Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացությո՞ւն, թե՞բարգավաճում» թեմայով Մոսկվա-Երևան-Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջ։
Հայաստանից տեսակամուրջին մասնակցում էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Տեսակամուրջի մասնակիցները ընդհանուր գծերով ներկայացրին այն միջոցառումները, որոնք նախատեսվում են մայիսի 17-18-ը: Պարզվում է՝ երեք երկրներում էլ լրջորեն են պատրաստվում «Թանգարանային գիշերվան» և Թանգարանների միջազգային օրվան:
«Հայաստանում արդեն տասներորդ անգամ է անցկացվում «Թանգարանային գիշերը»,- ասաց Արև Սամուելյանը:- Եթե 2005 թ. ընդամենը ինը թանգարաններ էին մասնակցում, ապա այս տարի դրանք հարյուրն են: Կարևոր եմ համարում ընդգծել, որ դրանք ոչ միայն մայրաքաղաքի ու մարզերի թանգարաններն են, այլև Արցախի»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը չցանկացավ առանձին անդրադառնալ բոլոր այն միջոցառումներին, որոնք նախատեսվում են մեր թանգարաններում մայիսի 17-18-ը: «Միայն ուզում եմ ասել, որ սա մշակութային այն տոներից է, որին, հավանաբար, բոլորն են սպասում: Կարծում եմ, որ այն մշակույթի հանրայնացման լավագույն ձևերից մեկն է»,- ասաց Ա. Սամուելյանը:
Մ. Գլինկայի երաժշտական թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովին ուրախացնում է թանգարանների աշխուժությունը և միջոցառումների բազմազանությունը. «Տարիներ առաջ, երբ մենք այցելում էինք թանգարան, մեզ թվում էր՝ գործարան ենք գնացել: Իսկ այսօր թանգարանները շատ հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառումներ են կազմակերպում, որոնց մասին մենք այն ժամանակ չէինք էլ կարող երազել,- ասաց թանգարանի տնօրենը,- հիմա մեծ հնարավորություններ կան, որոնցից պետք է օգտվել: Ժամանակակից թանգարանը դուրս է եկել ավանդականի շրջանակներից, այսինքն՝ թանգարանն այսօր միայն ինչ-որ իրերի պահոց, արխիվ չէ: Նրա այդ գործառույթն արդեն թույլ է, որովհետև հասարակությունն այսօր ավելին է պահանջում, և թանգարանը, տարբեր մեթոդներ ու ձևեր կիրառելով, միջոցառումներ կազմակերպելով փորձում է ցուցադրել իր հնարավորությունները: Այցելուն այստեղ ուզում է տեսնել այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չի կարող տեսնել»:
Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը համաձայնեց Մոսկվայի մասնակցի դիտարկումներին և իր հերթին հավելեց, որ «Թանգարանային գիշերն» ու Թանգարանների միջազգային օրը, հավանաբար, մեծ դեր են ունեցել այն հարցում, որ հիմա արդեն ինչ-որ չափով մրցակցություն է գնում թանգարանների միջև, թե որ թանգարանն ինչ նախաձեռնությամբ, ինչ միջոցառումներով հանդես կգա, և որն ավելի շատ այցելու կունենա:
«Մեր բոլոր թանգարանները շատ ակտիվ կերպով են մասնակցում միջոցառմանը,- հավելեց Ա. Գրիգորյանը:- Տարեցտարի մեծանում է միջոցառմանը մասնակցող թանգարանների թիվը, և շատ խորհրդանշական է, որ այս տարի, երբ լրանում է միջոցառմանը մեր մասնակցության տասնամյակը, հարյուր թանգարաններ են մասնակցում»:
Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն էլ անհրաժեշտ համարեց խոսել մասնավորապես Փարաջանովի թանգարանի մասին. «Ես չեմ ուզում ինչ-որ ընդհանուր բաներ ասել թանգարանների ու նրանց գործունեության մասին: Դրանք բոլորս էլ գիտենք: Ես ուզում եմ խոսել հենց Փարաջանովի թանգարանի մասին, որը նման չէ մյուս թանգարաններին, որովհետև Փարաջանովն ինքն էլ որևէ մեկին նման չէր: Նրա արվեստը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Թանգարանն իր գոյության 23 տարվա ընթացքում 65 ցուցադրություն է ունեցել աշխարհի 30 երկրներում: Նրա արվեստը տարբեր երկրների է միավորում՝ Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանին, որտեղ սովորելիս նա չէր կարող չառնչվել ռուսական մշակույթին»,- ասաց պարոն Սարգսյանը:
Տեսակամուրջի վերջում մասնակիցները կարևորեցին ինչպես մայիսի 17-18-ն անցկացվող միջոցառումները, այնպես էլ իրենց՝ թեկուզ մուլտիմեդիոն տարբերակով շփումը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