Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելքի կանայք ամենեւին էլ ճնշված չեն

Մայիս 17,2014 14:00

Նրանք զբաղվում են քաղաքականությամբ, ձիասպորտով,
անգամ ծառայում են բանակում

Ժամանակին Իմամ Հոմեյնին ասել է, որ տղամարդիկ բարձունքների են հասնում կանանց շնորհիվ: Այնպես որ՝ թյուր է ձեւավորված այն կարծիքը, թե Արեւելքում կանայք ապրում են զրկանքների եւ արգելքների մեջ, որոնք սկսվում են հագուստի մեջ սահմանափակումով եւ ավարտվում են ամուսինների կողմից կտտանքների կիրառմամբ:

Շարիաթի կանոնները, օրինակ, Իրանում պարտավորեցնում են կանանց փակել իրենց գլուխը հասարակական վայրերում, մինչդեռ կան երկրներ, որտեղ օրենքը չի պարտադրում, սակայն որոշ կանայք հետեւում են ավանդույթին: Հասարակական վայրերում կարող են բաց լինել կնոջ դեմքը, ձեռքերը եւ կրունկները: Մարմնի մնացած հատվածները թաքցվում են հիջաբի տակ: Հարկ է նշել, որ Ղուրանում ասված չէ, որ կինը պարտադիր պետք է գլխաշոր կրի, այնտեղ ասվում է, որ դա ցանկալի է: Սակայն ոչ մի արգելք չի կարող ճնշել կնոջ գեղեցիկ լինելու ցանկությունը: Հենց դրանով է բացատրվում հիջաբի տակից հագած ջինսերը, կարճ շրջազգեստները, նորաոճ հագուստները եւ այլն: Մի քանի տարի է, ինչ Իրանում օրենքով թույլատրվում է օգտագործել դիմահարդարման պարագաներ: Այսօր իրանուհիներին կարելի է տեսնել դիմահարդարված: Հարկ է նշել, որ մահմեդական այլ երկրներում, օրինակ` Սիրիայում, Եգիպտոսում, դիմահարդարումը արգելված չի եղել: Արտամուսնական կապերը Իրանում արգելված են, եւ նման դեպքերում սահմանված է մահապատիժ: Չնայած նրան, որ բազմակնությունը օրենքով թույլատրված է, այն կարելի է իրականացնել միայն կնոջ թույլտվությամբ, հակառակ դեպքում՝ հարցը փակված է: Իրականում շատ իրանցիներ շահագրգռված չեն մի քանի կին ունենալու, քանի որ օրենքը պարտադրում է տղամարդուն հավասարապես ֆինանսով ապահովել բոլոր կանանց: Հաշվի առնելով, որ ամուսնու ողջ ունեցվածքը հավասարապես բաժանվում է բոլոր օրինական կանանց մեջ, ապա հազիվ թե մի կին տա իր համաձայնությունը, որ ամուսինը երկրորդ կին ունենա: Այսպիսով, Իրանում բազմակնությունը օրինական է, իսկ իրականում շատ քիչ են հանդիպում նման դեպքերը:

Արեւելքի մի շարք երկրներում կանայք ունեն ընտրության իրավունք, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: ԻԻՀ պառլամենտում կան պատգամավոր կանայք, կան ոստիկան կանայք, նույնիսկ կանանցից կազմված զինվորական գնդեր կան: Իրանում կանանց ակտիվ գործունեությունը միգուցե պայմանավորված է այն բանով, որ Իրանը մինչեւ 1979թ. եղել է աշխարհիկ երկիր: Այդ տարիներին Թեհրանն անվանում էին Արեւելքի Փարիզ, որտեղ կանայք հագնում էին եվրոպական նորաձեւ հագուստներ, փողոց էին դուրս գալիս առանց գլխաշորի եւ հիջաբի: Մի խոսքով` ապրում էին եվրոպական բարքերով: Ներկայացնենք արեւելյան աշխարհի անցյալի եւ ներկայի մի քանի նշանավոր կանանց: Իհարկե, Արեւելքի ամենահայտնի եւ տաղանդավոր կին քաղաքական գործիչը բոլորին հայտնի Ինդիրա Գանդին է: Նա Հնդկաստանի վարչապետն է եղել 1966-1977թթ. եւ 1980-1984 թթ.:
Արեւելքում քաղաքականության մեջ հայտնի է եղել նաեւ Բենազիր Բհուտոնը, որը Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետն էր 1988-1900թթ. եւ 1993-1996թթ.:

Թանսու Չիլերները Թուրքիայի պատմության մեջ առաջին կինն էր, որը նշանակվել էր վարչապետի պաշտոնին՝ որպես փոխարինող:

