Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ սեպը հայ-ռուսական հարաբերություններում

Մայիս 17,2014 14:57

«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի եզրափակչի արդյունքները, հետո՝ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, Շառլ Ազնավուրի համերգը, ապաեւ՝ Գյումրու տեխնոպարկի շուրջ անհասկանալի աղմուկը կարծես մոռացության տվեցին նախորդ շաբաթվա մի իրադարձություն, որը, սակայն, պետք չէ դեռ երկար աչքաթող անել:

Խոսքս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի մի՝ բառիս բուն իմաստով ցինիկ ու սադրիչ հայտարարության մասին էր, որ նա արել էր Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը» (տե՛ս «Ազատություն» ռադիոկայանի կայքում՝): Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մայիսի 9-ին Վոլինկինը հայտարարել է, թե իր խոսքերը երբեք հետ չի վերցնի:

Վոլինկինը սովետ վերադարձող կամ արդեն վերադարձած պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ է: Իսկ Պուտինի եւ նրա շրջապատի աչքին ամենուր լրտեսներ են երեւում: Սրանց թվում է, որ եթե դու քննադատում ես Պուտինին, Ռուսաստանի վարած քաղաքականությունը, ասենք, Ուկրաինայում, ուրեմն արտասահմանյան գործակալ ես, սրանք կարոտում են «նարոդ ի պարտիա եդինիյ» սովետական սուտ կարգախոսը, սրանք բանտեր են գցում ցանկացած այլախոհի… Դա է պուտինյան Ռուսաստանը՝ «ծյունինգ» արած ԽՍՀՄ-ը: «Ծյունինգն» էլ մի քանի կուսակցությունների հանդուրժումն է: Ուրիշ ոչինչ…

Բայց թքա՛ծ՝ իրենք՝ իրենց երկիրը, ուզում են՝ թող այլախոհներին ցցի վրա նստեցնեն կամ վերականգնեն ստալինյան ճամբարները: Բայց սրանք որոշել են նաեւ ուրիշներին քարշ տալ իրենց ճանապարհով:

Եվ այսուհանդերձ՝ իր ցինիկ ու սադրիչ հայտարարությունների համար Վոլինկինը մեղավոր չէ. նա իր բռնապետական կայսրության շահերից է ելնում: Մեղավորը հայաստանյան այսօրվա իշխանությունն է, որ հանդուրժում է Վոլինկինի նմաններին եւ նրան չի հայտարարում «անցանկալի անձ»: Բայց այդ ամենից առաջ մեղավոր է, որովհետեւ ինքն է ցանկացել, որ Վոլինկինը իրեն Հայաստանում զգա իբրեւ կայսրության փոխարքա եւ ազատորեն հաթաթա տա:

Մի՞թե Վոլինկինն է մեղավոր, որ Հայաստանի խորհրդարանի յոթանասունչգիտեմքանի պատգամավորները, միայն ու միայն Սերժ Սարգսայնի իշխանությունը երկարաձգելու նպատակով երկիրը ստրկական կախման մեջ գցեցին ռուսական «Գազպրոմից»: Եվ եթե այդ յոթանասունչգիտեմքանի պատգամավորները ստրուկի պես թաթիկները վեր տնկեցին, Վոլինկինը ինչո՞ւ պիտի հարգի Հայաստանն ու մեր օրենքները: Եվ ոչ միայն Վոլինկինը: Նման ու առավել սադրիչ հայտարարություններ կարող է անել անգամ Վոլինկինի օգնականի վարորդը կամ «Գազպրոմի» պահակի սիրուհին…

Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց ռուսների առջեւ Հայաստանի լրիվ ու անվերապահ կապիտուլյացիայի մասին, իշխանական ձոներգուները սկսեցին դա բացատրել երկրի անվտանգության նկատառումներով: Չեմ սիրում օդից մեջբերումներ անել, բայց ստորեւ բերվող խոսքի հեղինակին ու աղբյուրը չգտա (պարզապես տպավորվել է, եթե որեւէ մեկը հուշի հեղինակին՝ շնորհակալ կլինեմ). «Նա, ով անվտանգությունը գերադասում է անկախությունից, ի վերջո կորցնում է ե՛ւ անկախությունը, ե՛ւ անվտանգությունը»: Եթե անցյալ դարի 90-ական թվականներին էլ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը մտածեին այսօրվա իշխանությունների նման եւ անվտանգությունը գերադասեին անկախությունից, այսօր մենք ոչ անկախ Հայաստան-պետություն կունենայինք, ոչ էլ ազատագրված ու անկախ Արցախ: Չէ՞ որ էն ժամանակ էլ կային նվնվաններ, որ ասում էին. «Անկախություն եք ուզում, բա անվտանգության մասին մտածե՞լ եք…»:

Վոլինկինը իր մի հայտարարությամբ ընդամենը հաստատեց վերոբերյալ խոսքերի ճշմարտացիությունը: Նրա հայտարարությունը նշանակում էր. «առը հա՝ ձեզ անկախություն, իբրեւ ձեր անվտանգության «երաշխավորի» ներկայացուցիչ՝ ոնց կասեմ, նենց կանեք…»:

Պատմությունը ցույց է տվել, որ անվտանգությունը Ռուսաստանին վստահելը նույնն է, ինչ էն հայտնի անեկդոտում. թագավորը երկար ճամփորդությունից առաջ թագուհուն ողջախոհության գոտի է կապում, իսկ բանալին տալիս է, իր կարծիքով, հավատարիմ ընկերոջը՝ ասելով, թե միայն նրան կարող է վստահել: Դեռ քաղաքից դուրս եկած չեն լինում՝ ընկերը շնչահատ հասնում է շարասյան հետեւից ու թագավորին ասում. «Տե՛ր արքա, դուք սխալ բանալի եք տվել»: Տարբերությունն այն է, որ Սերժ Սարգսյանը, նրան շրջապատածներն ու նրա կամքը կատարող յոթանասունչգիտեմքանի պատգամավորները հենց է՛ն բանալին են տվել ռուսի ձեռքը… Նա էլ ազատորեն օգտագործում է այդ բանալին:
Ինչպես տեսաք՝ պուտինյան Ռուսաստանի եւ Վոլինկինի չափանիշներով՝ ահա ես էլ, «առանձին շրջանակների նման» (սա էլ դեսպանի տխմար ձեւակերպումն է) իմ սեպը խրեցի հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեւ համարձակվեցի այդ հարաբերությունները գովերգող իրենց ու իրենց հայ դամքաշների կարծիքից տարբերվող բան ասել:

Բայց եթե լավ մտածեք, կհասկանաք, որ սեպ խրողն իրենք են, մենք իրական բարեկամական հարաբերություններից (ոչ իրենց պատկերացրածից) սեպ հանողներն ենք:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Որեմն Իվան Վոլինկինը վատ դեսպան է… նա արտահայտել է ի՛ր կարծիքը…նա սեպ է խրել հայ-ռուսական հարաբերություններում… դիտավորյա՞լ, թե նախապես հաշվարկ է արել…

  2. Hovik says:

    ՉԵՐՉԻԼԻ ԿԱՄ ՌՈՒԶՎԵԼՏԻ ԽՈՍՔԵՐՆ ԵՆ , ԻՐՈՔ ՓԱՅԼՈՒՆ Է ԱՍՎԱԾ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031