Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերևից» հրահանգ է իջեցվել, որ ակտիվիստների դեմ գործերում ՀՀ ոստիկանությունը պարտվի՞

Մայիս 16,2014 18:33
Artak Zeynalyan

ՀՀ քաղաքացիական ակտիվիստների դեմ տասնյակ հայցեր են գտնվում ՀՀ դատարաններում: Դրանք Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպվող ակցիաների` տրանսպորտի ուղեվարձի թանկացման, ընդդեմ կարմիր գծանշումների ակցիայի մասնակիցների, Կոմիտաս 5-ի և այլ խնդրահարույց որոշումների դեմ ակցիաների մասնակից քաղաքացիական ակտիվիստների դեմ դատական հայցերն են:

Վերջին շրջանում մեկ այլ միտում է նկատվում. ՀՀ ոստիկանությունն այս գործերով ներկայացված հակընդդեմ հայցերով պարտվում է: Օրինակ՝ բավարարվեց քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի հայցն՝ ընդդեմ ոստիկանության:

Որոշ դեպքերում սա վերագրվում է դատարանների «փիառը» կազմակերպելուն, այլ դեպքերում որակվում որպես` «վերևից իջեցված» քաղաքական հրահանգ:

Քաղաքացիական ակտիվիստների գործերի մեծամասնությունում որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ հանդես եկող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այս առիթով այսօր քաղաքացիական ակտիվիստ Սևակ Մամյանի գործով դատական նիստից հետո ասաց հետևյալը. «Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, ոստիկանության հայցը եղել է անհիմն, իսկ դատարանները տվյալ դեպքում կայացրել են արդար դատական ակտ»:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ «չնայած նշում են, որ դատական համակարգում կան փոփոխություններ, սակայն դրանց տեմպն իրենց չի բավականացնում»: Այնուհետև շարունակեց. «Դատական ակտերից բոլորից չէ, որ ամբողջությամբ գոհ ենք»:

Անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ՀՀ ոստիկանության իրականացրած գործողություններին՝ պարոն Զեյնալյանը նշեց. «Նպատակն է եղել խաղաղ հավաքների իրականացման ազատությունը կասեցնելը, կոտրել հավաքի մասնակիցների կամքը: Ունենք բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիական ակտիվիստներ, որոնք ոստիկանություն բերման են ենթարկվել ավելի քան 20 անգամ: Վահագնի դեմ ներկայացված է 13 հայց և այդ 13-14 հայցով ցանկանում են, որ նա հիսուն հազարական դրամներով ենթարկվի պատասխանատվության: Ոչ բոլոր դեպքերում է, որ նրա դեմ հայց է ներկայացված: Սա խոսում է այն մասին, որ երեքական ժամով նրան ոստիկանություն տանել պահելը հետապնդում է այլ նպատակ, քան նրան ներկայացրել են, որ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Սա ոստիկանությունն օգտագործում է, որպես փոխարինիչ վարչական կալանքներին: Սա վկայում է այն մասին, որ ոստիկանությունը շարունակում է ծառայել ոչ թե ժողովրդին, իրականացնել ժողովրդի իշխանությունը ժողովրդի անունից, այլ որոշակի խմբավորման շահերը սպասարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031