Սոֆիայում նվաճեց նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Կարելի է ասել, որ Անուշն արդեն կայացած բռնցքամարտիկ է եւ հաստատուն քայլերով գնում է մեծահասակների տարիք: Փայլուն հանդես եկավ նաեւ բրոնզե մեդալ նվաճած 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նա կիսաեզրափակչում պարտվեց տեղացի բռնցքամարտիկին, բայց չենք կարող մրցավարությունից դժգոհել: Բուլղարացին, ի դեպ, ճանաչվեց նաեւ լավագույն բռնցքամարտիկ, ինչին համաձայն եմ: Նրա տեխնիկական բազան շատ բարձր էր, իսկ Նարեկի առավելությունը ֆիզիկական պատրաստվածությունն էր, դիմացկունությունը, հարվածային մասսան, ինչից օգտվել չկարողացավ: Նրա մեջ շտկելու շատ բան կա: Նարեկը, որ նույնպես Չինաստան է մեկնելու, շատ հնարավոր է, նույն մրցակցին հանդիպի պատանեկան օլիմպիական խաղերի ռինգում եւ հաղթելու հնարավորություն ստանա: Շեշտեմ նաեւ, որ մեր մյուս մարզիկներն էլ ընդհանուր առմամբ վատ հանդես չեկան՝ տանելով մեկ-երկու հաղթանակ: Իսկ պարտվեցին որոշակիորեն հավասար պայքարում: Աշխարհի առաջնությունից շատ չանցած մեր երկու թիմերը Պոդգորիցայում եւ Բելգրադում մասնակցեցին միջազգային երկու մրցաշարի ու գրեթե բոլորն էլ մեդալ նվաճեցին: Եվ պատահական չէ, որ AIBA-ի պաշտոնական կայքէջը հստակ շեշտել է հայկական բռնցքամարտի վերածննդի մասին: Իսկ AIBA-ն այդ հարցում շատ զուսպ է: Դա ցույց է տալիս, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որ իրականացված փոփոխությունները, աշխատանքի նոր մոդելը, որ ես որդեգրել եմ, ճիշտ է: Բայց դա նոր է հայկական բռնցքամարտի համար, աշխարհը վաղուց աշխատում է աշխարհում եւ արդյունք տալիս: Միայն աշխարհի առաջնությունում մեր երիտասարդներն ունեցան այնքան մեդալ, որքան այդ տարիքային խմբում եղել է ամբողջ անցած տարում: Ավելորդ չի՝ նշել, որ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ մենք տարածաշրջանում ճանաչվեցինք առաջինը այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում մշտապես զիջել ենք մեր հարեւաններին՝ Վրաստանին, Ադրբեջանին… Իսկ այս անգամ նրանց շատ հետ թողեցինք: Այսինքն, մեր մարզիկները պարտվողի հոգեբանությունից անցնում են հաղթողի հոգեբանության: Ես համոզված եմ, որ այս դինամիկայով շարունակվելու եւ աշխատելու դեպքում կանցնի եւս երկու տարի եւ ռինգում մեզ հետ հանդիպել կխուսափեն բռնցքամարտի աշխարհի հզոր երկրները՝ Ռուսաստանը, Կուբան, Ղազախստանը… Ի միջի այլոց, ղազախներն արդեն մերոնց նկատել են, արտահայտվել: Նրանք մեզ հատուկ հրավիրել, համատեղ հավաքներ կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել: Իսկ նրանք հրավիրում են միայն, ասենք, Կուբայի նման ուժեղ երկրներին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031