«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում, մայիսի 17-ին, ժամը 21:00-ին, Երևանի պատմության թանգարանում առաջին անգամ կանցկացվի «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» խորագրով միջոցառումը: Թանգարանը, համագործակցելով նորագույն տեխնոլոգիաների առաջատար հայկական «Լոկատոր» ընկերության հետ, կներկայացնի ժամանակակից Երևանի շենքերի ու կառույցների եռաչափ (3D) տարբերակը: Այսուհետ թանգարանի այցելուները կկարողանան վիրտուալ շրջայց կատարել դեպի քաղաքի տեսարժան վայրերը, ուսումնասիրել շենքերը, քաղաքի հատակագիծը՝ առցանց տարբերակով հենց թանգարանից: Այն առավել օգտակար կլինի զբոսաշրջիկների համար, ովքեր պլանավորում են իրենց այցելությունը քաղաքում: Բացի վիրտուալ զբոսանքի հնարավորությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանին նոր շունչ կհաղորդի նաև «Լոկատոր» ընկերության կողմից պատրաստված Երևանի բյուրեղյա մակետը:
«Լոկատոր» ընկերությունն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Թանգարանային գիշեր» ակցիային: Նախորդ տարի ընկերությունը, Երվանդ Քոչարի թանգարանի հետ միասին, վիրտուալ ճամփորդություն էին պատրաստել այցելուների համար դեպի քոչարյան մոնումենտալ քանդակներ: Առաջին անգամ այցելուները հնարավորություն ունեցան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել էր «Լոկատոր» ընկերության կողմից:
‹‹Լոկատոր›› ընկերություն