Շեյխա Հայա Բինտ Հուսսեին Ալ Մակտում՝ Հորդանանի արքայադուստր, ավարտել է Օքսֆորդը, հետո ամուսնացել է Դուբայի կառավարչի հետ: Նա կառավարչի երկրորդ կինն է, նրանք ունեն երկու զավակ: Շեյխա Հայան ակտիվ զբաղվում է հասարակական գործունեությամբ: Իսկ նրա հոբին է ձիասպորտը:

Սաուդյան Արաբիայի թագուհի Փատմա Կուլսում Զոհար՝ Սաուդյան Արաբիան ամենափակ երկիրն է, ուստի նրա կյանքի մանրամասներից ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ նա թագուհի է հռչակվել 2012 թվականի հունվարին:

Մեր օրերի ամենահայտնի կինը Արեւելքում Մոզա Բինտ Նասեր Ալ Միսնեդն է: Նա Քաթարի էմիրի երկրորդ կինն է, նրանք ունեն յոթ երեխա: Նա Արեւելքի միակ կինն է, ով, բացի բարեգործությունից, ակտիվ մասնակցում է երկրի պառլամենտի գործերին: Ըստ հեղինակավոր «Ֆորբս» հանդեսի` նա աշխարհի 100 ամենահեղինակավոր կանանցից է: Նա ոչ միայն խելացի եւ ուժեղ կին է, այլ նաեւ գեղեցկուհի եւ էլեգանտ է, իզուր չէ, որ նրան համեմատում են աշխարհահռչակ Գրեյս Քեյլիի հետ:

Ռանյա Ալ Աբդուլլան Հորդանանի թագուհին է: Ավարտել է Ամերիկյան համալսարանը Կահիրեում: Աշխատել է բանկում, հետո ամուսնացել է Հորդանանի այն ժամանակվա թագաժառանգի հետ, զույգը ունի չորս երեխա: Նա իր երկրում շատ հեղինակավոր է, քանի որ զբաղվում է իր երկրում կրթական հարցերով:

Լալա Սալմա՝ Մարոկկոյի արքայադուստր: Մարոկկոյի թագավորի առաջին կինն է, մասնագիտությամբ ինժեներ է: Զույգը երկու երեխա ունի: Նա պայքարում է Աֆրիկայում քաղցկեղից մահացությունների թիվը կրճատելու համար:

Ասմա Ալ Ակհրաս-Ալ Ասադի՝ Սիրիայի առաջին տիկինն է, ծնվել է Լոնդոնում, համակարգչային գիտությունների, ծրագրավորման եւ ֆրանսիական գրականության կրթություն ստացել է Մեծ Բրիտանիայի Քինգս քոլեջում: Ունի երեք երեխա եւ զբաղվում է Սիրիայում ուսման եւ կրթական բարելավմամբ, կանանց իրավունքների պաշտպանմամբ, ինչպես նաեւ՝ բարեգործությամբ:

Այսպիսով, երեւում է, որ եւ՛ օրենսդրությունը, եւ՛ Ղուրանը կոչ են անում հարգել, սիրել եւ պատշաճ վերաբերվել կնոջը:

Սիրիայում կառավարությունը բաղկացած է ոչ կրոնամոլ եւ ծայրահեղական ալեւիներից, որոնք սիրիացի մահմեդական կնոջը շնորհում են հավասար իրավունքներ ուսման, աշխատանքի եւ քաղաքական ասպարեզներում ակտիվորեն գործելու եւ իրենց ներդրումն ունենալու: Այժմ Սիրիայի խորհրդարանում կին պատգամավորներ եւ կառավարությունում կին նախարարներ կան: Հարկ է հիշել, որ բնապահպանության կին նախարարը հայազգի Նազիրա Սարգիսն է: Սիրիան, որպես մուսուլմանական երկիր, նման է Իրանին իր ամուսնության եւ ամուսնալուծության օրենքներով, սակայն տարբերվում է Իրանից եւ այլ մահմեդական երկրներից՝ կնոջ ազատությունը պահպանելու առումով: Լավագույն օրինակը կարող է լինել սիրիացի կնոջ հանդերձանքից հիջաբի դուրս բերումը, քվեարկությանը մասնակցելը, մեքենա վարելը, միայնակ ճանապարհորդելը եւ իր կյանքի հետ կապված որոշումներն ինքնուրույն կայացնելու իրավունքը: Տրանսպորտում եւ հասարակական վայրերում, բուհերում կանանց եւ տղամարդկանց բաժանում չկա:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031